Երեկ քաղաքացի Մանուել Մանուկյանը, նրա հարազատ եղբայրն ու մի քանի քաղաքացիներ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների։ «Մենք ֆլեշմոբ ենք իրականացնելու ամբողջ քաղաքում, շրջելու ենք վարչական շրջաններով եւ բոլորին հրավիրելու ենք Կենտրոնական բանկի դիմաց։ Խոսքս ուղղում են իշխանություններին, ՀՀ վարչապետին, որ կարգի հրավիրի այս կառույցը։ Երեկ էլ ենք եկել, չեն բարեհաճել իջնեն ներքեւ, որովհետւ 3 հարց ենք տալու, չեն կարողանալու ոչ մի պատասխան տան»,-ասել է քաղաքացին։
Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին փոխանցել են, որ ԿԲ-ից հայտնել են, որ 1 հոգի կարող է ներս մտնել եւ հանդիպել ԿԲ-ի ներկայացուցչի հետ, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվել են՝ ասելով, որ ներկայացուցիչը թող իջնի։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 2 տարի առաջ համակարգային փոփոխություններ եղան, բայց նման կառույցները նման գործելաոճով խոչընդոտում են այդ գործընթացին։
Ավելի ուշ սկսվել է լարվածություն առաջանալ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների մեջեւ։ Արդյունքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։ Քաշքշուկի ընթացքում լսվել են քաղաքացիների ձայները, որ իրենց հարվածներ են հասցնում։ Ոստիկանները, ուժ գործադրելով, մեքենա են նստեցրել ու Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։
Ավելի ուշ մասնակիցները դուրս են եկել ոստիկանության կենտրոնի բաժնից։ «Շշտապօգնության մեքենայով պետք է գնանք հիվանդանոց, քանի որ վնասվածքներ ունենք՝ ձեռքի եւ գլխի։ Ոստիկանների կողմից ուժ է կիրառվել։ Հետագա գործողությունների մասին կհայտարարեմ, երբ հիվանդանոցից դուրս գամ։ Իմացեք, որ մենք միասին վաշխառու, թալանչի բանկային համակարգը բերելու ենք այն մակարդակին ենք հասցնելու, որ ծառայելու է հասարակ քաղաքացուն»,- ասել է նա։
Ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հողարդագրություն է տարածել. «ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները եւ նախազգուշացնում, որ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական եւ հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաեւ սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ ԿԲ-ի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը, անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում, ինչը նման սադրիչ եւ անհանդուրժողական վարքագծի դրսեւորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետեւանքներով:
Քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր մի քանիհամախոհներիկողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու եւ իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի եւ կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում եւ շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հայտնի են 2020 թվականի մարտի 31-ին եւ ապրիլի 14-ին երկրորդ փուլով ԱՀ համապետական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո ոստիկանությանը տրված հաղորդումների քննարկման արդյունքները: Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստացված եւ ստուգված 51 հաղորդումներից 9-ով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 11-ով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, 5 հաղորդումներ կցվել են նույնաբովանդակ այլ հաղորդումների, 2 հաղորդումներ ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտումը ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում թողնվել է անհետեւանք՝ չհաստատվելու հիմքով, 22 հաղորդման վերաբերյալ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են քրեական գործեր, որից 18-ը նախաքննության իրականացման համար դատախազության միջոցով ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, իսկ 4-ը՝ ԱՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննությունը հատուկ քննչական բաժնի կողմից ենթակայության կարգով իրականացնելու համար։
ԱԳՆ-Ի ԿՈՉԸ
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան: Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան եւ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի եւ գործողությունների ծրագրի:
Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը եւ Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական եւ ծրագրված բնույթ: Պարետատան եւ ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետեւանքների եւ խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության փոխանցմամբ՝ կայացել է Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան չվերթը, որով Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 21 քաղաքացի։ «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»,- տեղեկացրել են հյուպատոսությունից։ Նշենք, որ նույն երթուղիով չվերթը տեղի է ունենում շաբաթը մեկ անգամ։ Հաջորդը լինելու է մայիսի 18-ին է։
ՉՎԵՐԹՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Նախօրեին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղեւոր։ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիեւ է մեկնել 80 ուղեւոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիեւ» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ եւ ուղեւորների առողջական վիճակի հարցումներ: Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Սա Երեւանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:
SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որի ժամանակ Կիեւից տեղափոխել էր 62 ուղեւորի, իսկ Երեւանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
14-ՕՐՅԱ ԿԱՐԱՆՏԻՆՈՒՄ
Մայիսի 15-ից Իսպանիա ժամանող բոլոր անձինք, այդ թվում՝ Իսպանիայի քաղաքացիները, գտնվելու են 14-օրյա կարանտինում: