«Սասնա Ծռեր»-ի գործով քաղաքական հրահա՞նգ է իջեցվել. դատավորները՝ պատժի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, ենթարկվելով ԱԱԾ կոչին, ինքնակամ լքեցին Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը, այնուամենայնիվ իշխանությունները նրանց նկատմամբ պատժի մեղմացման որեւէ քայլի չգնացին: Ավելին` չի բացառվում, որ խմբի անդամները ենթարկվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատժամիջոցին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» անունը կրող 31 հոգուց բաղկացած զինված խումբը ներխուժեց Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք:
Հարձակումը կատարվել էր «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով, որով «Ծռերը» կոտրել էին դարպասներն ու կից պարիսպը: Այնուհետեւ ինքնաձիգներով, բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել էին գնդի տարածք` պատանդ վերցնելով ու պահելով ոստիկանության աշխատակիցներին եւ բուժաշխատողներին: Տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում սպանվեցին երեք ոստիկան` գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Շուրջ երկու շաբաթ ՀՀ իրավապահ համակարգը համոզում էր խմբի անդամներին ինքնակամ հանձնվել: Անգամ գործին խառնվեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Եւ շուրջ երկու շաբաթ անց՝ հուլիսի 21-ին, ժամը 20:00-ին խմբի անդամները ինքնակամ հանձնվեցին: Ու այս իրողությունը հաշվի առնելով, ըստ էության, նրանց նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը` ՀՔԾ-ն, պետք է մեղմ պատիժ սահմաներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից հայտնի դարձավ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել՝ խմբի անդամների մեծամասնության նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը, այն է՝ ցմահ բանտարկություն:

Դատավորները՝ պատժի մասին

Արդյո՞ք «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ցմահ ազատազրկման մասով քաղաքական հրահանգ է տրվել: Այս հարցի պատասխանը փորձեցինք իմանալ գործը քննող դատավորներից:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյան:

-Պարո՛ն Մակյան, Ձեզ քաղաքական հրահանգ է իջեցվե՞լ «Սասնա ծռեր» խմբի անդամներին խիստ պատիժ սահմանել. այն է՝ ցմահ ազատազրկում:

-Դուք ոնց եք պատկերացնում` Ձեր ասածները մեկնաբանեմ, իհարկե, նման բան չի կարող լինել: Այլ մեկնաբանություններ չունեմ, քանի որ դատարանին որեւէ մեկը չի կարող ուղղորդել:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյան:

-Պարո՛ն Գաբրիելյան, ստացե՞լ եք արդեն քաղաքական հրահանգ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին:

-Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա, ամոթ է, տենց հարցի շուրջ ինձ հարց մի՛ ուղղեք: Լուրջ հարց կլինի, խոսենք, բայց սենց հարցերի շուրջ…

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյան:

-Պարո՛ն Օհանյան, Ձեզ քաղաքական հրահանգ տրվե՞լ է արդեն, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամներին ցմահ ազատազրկման դատապարտեք:

-Ինչ հրահանգ, ոչ մի հրահանգ: Ոչ մի այդպիսի բան չկա: Ինչե՞ր եք խոսում…

Դե, իհարկե, դժվար էր ակնկալել, որ որեւէ դատավոր կարող էր խոստովանել, թե ստացել է հրահանգ վճիռ կայացնելուց առաջ: Բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի դատական համակարգը գործում է քաղաքական պատվերի շրջանակում, եւ հիմնական որոշումները կայացվում են քաղաքական թելադրանքով: Դեպքերն ու ապացույցները բազմաթիվ են տարիներ շարունակ:

Քնար Մանուկյան




Լրահոս