ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց նախագիծ, որը նպատակ ունի օգնել ընտանիքներին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե այս ծրագրի նախնական քննարկումները տեղի են ունեցել խորհրդի նիստերին. սա ժողովրդագրական վիճակի բարելավցման ծրագրերից մեկն է: Առաջին՝ մենք աջակցում ենք երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքային վարկերի համար:

 

Նրանք մանրամասը ներկայացրեցին, թե ինչպես են պատրաստվում օգնել ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի կարիք:

Առաջարկվում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր: Մասնավորապես, «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երեւանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5),

«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոտեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է):

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին եւ միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է):

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին եւ այլն:

Գործում է նաեւ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանված դրույթների պահանջների։

Նպատակային ծրագրերն են՝

միանվագ դրամական աջակցություն՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),

կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն՝ երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),

երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն՝ հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված  «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության մայիսի 8-ի որոշմամբ՝ այս նախագիծը համարվել է անհետաձգելի եւ հանձնաժողովում քննարկվելուց հետո կընդգրկվի նաեւ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում:

 

Մասնավորապես, այս նախագծերով փոփոխություններ են կատարվելու ոստիկանության համակարգում, ներդրվելու է պարեկային ծառայություն:  Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը եւ Պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները եւ հասարակական կարգի պահպանությունը: Ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին:

Համաձայն ռազմավարության` նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից եւ ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երեւան քաղաքում, ապա Շիրակի եւ Լոռու մարզերում եւ ամբողջ հանրապետության տարածքում: Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը: Պարեկային ոստիկանության կադրերի ամբողջական համալրման հետ մեկտեղ տեղի կունենա նաեւ ամբողջ հանրապետության տարածքում ծառայության գործարկումը: Միեւնույն ժամանակ, մինչեւ պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները` համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների: Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» եւ Պարեկապահակային ծառայությունների գործունեությունը: Նախագծերով սահմանվում են, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մայիսի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն  այցելել են  Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղ, Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ քննարկել են  ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:  Ենոքավան գյուղի հարակից տարածքում օրեր առաջ տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են նկարահանել, կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին: Այս տեղեկությունը համացանցում, Տավուշի մարզի բնակիչների շրջանում մեծ քննարկում է  առաջացրել, տավուշցիները դժգոհում են, որ մարզպետը, մարզի սուր խնդիրները թողած, վայրի կենդանու պահպանության խնդրով է զբաղվում: Նունե Մամյանը հայտնում է, որ  Ենոքավան այցելածներին ընձառյուծը չի հետաքրքրում, Ենոքավան են գնացել, որպեսզի փոխնախարարներին այնտեղ հյուրասիրեն: Տավուշի նախկին փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը հարց է տվել, որ եթե ընձառյուծի զույգը չկա, ինչպես է լինելու, գոնե պարզել են, թե կենդանին ինչ սեռի է պատկանում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը հայտնել է, որ կովկասյան ընձառյուծը որձ առանձնյակ է, որն անպայման մի օր կգնա Իջեւանից էգ գտնելու համար:  Շահեն Ենգիբարյանն ասել է, թե պաշտոնյաներն արդեն ժողովրդի հարցերը լուծել, անցել են վայրի կենդանիներին: Հաղարծին գյուղից Ասպրամ Հայրապետյանը Տավուշի մարզպետի մասին նշել  է. «Կոյուղահոսքերը մարդկանց տներն ու այգիներն են լցվում, ամեն ինչ փչացնում, խոլերա է տարածվելու, իսկ ինքը շրջակա միջավայրի նախարարի տեղակալների հետ ընձառյուծի հարցերն է լուծում: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներին էլ նրա հետ միասին պիտի տանեն բաց կոյուղահոսքերի կողքը անդիմակ կանգնեցնեն ու պահանջեն ասել, թե շրջակա միջավայրի պահպանությունը մարդկանց առողջությունը վարակներից՝ խոլերայից պահպանելն է, քաղաքակիրթ ապրելու կացութաձեւն է, թե վայրի բնության կենդանիների թեմայով իրեն ու իր նմաններին ռեկլամելը»: Իջեւանից Արման Գուլակյանը հայտնել  է, որ մարզպետ Չոբանյանը պետք է  զբաղվի Աղստեւի վարարման  եւ նախկին  պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող   ՀԷԿ-ի  բարձր  դիրքում  կառուցված ամբարտակի պատճառով հեղեղված Խաշթառակ գյուղի «Հեքիաթ»  հանգստյան գոտու  հիմնախնդրով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս