Մեր ծնողները մեզ փոքր տարիքից ասում են՝ խելոք մնա, թե չէ միլիցա կկանչեմ, կամ բժիշկը կծակի եւ այլն, այսինքն՝ փոքր տարիքից ինչ-որ վախեր են մեր մեջ սերմանում, որոնք մինչեւ կյանքի վերջ մեզ հետ են մնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։
«Երբ երեխան հարց է տալիս ծնողին, թե «կուկուն» որտեղից է լինում, ու երբ ծնողն ասում, թե արագիլն է բերել կամ մեկ այլ բան, երեխան գնում հարեւանից, բակից է հարցնում, եւ նրան ճիշտն են ասում, ու այսուհետ վստահելի կապը երեխայի եւ ծնողի միջեւ կտրվում է։ Ես չգիտեմ որեւէ մեկին, ով կասի, որ սեռական դաստիարակության մասին գիտելիքները տվել են ծնողներս, իրականում դա շատ մեծ խնդիրների է հանգեցնում, ու այն մարդկանցից, ումից մենք ինֆորմացիա ենք ստանում, կարող են օգտվել մեր վստահությունից, ու այն բոլոր այլասերությունները, որոնց մասին որ լսում ենք, կոտրել են բազմաթիվ կյանքեր ու տարբեր մարդկանց հոգեբանական ծանր հարվածներ են հասցրել, ու այս ամենի հետ բազմաթիվ մարդիկ ապրում են։ Ես կարող եմ հիմնավորել, որ նման մշակութային դաստիարակության պակասը բերում է անվտանգության խնդիրների։ Հայաստանում կանանց մոտավորապես 26 տոկոսը երեխա ունենալու խնդիր ունեն, ու մեծ մասն այս չբերությունների դեռ փոքր հասակից մեր մեջ նստած են»,-նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ բանակի 25 տոկոսը չի ծնվում, ոչ մեկին չի հուզում, եւ մեր պետության խնդիրը պետք է լինի, որ չծնված երեխաները ծնվեն, եւ մարդկային ռեսուրսի շնորհիվ պետությունը կհարստանա, կհզորանա:
«Վերջապես մեր փոքր քանակությունն է բերում նրան, որ մենք զրկվում ենք արդյունաբերության տարբեր ճյուղերից, որը դեմոգրաֆիկ մեծ խնդիր է, բայց երբ ուսումնասիրում ես դրա պատճառները, հասկանում ես, որ մի մասը գտնվում է մշակութային տիրույթում, մի մասը թողել գնացել են երկրից։ Արդյո՞ք կարելի՞ է հիվանդ ծնողին թողնել գնալ, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը գնացողներն ասում էին՝ մեր պետությունը կոռումպացված է եւ այլն, արդյոք նրանք ստացե՞լ են այն դաստիարակությունը, որ պետությունը լքելն ու ծնողին լքելը նույն բանն է. եթե անգամ հիվանդ է, պետք է բուժես, ինչպես ծնողիդ ես բուժում: Եթե մենք սկսենք այդպես դաստիարակել մեր երեխաներին, նրանք չեն թողնի գնան, եթե մենք մեր բառապաշարից հանենք «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը, նրանք չեն գնա այնտեղ, որտեղ կա հաց։ Սա բանակի անվտանգության, երկրի տնտեսական անվտանգության, երեխաների անվտանգության, անձեռնմխելիության հարցերի մասին խնդիր է, որն այս կոնվեցիան է բարձրաձայնում, մենք կունենանք այլ պետություն, ու հասարակություն։ Սրանք խնդիրներ են, որոնք կարելի է լուծել»,-ընդգծեց նա։
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ մենք այնպես չենք դաստիարակում մեր երեխաներին, որ ուրախանան ուրիշների հաջողությամբ ու հարստությամբ։ Մեր հասարակությունը պետք է տարբերի փողատիրոջը հարուստ մարդուց. «Ինչո՞ւ ենք հարստությունը մենակ փողի հետ կապում, ինչո՞ւ չեք ասում՝ ունեք 265 ընկեր եւ Դուք հարուստ եք, որ Դուք ծնվել եք, օրինակ, Բերդ քաղաքում, ինչո՞ւ է մեր հասարակությունն ամեն ինչ կապում փողի հետ… Ես այս բոլոր հարցերում տեսնում եմ կրթական եւ գիտական խնդիրներ, եւ այսօրվա մեր քաղաքակրթական մշակույթը համարում եմ հարամ»։
ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ Ի՞ՆՉ ԹՐԵՆԴՆԵՐ ԵՆ ՆՈՐԱՁԵՎ
«Ժողովուրդ» օրաթերթը դիմահարդարների ազգային հավաքականի մարզիչ եւ Make-Up Studio-ի հիմնադիր Հրանուշ Եղոյանի հետ զրուցել է այս տարվա դիմահարդարման միտումների, ժամանակակից թրենդների մասին։
«Հայ աղջիկները բավականին առաջադեմ են դիմահարդարման մեջ։ Ցանկացածի մեջ անճաշակ եւ ճաշակով բան կա, բայց ավելի շատ անճաշակն է գերիշխում, բայց, այնուամենայնիվ, մեր աղջիկներն ավելի տեղեկացված են այսօր»։
Հրանուշ Եղոյանի խոսքով՝ այսօրվա նորաձեւությունը թույլ է տալիս կիրառել այն դիմահարդարումը, որը մեզ դուր է գալիս, որը մեզ տրամադրություն է հաղորդում, իհարկե, կան մի քանի կարեւոր թրենդներ։
«Դրանցից առաջինը «թոթոլ նյուդ լուքն» է, որն այսօր շատ ակլտուալ է եւ հաղորդում է բնական դիմահարդարում։ Հիմնականում տեսնում ենք բնական դիմահարդարում, բայց շատ խնամված։ Հաջորդ թրենդը նյուդային դիմահարդարումն է, որի առաջին նախապայմանը թաց շուրթերն են։ Հաջորդ թրենդը «սառած այտերն են»: Ի՞նչ է դա նշանակում. երբ շատ երկար ժամանակ լինում ես ցուրտ վայրում, այտերը վարդակարմրավուն գույն են ստանում։ Այս թրենդն այսօր շատ նորաձեւ է, վարդագույն այտեր, որոնք որ ձգվում են այտոսկրի բարձիկից սկսած մինչեւ վերին կոպերը։ Շատ գեղեցիկ թրենդ է, որը կարելի է անել վարդագույն, ծիրանագույն, դեղձի միջուկի գույն, որը բավականին երիտասարդ տեսք է հաղորդում դեմքին»,-ընդգծեց նա։
Հաջորդ կարեւոր թրենդը, ըստ Հրանուշ Եղոյանի, «Մոնոխրոմն է». սա շականակագույնի ու սեպիայի գույներն են։ Այս դիմահարդարման գաղտնիքը նրանում է, որ ամբողջ դիմահարդարումը նույն երանգների մեջ է։ Այտոսկրերի գունաներկը, ստվերաներկը, հոնքերի հարդարանքը…
Մեր այն հարցին՝ այս օրերին, երբ համաճարակի պատճառով ստիպված կանայք պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, ճիշտ է արդյոք դիմակի տակից դիմահարդարվելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե դիմակի տակից դիմահարդարվելը ընդհանրապես խորհուրդ չի տրվում , քանի որ մաշկը կարող է վնասվել, բայց կարող են աչքերը դիմահարդարել սեւաներկով, որը շատ թրենդային է»։
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
«ՎԱԼԵՆՍԻԱ»-Ի ՀԵՏ
Իսպանական «Վալենսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է առաջիկա ամռանը կրկին պայմանագիր կնքել «Վալենսիա»-ի հետ: Վերջինիս ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Սելադեսի աշխատանքից եւ քննարկում է Էմերիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Ունաի Էմերին «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին եւ 3 անգամ կարողացել է Իսպանիայի առաջնությունում գրավել երրորդ տեղը: Իսպանացի մասնագետն առանց աշխատանքի է մնացել 2019թ. նոյեմբերից, երբ հեռացվեց Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ Է
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է իր առաջիկա մենամարտին: «Շատ ոգեւորված եմ առաջիկա տիտղոսային մենամարտից առաջ»,- ասել է Մաքգրեգորը: Նա հայտարարել է, որ առաջիկա մենամարտում իր մրցակիցը լինելու է թեթեւ քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեթժին նոկաուտով հաղթանակ տարավ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:
ԸՆՏՐԵԼ Է ՄԵՍԻԻՆ
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսիին եւ Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: «Ես հարգում եմ Ռոնալդուին, սակայն կընտրեմ Մեսիին. նա ինձ մի փոքր ավելի շատ է դուր գալիս: Մենք խաղացել ենք 2 ֆուտբոլիստների դեմ էլ, եւ նրանցից յուրաքանչյուրից գործնականում անհնար է պաշտպանվել: Ռոնալդուն իդեալական ֆուտբոլիստի կազմվածք ունի: Նա բարձրահասակ է, հրաշալի հարվածների է տիրապետում, իսկ այդ փոքրիկ Մեսին պարզապես անբացատրելի բաներ է անում խաղադաշտում»,- ասել է Կլոպը: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի եւ France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստն է:
ԹԵՍՏ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ
Շվեդիայի ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարները հրաժարվել են հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներին թեստավորելու գաղափարից: Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն միայն այն դեպքում, երբ ունենան վատ ինքնազգացողություն: Սպասվում է, որ Շվեդիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 14-ին: