Հայաստանում գործող երեք տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 580 տարեց։ Սակայն միան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Նորքի տուն-ինտերնատում է կորոնավիրուսի վարակվածության դեպքեր հայտնաբերվել։
Այս պահի դրությամբ Նորքի տուն-ինտերնատում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վարակի 45 դեպք է հաստատվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այս պահին վարակվածների առողջական վիճակում փոփոխություն առկա չէ:
Նշենք, որ 45 վարակվածներից ծայրահեղ ծանր է տարեցներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ի դեպ, վարակվածների կեսից ավելին՝ 28 հոգի, հաստատության աշխատակիցներն են:
Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած 14-ը հոսպիտալացվել են տարբեր բժշկական հաստատություններում։
Հավելենք, որ փետրվարի 27-ից հաստատությունը փակ է եղել, ելք ու մուտք չի եղել, և նույնիսկ տնօրինությունն ու աշխատակիցները գիշերել են այնտեղ։ Այսպիսի խիստ միջոցները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա է գտնվում տուն-ինտերնատը: Սակայն վարակն ամեն դեպքում ներթափանցել է հաստատություն և չեն բացառում, որ պատճառը եղել է անկողնային բաժնում գտնվող տարեցներից մեկի բուժումն այլ հիվանդանոցում:
ArmLur.am-ը մամուլի խոսնակից նաև հետաքրքրվել էր՝ կա արդյոք կորոնավիրուսի վարակվածության դեպք Հայաստանում գործող մանկատներում կամ այլ տուն-ինտերնատներում: Սակայն Սոնա Մարտիրոսյանը նշեց, թե նման դեպքեր չեն արձանագրվել:
Նաիրա Հովհաննիսյան