Ինչ է թելադրում ամառային նորաձևությունը. որ գույներն են այս ամռանն ակտուալ. մանրամասնում է Արայիկ Գաբաջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառ է , եւ արդեն ժամանակն է, որ զգեստապահարանները լցնենք ամառայի թեթեւ եւ գունեղ հագուստներով, չնայած որ այս համաճարակային պայմաններում այնքան էլ հեշտ չէ տանից դուրս գալ եւ ցուցադրել մեր հագուստները,  բայց «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ մեր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ` նորաձեւության վրա համավարակի ազդեցության եւ «գարուն-ամառ-2020» հավաքածուի վերջին միտումների մասին:

-Արայի՛կ, կորոնավիրուսի համվարակը որքանո՞վ է ազդել 2020 թվականի նորաձեւության վրա:

-Ինչպես բոլոր բնագավառներն, այնպես էլ նորաձեւության աշխարհը, մեծ ճգնաժամ է ապրում: Հետաձգվել են 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուների բոլոր ցուցադրությունները, սակայն նորաձեւության մասնագետները փորձում են ինչ-որ կերպ ներկայացնել այդ ամեն ինչը: Ըստ իս՝ օնլայն հարթակով ցուցադրություններ կլինեն, սակայն կա մի տենդենց, որն ավելի առաջ է գնում, ֆոտոսեսիաների միջոցով ներկայացնել հագուստներն՝ ավելի պատմության, կինոպատմության տեսահոլովակի միջոցով եւ դրա հետ մեկտեղ նորաձեւության տները վախենում են անել ամբողջ տարվա պատրաստվելիք արտադրությունը, այլ անում են կապսուլային փոքր հավաքածուներ՝ փորձելով հասկանալ, թե հետագայում ինչ է սպասվում նրանց:

-Ի՞նչ է թելադրում այսօրվա նորաձեւությունը:

-Մինչ համաճարակի սկսվելն այս տարվա տենդենցներն արդեն հայտնի էին, ու բոլորն անդրադարձել էին պրինտերով թիշերթերին , գունավոր զարդանախշերով թիշերթերին։ Երկար, թափանցիկ վերնաշապիկները, տոպերն են շատ նորաձեւ, կարծես անխնամ վիճակում լինեն, այդպիսի տոպերն են ավելի նորաձեւ: Ավելի նորաձեւ են դասական բլուզները, ավելի կարճ տեսքով, որոնք զարդարված են մարգարիտներով, նուրբ, ոչ աչքի ընկնող քարերով:

-Այսօր ինչպիսի՞ գործվածքներից հագուստն է համարվում նորաձեւ:

-Նորաձեւ են համարվում բարակ ցանցերը, որոնք իրենց վրա կրում են քարիկներ, նուրբ գործվածքներ, իհարկե, հնարավոր լինելու դեպքում կրել այդ աստիճանի բարակ ցանցերը, թելային գործվածքները, բայց ավելի շաքարաթելի հիմքի հիման վրա գործվածքները: Նորաձեւ են նաև շիֆոնները , նուրբ բամբակյա գործվածքները:

-Կարճաթեւ բլուզների, տոպերի, վերնաշապիկների ո՞ր ձեւն է համարվում նորաոճ:

-Տաբատներն ավելի շատ լեգիզներն են նորաձեւ, կաշվե տեսքով, փայլուն, լատեքսի կտորից, որոնք համալրվում են նույն որակի պիջակներով:

-Իսկ տաբատների, կիստաբատների մասով ի՞նչ կասեք: Ի՞նչ մոդելներ են ընդգրկված հավաքածուում:

– Նորաձեւ են լայն թեւերով եւ փողքերով, երկար երեկոյան հագուստները, իսկ կիսաշրջազգեստներից նորաձեւության տենդենցները պահանջում են, եւ մնացել են դեռ նախորդ սեզոնից պլիսները, թավիշի, լատեքսի, փայլուն կաշվի եւ փարչայի գործվածքներով համալրված կիսաշրջազգեստները:

-Ո՞ր գույներն են այս տարի ավելի ակտուալ:

-Գույների առումով ակտուալ են մանուշակագույնի, դեղինի, լիմոնի, լայմի երանգները, նորաձեւ են կապույտ, բաց կապույտը, որոնք համալրված են դեղին, բեժ, շագանակագույն պրինտերով, մանր ծաղիկներով, որոնք խորհրդանշում են գարունն ու ամբողջ ամառվա սեզոնին ակտուալ են, բայց նուրբ երանգներով, ոչ աչքի ընկնող:

-Հետեւո՞ւմ եք արդյոք մեր աղջիկների ու կանանց կերպարներին, արդյո՞ք համընթաց քայլում են աշխարհի նորաձեւության հետ:

-Իրականում չեմ կարող ասել, թե հայ աղջիկները հետեւում են թե չէ, քանի որ երկու-երեք ամսից ավել է բոլորը տանը փակված են , սակայն կա մի տենդենց, որ ինստագրամից եւ ֆեյբուքից կարողանում ես հասկանալ, որ բոլորն ունեն ցանկություն հագնվելու, դուրս գալու, ցուցադրվելու, քանի որ անում էին հումորային փոքրիկ ռոլիկներ, որտեղ բոլորն ինչ-որ ձեւ համադրում էին իրենց հագուստները, լուսանկարվում, շատ նորաձեւ էր տարբեր գործվածքներից տարբեր ճանապարհներով ստացված մասկաները, որը մեծ բում առաջացրեց հենց մեր հայ աղջիկների շրջանում, քանի որ չգիտես ինչու ուզում էին կրել զարդարված դիմակներ:

-Ի՞նչ խորհուրդներ կտաք մեր կանանց ու աղջիկներին:

-Խորհուրդս նույնն է, ինչքան էլ լինի համաճարակ, թող փորձեն հագնվել ավելի վառ գույներ, այն ինչ-որ իրենք սիրում են, թող երբեք չազդի դա տրամադրության վրա, այլ հակառակը հագուստով թող բարձրանա տրամադրությունը: Վստահ եմ, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, հագնվելու են նորաձեւ եւ հետեւելու են թրենդներին:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս