ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔՆԵՐ Է «ՍՂԱՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շարունակում է կարեւոր նախագծերն ԱԺ արտահերթ նիստերում «սղացնելու» գործելաոճը:

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին մեկնարկելու են վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական նիստերը: Սակայն հերթական նիստերից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության վերջին նիստում այս հարցը զեկուցելիս նշել էր, թե ԱԺ օրակարգն այնպիսին է, որ արտահերթ նիստը հնարավոր է անցկացնել նույն շաբաթվա մեջ: Միաժամանակ նա ընգծել էր, թե նախքան ամբողջությամբ խորհրդարանական կառավարման անցում կատարելը բավական աշխատանք կա անելու: «Այս փուլում որոշակի բեռնաթափումը մեզ կօգնի մարտին եւ ապրիլին»,- հավելել էր նախարարը:
Եվ սա այն դեպքում, երբ հունվարի 15-ին մեկնարկած հերթական նիստերը տեւել էին գրեթե օր ու կես, քանի որ օրակարգը սպառվել էր: Իսկ այժմ բավական չէ, որ հերթական նիստեր են լինելու, դրանից հետո էլ արտահերթ կգումարվի, այն էլ օրակարգում 10 հարց է ընդգրկված: Նախ` հիշեցնենք, թե ինչ պատկեր էր հունվարի 15-ին մեկնարկած նիստերի ժամանակ: Խորհրդարանն արդեն երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել: Եվ եթե չլինեին ԱԺ կանոնակարգով սահմանված հայտարարությունների ժամերն ու կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, ապա օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հնարավորություն կունենային հենց երկրորդ օրն իրենց աշխատանքը համարել ավարտված:
ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգն ԱԺ խորհուրդը փետրվարի 5-ին է հաստատելու: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ներկայացված նախագծերը՝ հասկանալու համար, թե ինչ օրենքներ կքննարկվեն հերթական եւ արտահերթ նիստերի ժամանակ:
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 17 նախագիծ: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 8-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Գաղտնիք չէ, որ սովորաբար առաջինից երկրորդ ընթերցում օրինագծերում ակնառու փոփոխություններ չեն լինում. շատ հաճախ դրանք սահմանափակվում են միայն կոսմետիկ շտկումներով, հետեւաբար երկար քննարկում անցկացնելու անհրաժեշտություն էլ չի լինում: Իսկ առաջին ընթերցմամբ քննարկվելու է 9 հարց, ընդ որում, նախագծերի մի մասը հավանաբար երկար կքննարկվի:
Ինչ վերաբերում է կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերին, զարմանալի զուգադիպությամբ այնտեղ կարեւոր օրինագծեր են ընդգրկված, որոնք, սակայն, նախապես չեն քննարկվելու ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում: Մինչդեռ նման դեպքերում ցանկալի էր, որ այդ նախագծերն «անցնեին» հանձնաժողովով:
Այդ նախագծերից է, օրինակ, «Անվտանգության խորհրդի կարգավորման եւ գործունեության մասին» օրինագիծը: Այն վերջին օրերին ամենաքննարկվողներից է, եւ պատահական չէ, որ կառավարությունը որոշել է սա եւս արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկել: Ինչպես հայտնի է՝ նոր ստեղծվելիք մարմինը փոխարինելու է ներկայիս ազգային անվտանգության խորհրդին: Եւ ի տարբերություն գործող ԱԱԽ-ի` նոր խորհրդի կազմում չեն լինելու էական պաշտոններ զբաղեցնողները՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, դատախազը:
Հաջորդ նախագիծը, որն այս օրերին կրկին բուռն քննարկման է ենթարկվել, «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» նախագիծն է: Այսպիսի նախաձեռնության մասին բարձրաձայնումից քիչ անց, ինչպես հայտնի է, ստեղծվել էր «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որը պայքարում էր այս որոշման եւ առաջին հերթին ի սկզբանե նախագծում տեղ գտած վերահաշվառման արգելքի վերացման շուրջ: Եվ չնայած ներմուծումն արգելելու որոշումն այդպես էլ չընդունվեց, սակայն վերահաշվառումն արգելող դրույթը հանվեց: Հիմա այս նախագիծը եւս պետք է քննարկվի արտահերթով, «արագի մեջ»:
Մինչ այդ, նկատենք, ԱԺ պատգամավորները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել կառավարության որդեգրած այդ քաղաքականության մասին, երբ կարեւոր նախագծերը ներկայացնում են հապճեպ՝ դրանք «սղցնելու» նպատակով: Բայց ստացվում է, որ այդ հորդորներն ու դժգոհությունները գործադիր մարմնի մոտ ոչինչ չեն փոխում, եւ նույն քաղաքականությունը նախկինի պես շարունակվում է: Եվ եթե պետք է օրինագծերի ընդունումը հասցնել մինչեւ ապրիլ, ապա կարելի էր ավելի խելամիտ կանոնակարգել ամեն ինչ, որպեսզի պատգամավորներն անիմաստ պարապ չմնան, իսկ նախագծերն էլ անհրաժեշտ քննարկում անցնեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՉԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽԱՆՈՒԹՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած անհատ ձեռներեցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ անհատ ձեռներեցների մի մասը հավաքվել էր սնանկության գործով կառավարչի աշխատասենյակի մոտ: Սակայն, ըստ խանութպանների, սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը այդպես էլ «չի բարեհաճել» հանդիպել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 1-ի համարում գրել էր, որ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` ընդդեմ մի քանի հարյուր անհատ ձեռներեցների: Բանն այն է, որ սնանկության գործով կառավարիչը պնդում է, որ տնտեսվարողները չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները եւ չեն վճարել իրենց` դեռ 2016թ. մատակարարված կաթնամթերքի դիմաց: Մինչդեռ խանութպանները պնդում են, որ մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ գումարը վճարել են, այն էլ պարտաճանաչ կերպով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սնանկության գործերով կառավարչի օգնականները բավարարվել են միայն` անհատ ձեռներեցներին խորհուրդ տալով դիմել իրավաբանական ընկերությունների: Փոխարենը անհատ ձեռներեցները պատրաստվում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիա անցկացնել կա՛մ նախագահականի մոտ, կա՛մ էլ կառավարության շենքի առաջ:
«Ոչ ոք չի կարողանում պարզաբանել: Խաչիկ Նազարյանը չներկայացավ, իսկ մյուսները ընդհանրապես չկարողացան մեր հարցերին պատասխանել: Ամեն կերպ ջանում էին իրենց վրայից հարցի պատասխանատվությունը գցել: Մեկի վրա 5 մլն դրամ պարտք են գրել, մյուսի վրա` 2 մլն դրամ, մեկը իբր 500 հազար դրամ է պարտք, էն մյուսը` 100 հազար դրամ… ինչպես ապացուցենք, որ պարտք չենք: Ստացած ապրանքի դիմաց մենք կանխիկ ենք վճարել: Անտերություն է: Ասում են` մեզ հետաքրքրիր չէ` դուք վճարել եք ստացած ապրանքի դիմաց, թե ոչ: Մեզ «Աշտարակ կաթ»-ից թուղթ են տվել, որ դուք պարտք եք»,- զայրացած նկատեց անհատ ձեռներեցներից Արման Բաբայանը: Ի դեպ, նշենք, որ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել նաեւ սնանկության գործերով կառավարչին՝ Խաչիկ Նազարյանին: Սակայն նա այդպես էլ չբարեհաճեց մեր հեռախոսազանգերին պատասխանել:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2016 թվականին, երբ «Աշտարակ կաթ»-ի սնանկանալու մասին հայտնի դարձավ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այդ ընթացքում հանդիպեց գործարար Արտակ Ասատրյանի (խոսքը «Անդրա Ռեմարա»-ի սեփականատիրոջ մասին է) եւ ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ` քննարկելու առողջացման ծրագիրը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա Կարայանի կողմից կազմակերպված շոու էր, քանի որ այս ընթացքում ընկերությունը ոչ միայն լիովին չառողջացավ, այլեւ հայտնվեց նոր սկանդալների մեջ: Իսկ այժմ որտե՞ղ է Կարայանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԹՇՆԱՄԱՑԵԼ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում արտակարգ վիճակ է: 189 աշակերտ ունեցող դպրոցը նախկինում Բերդի տարածաշրջանի լավագույն կրթօջախներից էր: Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:
Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն, եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Դրա համար նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն դպրոցի տնօրեն չի նշանակվել: Ն. Բուդուրյանն ասաց, որ իրենց անձնական գործերի պատճեններն ուղարկվել են կառավարություն: Նա հայտնեց, որ արդեն մեկ տարի դպրոցում դասապրոցեսը նորմալ չի անցկացվում, թշնամություն է ստեղծվել գյուղի ընտանիքների, անգամ աշակերտների միջեւ: Բուդուրյանն ասաց, որ դպրոցի տնօրենի հարցի հետ կապված իր 16-ամյա տղային տարել են քարհանք, վիճաբանել: Խնդրի կապակցությամբ օրերս Վ. Կարմիրաղբյուրի դպրոց է ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Բուդուրյանի խոսքերով` գյուղի մի խումբ ծնողներ այդ կապակցությամբ հարբած եկել են դպրոց, բղավել, իրենց անկարգ պահել: Ն. Բուդուրյանի խոսքերով` 19 տարվա բանասեր-մանկավարժ է, իր աշակերտները առարկայական օլիմպիադաներում հաղթողներ են դարձել, ինքը նախկին համայնքապետ Կամո Չոբանյանի հորդորով է դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար պահանջվող սերտիֆիկատ ստանալու դասընթացի մասնակցել: Ն. Բուդուրյանը դեմ չէ, որ դպրոցի տնօրեն մեկ ուրիշ, 3-րդ անձ նշանակվի, միայն թե դպրոցում եւ գյուղում կրքերը հանդարտվեն:
Նշենք նաեւ, որ սահմանամերձ գյուղի դպրոցի շենքը վթարային է: Թեեւ շենքը նախկինում 2 անգամ մասնակի նորոգման է ենթարկվել, սակայն դասասենյակների հատակը, պատուհանները փտած են: Հատկապես խստաշունչ ձմռանը որքան էլ փայտ են վառում, դասասենյակները չեն տաքացվում, հարկ է եվրոպատուհաններ տեղադրել: Վ. Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետ, այժմ գյուղի վարչական ղեկավար Կ. Չոբանյանը հավաստեց, որ դպրոցի շենքը շատ վատ վիճակում է: Դպրոցի տնօրենի պաշտոնի հետ կապված խնդրի մասին նա չցանկացավ խոսել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս