ԲՈՂՈՔ՝ ԳՈՐԾԱՐԱՐ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արաբկիրի քննչական բաժնում գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհու գործողությունների մասով խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործ է քննվում: Վերջինիս դեմ հաղորդում է ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Սաթենիկ Ղազարյանը: Իսկ ի՞նչ է կատարվել:

 

Մեզ հետ զրույցում Սաթենիկ Ղազարյանը հայտնեց, որ 4 տարի առաջ ունեցել է բնակարան Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/10 հասցեում. «Բնակարանը գնեցի, վերանորոգեցի, որ հետագայում երեխայիս հետ բնակվեմ: Միայն ես ու երեխաս պետք է ապրեինք, սակայն գումարի հետ կապված խնդիր ունեցա ու որոշեցի 2017 թվականին բնակարանս վաճառել: Հանդիպեցի Աննա Հայրապետյանի հետ, որը հետագայում իմացա, որ գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհին է: Աննա Հարապետյանի հետ մոտ ծանոթներ չենք եղել, իրենք խանութ ունեին, ես գնումներ էի կատարում, այսպես ծանոթ էինք: Աննան ինձ ասաց, որ ցանկանում է բնակարան գնել, վարձով է մնում, նակինում խնդիրներ ունեին, հիմա ամեն ինչ կարգավորվել է, եւ ցանկանում են բնակարան գնել: Ինձ առաջարկեց, որ ցանկանում է գնել բնակարանս, բայց այդ պահին գումար չունեն, ուստի խնդրեց թույլ տամ գրավ դնեն իմ բնակարանը, բանկից վերցնեն 15 հազար դոլարը, իսկ մնացած մասը մաս – մաս վճարեն 1,5 տարվա ընթացքում: Մենք այդ պայմանավորվածությունը թղթի վրա հաստատեցինք բոլոր կողմերով, կոնկրետ փաստաթղթի վրա կա արձանագրված, նման պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Անգամ թղթի վրա արձանագրվեց՝ եթե 1,5 տարվա ընթացքում իրենք չկարողանան բնակարանի գումարը տալ, ապա վերադարձնում են բնակարանը»:

Ըստ մեր զրուցակցի՝ պայմանավորվածություն են ձեռք բերում, սակայն գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհի Աննա Հայրապետյանը եւ վերջինիս ամուսինը, որը Շանթի Յուրայի եղբոր՝ Սամվել Ղարիբյանի որդին է, իրեն խաբել են, ու մինչ օրս չի կարողանում ստանալ իր բնակարանի գումարը, երբեք չէր պատկերացնի, որ իրենց պես հայտնի մարդիկ կարող էին նման քայլի գնալ.

«Այլ ելք չունենալով՝ ես դիմեցի դատարան, դատարանը ուսումնասիրեց բոլոր փաստաթղթերը եւ գտավ, որ կատարվածում քրեական տարրեր կան, եւ պետք է քրեական գործ հարուցվի: Եվ, ահա, Էրեբունի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ, ես մոտ օրերս իմացա, որ գործը տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին, եւ մինչ օրս գործը դոփում է տեղում: Գիտեմ, որ Արաբկիրի քննիչ Արտյոմ Փիլոյանի մոտ է գտնվում քրեական գործը, որեւէ բան չեն անում»: Սաթենիկ Ղազարյանի խոսքով՝ Աննա Հայրապետյանը մի քանի փորձ արել է իր հետ կապի դուրս գալու, թե, իբր, պատրաստ է տալ, բայց վերջինս չի համաձայնել, քանի որ վստահ է, որ իրեն ցանկանում են խաբել.

«Ես ոչ մեկի չեմ ճանաչում, ես ցանկանում եմ դիմել գործարար Փայլակ Հայրապետյանին. պարո՛ն Հայրապետյան, Դուք ամեն ինչ անում եք Ձեր ունեզրկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում, խնդրում եմ մտածեք, որ Դուք էլ ունեք նման իրավիճակ, արդյոք Դուք չե՞ք գողանում: Իրավական համակարգը պետք է փոխվի, ես իմ երեխայի հետ եղել եմ հեղափոխության կողքին եւ մինչ օրս էլ հեղափոխության կողքին եմ: Էլի վարչապետի կողքին եմ, ես չգիտեմ՝ վարչապետի կողքինները ինչ են, բայց ես կանգնած եմ իր կողքին, սա միայն իմ խնդիրը չէ, իրավական համակարգ չկա»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ քննիչ Արտյոմ Փիլոյանի հետ, որը նշեց, որ իր վարույթում նման քրեական գործ քննվում է: Մեր այն հարցին՝ արդյոք վախենում են օբյեկտիվ քննություն իրականացնել, եթե ոչ, ինչու է քննությունը դոփում իր տեղում, քննիչ Փիլոյանը հայտնեց, որ կորոնավիրուսի իրավիճակով է պայմանավորված, որ քննությունը դանդաղում է, եւ իրենք որեւէ գործով կաշկանդված չեն:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատրաստ է նաեւ հրապարապել Փայլակ Հայրապետյանի խոսքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ՝ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Արեն Վարոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի  պայմանագրային զինծառայող, 2019թ. հոկտեմբերի 4-ից մինչեւ 2019թ. հոկտեմբերի 18-ը ընդգրկված լինելով մարտական հերթապահության՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում՝  2019թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, մարտական  դիրքի գետնատնակի մոտ ծխելու միջոցով ապօրինի օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի 1-ին մասով:

 

 

ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

ArmLur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանի խոսքով՝ երեկ գիշերը խաղաղ է անցել, հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել: «Բարեբախտաբար, բացի առանձնատների տանիքները վնասվելուց, որեւէ բնակիչ չի վնասվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել են բնակելի տներ: Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 24 ԱՆՁԻ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ: Մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որոնցից 21-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար: 24 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 16-ը բավարարվել են, 7-ը՝ մերժվել, 6 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ մեկի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

2019 թվականին Ազգային Ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Պատգամավորի մեքենայի վրա երկրորդ հարձակումն էր արձանագրվել: Երկրորդ անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ, կոտրել էին պատգամավորի մեքենայի ապակիները: Պատգամավորը դեպքերը մտահոգիչ էր համարել: Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ: Ազգային Ժողովի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են: Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված:

Ավելին, Պողոսյանը նշել էր, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն՝ այսպիսի. «Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում»: Սա շարքային խուլիգանություն չէ, սա Ազգային Ժողովի   պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է: Եվ, ահա, պատգամավորի մեքենայի գործով Armlur.am լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել. այս գործով ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Մուրադյանը, որը իրավապահներին խոստովանել էր, որ ինքն է կոտրել պատգամավորի ավտոմեքենայի ապակին եւ այնտեղից գողացել պատգամավորի պայուսակը:

Մեզ հայտնի դարձավ, որ Հարություն Մուրադյանը կալանքի տակ է, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պատգամավորի մեքենայի հարձակման գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան:

 

ՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է

Հայաստանի Հանրապետության ՊՆ զորամասի սպայի՝ Արա Մխիթարյանի առողջականի հարցում դրական տեղաշարժ կա: Մեզ հայտնի դարձավ, որ ժամանակ առ ժամանակ բժիշկները անջատում են արհեսատական շնչառական սարքը, եւ փոխգնդապետը կարողանում է շնչել ինքնուրույն: Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արա Մխիթարյանի հայրիկի՝ Սամվել Մխիթարյանի հետ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ Քննչական կոմիտեի՝ 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր էր ընկել: Այս գործով կալանքի տակ է գտնվում Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Հավելենք, որ 8 ամիս է, ինչ փոխգնդապետը հիվանդանոցում  է:

 




Լրահոս