Իրարանցում, հրմշտոց, վեճ երկաթուղային կայարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ՝ եթե որեւէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։ Նման օրինակներ շատ ունենք՝ անվճար ուտելիքի համար տգեղ իրարանցումից մինչեւ գնացքով անվճար երթեւեկելու հնարավորություն։ Վերջին դեպքը Երեւան-Գյումրի նոր էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ակցիան էր, որը գովազդային նպատակներով իրականացրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» ռուսաստանյան տնօրինությունը։

Մարտի 4-ին՝ այդ ակցիայի ժամանակ, խայտառակ իրավիճակ էր ստեղծվել երկաթուղային կայարանում։ Իրարանցում, հրմշտոց, վեճ ու դժգոհություններ, որ անվճար տոմսերը չհասան բոլորին։ 124 տեղանոց գնացքով Գյումրի մեկնելու համար կայարան ժամանածների քանակն անցել էր հազարից։ Սկսել էին տոմսերը խարդախ ճանապարհով բաժանել՝ ծանոթներին եւ այլն։ Իրավիճակն այնպիսին էր, որ ՀԿԵ տնօրինությունը որոշել էր նախապես հայտարարված հաջորդ երկու անվճար ակցիաներից հրաժարվել։ Սակայն երեկ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, մարտի 11-ին անվճար են տեղափոխել մարդկանց, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ անձնագրերով են տրամադրել տոմսերը եւ մեկ անձին՝ ոչ ավելի, քան 5 տոմս։

Իսկ երեկ՝ մարտի 16-ին արդեն գնացքը մեկնել է սովորական՝ վճարովի հիմունքներով, եւ պարզվել է, որ Գյումրի մեկնողների թիվն ընդամենը 20-ն է, իսկ Գյումրիից Երեւան մեկնողներինը՝ ավելի քիչ՝ 8 մարդ։ Գնացքն աշխատելու է ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ: Մեկ տոմսի գինը 2,5 հազար դրամ է: Սովորական գնացքի տոմսն արժե 1000 դրամ, եւ այն 1 ժամ եւ ավելի ուշ է տեղ հասնում, քան էլեկտրագնացքը»։

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում