Վեթինգ չիրականացնելու պատճառով Միսկարյանը պայքար է սկսում իշխանությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի Գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, եւ այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին, հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայությունը»: Այնուհետեւ Միսկարյանը հայտարարել է, թե ինքը 2018 թվականին դուրս է եկել փողոց համակարգային փոփոխությունների պահանջով և այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջը մնում է որպես ՀՀ քաղաքացի իր օրակարգում։

«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարեգին Միսկարյանս, սկսում եմ իմ պայքարը հեղափոխական ամբիոնից ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կա՛մ նա սկսում է իրական դատական համակարգի բարեփոխումների ծրագիր, կա՛մ ես օրենքի և իրավունքի սահմաններում ամեն ինչ անելու եմ՝ օր առաջ նրանից ազատվելու և իրական հեղափոխական օրակարգը կյանքի կոչելու համար»,-նշել է Միսկարյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արման Բոշյանy եւ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել էին ՔՈ ղեկավար Սուրեն Սահակյանի, որից մենք փորձել էինք պարզել, թե որն է եղել հանդիպման նպատակը: Սահակյանը հայտարարել էր, թե անձնական հանդիպում է եղել: ArmLur.am-ն այս հարցերը փորձել է պարզել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանից, նախ պարզելու համար, թե ինչու է Միսկարյանը նման հայտարարությամբ հանդես եկել ու արդյոք իրենց նախկին հանդիպումով չեն կարողացել «կանխել» նման իրավիճակը: Սակայն իմքայլական պատգամավորը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել Միսկարյանի հայտարարությունը եւ որեւէ կերպ չցանկացավ անդրադառնալ նրա դիրքորոշմանը: Իսկ նախկին հանդիպումը ՔՈ-ի հետ, Բոշյանը եւս «չկապեց» ստեղծված իրավիճակի հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս