Լիճքի վանքը հենց խմելու ջրի վրա են բացել… այդ աղետը ես իմ աչքերով տեսա. Սամվել Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այս օրերին գործնական այցով գտնվում է Սյունիքի մարզում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Մեղրիում հանքերի շահագործման արդյունքում առաջ եկած խնդիրների, հուշարձանների նկատմամբ անհատական հոգածությունից զատ՝ մասսայական հոգածության պակասի, հանրության՝ նախնյաց հիշատակներին ծանոթ չլինելու եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Կարապետյանը նշել է, որ նկատում է թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ:

-Պարո՛ն Կարապետյան, գիտենք, որ գործնական այցով Սյունիքում եք: Կպատմե՞ք տեղում Ձեր կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին՝ կապված հուշարձանների եւ, առհասարակ, տեղի, միջավայրի հետ:

-Ես եղա Մեղրիում եւ Ձեզ մի պատկերի մասին կպատմեմ, մնացած հետեւությունները կարող եք արդեն Դուք անել: Մեղրիում մարդիկ բացում են ծորակն ու ասում. «Մեր հերն են անիծել, ջրից էլ չենք կարող օգտվել»: Մարդիկ քաղաքից դուրս են գալիս, կապրոնե տարաներով ջուր են կրում այն աղբյուրներից, որոնցից դեռ կարելի է խմել: Այնքան հանքեր են շահագործում այդ տարածքում, որ մի օր թունավորելու են ամբողջ բնակչությանը: Սա անհեռատես, անհագուրդ, անխոհեմ վերաբերմունքի արդյունք է, այդ աղետը ես իմ աչքերով տեսա այս օրերին: Ընդ որում, հին հանքերի կողքին անընդհատ բացվում են նորերը՝ առանց հաշվի առնելու, որ դրանք գտնվում են աղբյուրների ակունքների շրջանում: Ազգային պատկանելիություն չունեցող մարդկանց գործելակերպ է սա: Ագարակի պես վիթխարի տարածությունը անապատի է վերածվել, ուղղակի թունավորված է: Կամ, ասենք, Լիճք գյուղի վանքը հենց խմելու ջրի վրա են բացել, բացողները մտածում են միայն այսօր գրպանները լցնելու եւ վաղը թռչելու մասին: Բայց չէ՞ որ այս գործելաոճը առանց այդ էլ թվով փոքր հայաստանաբնակ հայերին դրդում է հեռանալ հայրենիքից: Սա թշնամական վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ հայրենի չնաշխարհիկ բնության նկատմամբ:

-Իսկ հուշարձանների մասով ի՞նչ կասեք:

-Միակ մխիթարությունս այն է, որ Մեղրու շրջանում հուշարձանների պատմական հիշատակների նկատմամբ անհատների կողմից առկա է հոգածություն: Նայում ես ու տեսնում ես մեկին, որը իր հարազատ վայրում ամեն հուշարձանի, ամեն քարի տեղը գիտի, պատրաստ է հոգին տալ ամեն բույսի համար, եւ մյուս կողմից տեսնում ես երախները բացած հրեշների: Բայց այս վերջինները երբեք չեն մտածի, օրինակ, իրենց շրջապատող անմշակ արտերի մասին: Իսկ խորհրդային տարիներին դրանք մշակված են եղել: Հեկտարներով անմշակ հողատարածությունները հարյուրավոր են: Փոխանակ հողը մշակեն, խափանված ջրանցքները վերականգնեն, բերք ու բարիք ստանան, միայն ավերելով են զբաղված:

-Դուք նշեցիք, որ հուշարձանների նկատմամբ անհատների կողմից հոգածություն կա: Իսկ ինչպե՞ս անենք, որ դա ավելի մասսայական բնույթ կրի:

-Դե որպեսզի այդ երեւույթը դառնա մասսայական, հարկավոր է, որ հասարակությունը ունենա համապատասխան գիտակցական, ճանաչողական մակարդակ: Մեր կրթության եւ գիտության նախարարությունն այդպես էլ այնպիսի առաջարկ չարեց, որ դպրոցներում նախնյաց հիշատակներին ծանոթացնող առարկա մտցվի: Մեր հասարակության անդամները հաղորդակից չեն իրենց մշակութային հսկա ժառանգությանը:

-Իսկ Սյունիքում կա՞ն հուշարձաններ, որոնք առանձնակի հոգածության կարիք ունեն:

-Այո, ես կառանձնացնեի Բեխի անապատը (այլ անվանումներ՝ Տանձափարախի կամ Արիստակես անապատ), գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արեւելք, բարձր լեռան արեւելյան լանջին, անտառի մեջ, ինչպես նաեւ Հալիձորի վանական համալիրը, գյուղական մի շարք վանքեր: Գիտեք, մի շարք հուշարձաններ էլ վերականգնվել են, սակայն կա՛մ աշխատանքը վատ է կատարվել, կա՛մ թերի, եւ դրանք կրկին առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս