ԱԺ ԲԱԿՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐԸ ՄԵԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես հայրենի խորհրդարանի բակում կայացավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ընդունելությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փռված ճոխ սեղանների շուրջ էին հավաքվել ՀՀ բոլոր գումարումներից մի քանի հարյուր պատգամավորներ, որոնց, եթե մի քանի բացառությունները հանենք, կարելի է խմբովի բնութագրել Սերժ Սարգսյանի խոսքերով ասած` հաճախորդներ:Նայելով խմբավորված հավաքվածներին, կարելի էր հասկանալ, թե քաղաքական դաշտում ով ում հետ ինչ հարաբերություններ ունի: Նախկին պատգամավորները հիմնականում նախկին խմբակցություններով էին կանգնած. կոմունիստները, անկախ «թարմությունից», իրար հետ էին, Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն` միասին եւ այլն: Հյուրերը հագած-կապած կանգնել ու սպասում էին Սերժ Սարգսյանին: Երբ նա իջավ խորհրդարանից, բոլորը տարբեր կողմերից հավաքվեցին բեմի մոտ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ կանգնած էր շարքային պատգամավորների կողքին, մինչեւ որ Սերժ Սարգսյանը «մարդ ուղարկեց» եւ նրան կանչեց «շեֆության» մոտ: Ելույթից, որով նախկին պատգամավորներին Սերժ Սարգսյանը գնահատեց իր խոսքերով ասած` «մեր չափանիշներով», մեդալների հանձնման արարողությունից ու ծափերից հետո Սերժ Սարգսյանը տիկնոջ, Հովիկ Աբրահամյանի, կաթողիկոսի, Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի նախագահի համար պատրաստված սեղանը (ՀՀ վարչապետը չկար): Այնուհետեւ արարողակարգային բաժնի աշխատակիցները պատգամավորներին հուշեցին, որ կարող են հերթով գնալ եւ շնորհավորել Սերժ Սարգսյանին: Ու… սկսվե՜ց: Ներկաները, իրար հերթ չտալով, մոտենում էին Ս.Սարգսյանին, Ա.Բաղդասարյանին, Հ.Աբրահամյանին ու կաթողիկոսին եւ «բաժակներ շխկացնում», շնորհավորում (նկարում):Իհարկե, առաջին տպավորությամբ հասկանալի էր, որ տոն էր, մարդիկ հավաքվել էին ուրախ առիթով, բայց ակնհայտ էր, որ ներկաների գերակշիռ մասը տոնական տրամադրություն չուներ: Մեկը գլխավոր դատախազի հետ իր անձնական խնդիրներն էր փորձում կարգավորել, մյուսն այլ պաշտոնյայի էր «բռնացրել»` դարձյալ անձնական խնդիրներով: Մի խոսքով տոն էր` առանց տոնական տրամադրության ու մթնոլորտի: Ի դեպ, ներկաների մեծ մասը հրավիրատոմսերը ստացել էր ԱԺ ընդունարանից: Այսինքն` այդպես էլ Հովիկ Աբրահամյանը հյուրերին արժանավայել չհրավիրեց ընդունելության: Բայց փոխարենը դուրս գալիս նվերներ տրվեցին` անկախության խորհրդանիշներով գլխարկ, վերնաշապիկ եւ շարֆ:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս