ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ: Նրա խոսքով՝ ոստիկանն այսօր պաշտպանված չէ, եւ պետք է օրենքի փոփոխություն կատարել ոստիկանների լիազորությունների հարցը լուծելու վերաբերյալ:

 

-Պարո՛ն Խաչատրյան, Գավառի միջադեպի գործով հանրությունը մեղադրում է ՀՀ ոստիկանությանը,  քանի որ ոստիկանությունն, ըստ էության, տեղում չէր: Ամիսներ առաջ ունեցանք  անչափահասների մասնակցությամբ միջադեպ: Ոստիկանությունը ցուցանիշներ է արձանագրում, թե տիրապետում են օպերատիվ իրավիճակին, մինչդեռ ունենք Գավառի արյունալի դեպքը, անչափահասներ են վիճում, իրավապահ համակարգը ոչինչ չի անում, եւ  արդյունքում ունենում ենք ողբերգական ավարտ:  Իրավապահ համակարգից բացատրում են այսպես. ոստիկանն ինչպես գնա նախականխի կամ օպերատիվ իրավիճակին տիրապետի, երբ այսօր ոստիկանին մեքենան տրամադրում են, բայց բենզին չեն տրամադրում, այլ միջոցներ չեն տրամադրում, իսկ հետո արդյունք են պահանջում: Ի՞նչ կասեք այս անհանգստության մասով:

-Մենք կարող ենք ոստիկանությանը մեղադրել ցանկացած հանցագործության դեպքում.  ցանկացած գողություն՝ ասել, որ նախօրոք  ոստիկանները չէին տեսել, որ այդ մարդը խնդիր ունի, որ կարող է գողություն անել, սպանություն, ավազակային հարձակում, կարող են ցանկացած հանցագործության դեպքում մեղադրել ոստիկանությանը, որը, իհարկե, ճիշտ չէ: Եթե այդպես ենք անում, ապա պետք է հակառակը նայենք. ինչքան հանցագործություններ կան, որ պետք է եւ կարող էին կատարվել, սակայն չեն կատարվել: Միշտ ասում են, որ կանխարգելիչ գործողությունները ակնառու չեն, երեւացող չեն, եւ անշնորհակալ աշխատանք է: Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ կարող է լինել, եթե ոստիկանությունն իր առջեւ դրած խնդիրները լուծած չլիներ: Հետեւաբար մեղադրելն այդքան էլ տեղին չէ, բայց ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ,  այո, ոստիկանությունն այսօր ունի  լուրջ խնդիր՝ կապված կադրային ռեսուրսների, կապված նյութատեխնիկական ապահովման, կապված աշխատավարձերի հետ՝ սկսած տրանսպորտային միջոցներից, վերջացրած ոստիկանության ամենատարրական անհրաժեշտ գույքից: Այո,  այդ  խնդիրը կա: Ես ասել եմ, որ ոստիկանությունն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է իրականացնում իր առջեւ դրած խնդիրները: Հենց դա է ոստիկանությանը բերել այս ծանրաբեռնված ռեժիմին: Անհապաղ պետք է բարեփոխումներ իրականացվեն ոստիկանությունում, պարեկային ոստիկանություն ստեղծել եւ այլն: Եվ ոստիկանությունը պետք է լինի համարժեք իր ուժերի եւ միջոցների մասով, այսօրվա տիրող իրավիճակին: Այո, այսօր այս խնդիրը կա, բավականին շատ՝ սկսած լիազորություններից մինչեւ նյութատեխնիկական միջոցների  խնդիրներ կան, ինչը բավականին դժվարացնում է նրանց ծառայությունը:

-Ինչո՞ւ չկանխեցին Գավառի աղմկալի դեպքը. ոստիկանի խոսքով՝ իր ծառայության ընթացքում նա փորձում է կանխել հանցագործությունը, արդյունքում իրեն հասցնում են Հատուկ քննչական  ծառայություն, Ներքին անվտանգության ծառայություն, քննություն են իրականացնում, եւ նա հայտնվում է ճաղերի հետեւում: Եթե ոստիկանը պաշտպանված չէ, ինչպե՞ս պետք է պաշտպանի անձանց:

-Ոստիկանության այս խնդիրներն առաջացել են դեռեւս 10 տարի առաջ: Եվ վերջին 10 տարում մեր իրավապահ համակարգում արվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարները շղարշվել են ընդհանուր ոստիկաններին դատապարտելուն եւ ազատազրկելուն: Վերցրե՛ք  վերջին տասը տարվա ցուցանիշները. ոստիկաններ են դատապարտվել,  եւ այս շղարշով ապահովվել է ընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարը: Ոստիկանները երբեւէ պաշտպանված չեն եղել: Սա եկել է 10 տարիների ընթացքում: Եթե ոստիկանը թեթեւ հանցագործություն աներ, անգամ նվազ նշանակության, պատիժը պետք է լիներ ամենախիստը, որպեսզի ցուցանիշ ապահովվեր: Այսօր միանգամից փոխելը շատ դժվար է: Նաեւ ոստիկանի իրավական պաշտպանվածության խնդիր ունենք, որն առաջացել է տարիներից: Անընդհատ լիազորություններից զրկելով՝ բերել հասցրել ենք այս վիճակին, երբ արդեն ոստիկանին ասենք՝ դու պետք է հստակ օրենքով աշխատես, բայց այդ օրենքը չկա, եւ ամեն պահի նա կարող է դառնալ պաշտոնական լիազրությունների չարաշահող, իսկ հետո հայտնվել դատաքննչական մարմինների քննության դաշտում: Այդ խնիդրը կա, եւ այդ բարեփոխումների հետ մեկտեղ պետք է շատ արագ իրենց լիազորությունների մասով օրենքի փոփոխություններ իրականացվեն, որպեսզի ոստիկանը լինի պաշտպանված:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք մասնավորապես վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի եւ տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին: Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին վերը նշված առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ ու այդ քննարկումների արդյունքներով վերջնական տեսքի բերել նախագիծը:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները, 2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»:

 

70.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով հակաճգնաժամային ծրագրերով բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ»,-նշել է Ն. Փաշինյանը: Հակաճգնաժամային միջոցառումների մի մասն ուղղված է տնտեսական, մյուսը՝ սոցիալական հետեւանքների չեզոքացմանը:

 

ԲՆԱԿՉԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ

Մայիսի 9-ին Դիլիջան համայնքի մաս կազ կազմող Հաղարծին գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Աղստեւ գետն է ընկել Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասի 41-ամյա բնակիչ Ժիրայր Աղաջանյանը: Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ դեպքը տեղի է  ունեցել ճանապարհի ոլորանին, ուր հաճախ են ավտովթարներ տեղի ունենում, ավտոմեքենան հարվածել է ճանապարհի եզրի պատնեշին եւ հայտնվել  գետում: Ժ. Աղաջանյանը Իջեւանի կողմից  վերադառնում  էր  իր տուն՝ Դիլիջան: Գ. Թամրազյանը հայտնեց, որ նախկինում  Ժ. Աղաջանյանն աշխատել է որպես մսավաճառ, նա Հաղարծին գյուղին կից Թեղուտ գյուղի թոռ է:  Դեպքի  ժամանակ հորդ անձեւ էր տեղում, գետը վարարած էր:  Արդեն մի քանի օր Ժիրայր Աղաջանյանի հարազատները, փրկարարները, Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հաղարծին գյուղի բնակիչները որոնում են գետն ընկած  ավտոմեքենան եւ վարորդին, սակայն Աղստեւը վարարած է, ինչը խանգարում է որոնողական աշխատանքներին: Որոնողական աշխատանքներին ներգրավված է նաեւ տեխնիկա, սակայն դա եւս արդյունք չի  տալիս:

 

ԲԵՐԴԱՎԱՆՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի բնակիչներն անհանգիստ են: Անցած շաբաթ օրը՝ մայիսի 9-ին, սահմանամերձ այդ գյուղում  70-ն  անց կնոջ հուղարկավորություն է եղել, որին մասնակցել է Երեւանից ժամանած մի տղամարդ: Գյուղում  խոսակցություններ են տարածվել, որ այդ մարդը կորոնավիրուսով վարակված է, ինչը անհանգստություն է առաջացրել գյուղացիների շրջանում: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ այդ տղամարդու կինն է Երեւանում  վարակված կորնավիրուսով, իսկ տղամարդը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքներից պարզ կլինի՝ նա վարակակիր է, թե ոչ: Նշեմ, որ այդ հուղարկավորությունը բազմամարդ է եղել, դրան մասնակցել է շուրջ 200 մարդ, թաղման մասնակիցներից շատերը եղել են սգակիր ընտանիքում, ոմանք էլ գյուղի գերեզմանատանն են միացել  սգո թափորին: Տավուշի մարզում  մինչ այժմ բացահայտվել  է  կորոնավիրուսով վարակվածության 8 դեպք, որոնք հիմնականում կապված են Երեւանից  եւ արտերկրից ժամանածների հետ: Մարզում կորոնավիրուսին այնքան էլ  լուրջ չեն ընդունում՝ չկիրառելով  սոցիալական հեռավորություն պահպանելու, պաշտպանիչ դիմակներ կրելու կանոնները: Մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսից պաշտպանվելու կանոննները չկիրառելու պատճառով Իջեւան  եւ Նոյեմբերյան քաղաքների 2-ական մեծ խանութներ ժամանակավորապես փակվել են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս