6 ամիս անց․ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի գործունեության ժամկեը կերկարացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը կերկարացվի։ Մենք տեղեկացանք, որ առաջարկվելու է այն երկարացնել մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը։

Նշենք, որ այդ հանձնաժողովը ձևավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ, սակայն հետագայում հանձնաժողովի կազմում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մասնակցել աշխատանքներին՝ իշխող խմբակցությանը մեղադրելով միակողմանի որոշումներ կայացնելու և կոնկրետ Հասարակական կազմակերպությունների առավելություն տալու մեջ։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ գործունեության ժամկետը վեց ամիսն է լինելու և ահա այն ավարտվում է։

Հավելենք, որ նման նախաձեռնություն սկսելը պատգամավոր Սարգիս Խանդանյանինն էր և հենց նա էլ հանձնաժողովի նախագահն էր։ Նա նախորդ ամիս մեզ հետ զրույցում նշել էր, թե  հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, աշխատանքային խմբի հանդիպումներ չեն եղել։

Դրան զուգահեռ նկատենք, որ մայիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումները: Ըստ այդ լրացումների, քրեականացվում է բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու քարոզելը։

Այսպիսով, ինչ է ենթադրում օրենքը

Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ

սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված

— բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
— նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ
— քարոզելը,

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը ՄԵԿ ՏԱՐԻ ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից ԵՐԵՔ տարի ժամկետով կամ առանց դրա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս