ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա Կառավարության շենքի հարակից այգում. նամակը կհասնի նախագահական

Կառավարության 3-րդ շենքի հարակից այգում այսօր լարված վիճակ էր: «Երազ» բնակելի թաղամասի բնակիչները հավաքվել էին և բողոքի ակցիա էին կազմակերպել` միաժամանակ ստորագրահավաք իրականացնելով: Բողոքն ընդդեմ «Միկշին» ընկերության էր։ ArmLur.am-ին բնակիչներից մեկն ասաց, որ ընկերությունը սեփականացրել է իրենց շենքի տանիքը և շահագործում է սեփական նպատակներով։ Այնինչ շենքի տանիքը նույնպես պատկանում է բնակիչներին։

Տուժած բնակիչները կազմակերպել էին ստորագրահավաք` բաց նամակով նախագահին դիմելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ է եկել դեռևս 2014 թվականից, երբ կառավարությունը «Մատչելի բնակարան պետական աշխատողներին» ծրագրի շրջանակներում 755 մլն դրամ է հատկացրել 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավվելու նպատակով։ 16 բնակարաններ գնվել էին «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից։

Շինարարական աշխատանքները կատարել է «Միկշին» ընկերությունը, որը գործում է 2007 թ․-ից։ Ընկերությունը չափագրման աշխատանքներն իրականացնելիս  մի քանի քառակուսի մետր ավել տարածք էր հաշվել յուրաքանչյուր բնակարանի վրա, այդպիսով պետական աշխատողներից վերցրել էր ընդհանուր մոտ 500 հազար դոլար։ Այժմ էլ առաջացել է նոր խնդիր. «Միկշին» ընկերությունը սեփականացրել է օրենքով բնակիչներին պատկանող տարածքը՝ տանիքը։

Բնակիչներից մեկի խոսքով` իրենք այս խնդրով դիմել են տարբեր կառույցների, անգամ քաղաքապետարանին, սակայն ոչ մի լուծում չի ստացվել։

Ի դեպ, պարզվում է նաև, որ ընկերությունը շինարարական աշխատանքը կատարել է անորակ նյութերով: Ընկերությունից, սակայն, հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:

Հասմիկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան