ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ախտահանումներ իրականացնում ենք բաց շուկաներում, բանկերում, բանկոմատներում, սուպերմարկետների տարածքում գտնվող սայլակները, պոլիկլինիկաներ, ավտոկանգառներ»,-Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչ ախտահանման աշխատանքներ են իրականացնում այս օրերին ու հատկապես որ ոլորտներում, քանի որ քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, որ որեւէ ախտահանում չի իրականացվում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

-Պարո՛ն Ցոլակյան, Դուք հայտարարել էիք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երեւանում եւ մարզերում: Բայց մենք դժգոհություններ ենք ստանում քաղաքացիներից, որ չեն անում: Ինչո՞ւ, ո՞րն է այդ ամենի պատճառը:

-Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 17-ին ախտահանել է 530 վայր, մայիսի 18-ին՝ 880 վայր, քանի որ այդ օրերին ավելացան նաեւ ավտոկանգառները: Մենք ախտահանումներ իրականացնում ենք բաց շուկաներում, բանկերում, բանկոմատներում, սուպերմարկետների տարածքում գտնվող սայլակները, որից օգտվում են քաղաքացիները: Պոլիկլինիկաներ ենք ախտահանում, ավտոկանգառներ, հիմնականում սրանք են, ու եթե պետական հիմնարկները դիմում են մեզ ախտահանման համար, մենք դրանք իրականացնում ենք: Առանձին դեպքերում նաեւ բնակելի շենքերը, որոնց համար հիմնական աշխատանքները իրականացնում են համատիրությունները, մենք ժամանակի առումով, ուժի առումով ի վիճակի չենք ամբողջությամբ իրականացնել: Մենք բոլոր տեղերում ամեն օր իրականացնում ենք:

-Այսինքն՝ ամեն օր՝ առավոտ եւ երեկո, Դուք ախտահանում եք Երեւանը եւ մարզե՞րը:

-Այո, բոլոր մարզերում եւ քաղաքում մենք ենք իրականացնում ախտահանումը: Մենք դա անում ենք շատ շուտ առավոտյան, այն ժամանակահատվածում, երբ դեռ մարդիկ աշխատանքի դուրս չեն եկել, երեկոյան էլ արդեն ուշ ժամի ենք իրականացնում, անում ենք նաեւ ավտոկանգառները:

-Բոլոր վայրերում ամենօրյա ռեժիմով իրականացնո՞ւմ ենք, թե՞ եթե կան ակտիվ օջախներ, այդ հատվածներում եք հիմնականում իրականացնում:

-Ակտիվ օջախներում ենք անում, այո, դա վերաբերում է ե՛ւ Երեւնաին, ե՛ւ մարզերին: Ասենք, կարող է Նուբարաշենի ճանապարհի վրա մի ավտոկանգառ կա, կարող է այնտեղ անհրաժեշտ է, մենք այնտեղ մի քանի անգամ իրականացնենք: Տեղեր կան, որ անիմաստ է գնալ ու ախտահանում իրականացնել: Օրինակ՝ եթե հիմնարկները դիմում են մեզ, այնտեղ լինում է անհրաժեշտություն, ապա մենք այնտեղ գնում եւ ախտահանումը իրականացնում ենք: Իսկ եթե լինում է վիրուսի օջախ, ապա մենք այնտեղ որեւէ բան չենք անում, հիմնականում դա իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը եւ սանեպիտկայարանը: Մենք անում ենք նաեւ այն մարդկանց բնակարանները, ում  թեստի պատասխանը դրական է, ու իրենց բնակարանից մեկուսացնում են կամ տեղափոխում են հիվանդանոցներ: Ասեմ, որ Դավթաշեն թաղամասում, քանի որ մեկը այդպես հիվանդ էր, մերոնք գնացին ու ախտահանում իրականացրեցին այդ բնակարանը: Թալինի Կաքավաձոր գյուղում եղել է դեպք, որ ամբողջ ընտանիքին տանում էին մեկուսացման, տունը դատարկվում էր, իրենց անասուններին ոչ ոք չէր կարող տիրություն անել: Հարեւանները ասում էն, որ իրենք պատրաստ են պահել, հետեւել անասուններին, եթե ախտահանում իրականացվի այդ տարածքը, բնակարանը: Մերոնք գնացին ախտահանեցին, գոմը, տունը, որից հետո հարեւանները տիրություն արեցին, մինչեւ այդ մարդիկ մեկուսացումից հետ եկան: Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Մենք հեռախոսազանգեր ենք ստանում, մեր տրանսպորտային միջոցները օգտագործում ենք բեռներ տեղափոխելու, օդանավակայնում դիմավորումները կազմակերպելու, մեկուսացման վայրեր տանելու, բոլորը գործի մեջ են:

-Իսկ ԱԻՆ աշխատակիցներից կա՞ն անձինք, ովքեր վարակվել են իրենց աշխատանքային շփումների պատճառով:

-Մենք այդ առումով խնդիրներ ունենք, որովհետեւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԱԻՆ աշխատակիցների շրջանում վիրուսի օջախներ չլինեն, դա մեր աշխատանքին վնասելու է:  Ունենք, այո, որ վարակված են, բուժում են ստանում: Ասեմ մի բան, որ մեր հոգեբանական ծառայությունն է այս օրերին շատ գերհագեցած աշխատում, մեկուսացածների հետ են աշխատում, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք ամեն ինչ անում ենք 24- ժամյա ռեժիմով հարթելու, հարցերին լուծում տալու համար: Ես ռիսկային խմբում եմ, բայց աշխատավայրում եմ, աշխատում եմ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջացած խնդիրներին շատ արագ ձեւով լուծումներ տանք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ

Ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում գնալով  խորանում է տեսակետը, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական շուկայի կարեւոր խաղացող։ Բանն այն է, որ տնտեսության ավանդական ոլորտներում կտրուկ եւ շատ արագ զարգացում դժվար է ապահովել, իսկ, ահա, ֆինանսական շուկայում ճիշտ քայլերի դեպքում հնարավոր է երկիր ուղղել լուրջ  շրջանառություն:

 

Այլ կերպ ասած՝ Հայաստանը «կրիպտո Շվեյցարիայի» վերածվելու հնարավորություն ունի, եւ այն թույլ կտա մեր երկրում բացել կրիպտոարժույթների (բիթքոյնների, էթերիում եւն) փոխանակման գրասենյակներ, բորսաներ, կանխիկացման կետեր, որն իր հերթին կաշխուժացնի տնտեսության այլ ճյուղեր, ու երկիր կհոսեն հարյուր միլիոնավոր դոլարներ։ Ավելին՝ նման գործունեության համար որեւէ խոչընդոտ չկա նաեւ Արցախի համար, ու մեզ փոխացնեցին, որ կրիպտոարժույթների կանխիկացմամբ, առուվաճառքով զբաղվող հայկական ընկերություններից մեկն արդեն բացել է իր մասնաճյուղն Արցախում, որը դեռեւս միակն է ու կարող է դառնալ Արցախի ֆինանսական անկախության բաղկացուցիչներից մեկը։ Առհասարակ, այսօր աշխարհում շատ են վերլուծություններն առ այն, որ ապագան կրիպտոարժույթներինն ու էլեկտրոնային փողերինն է, իսկ նման պրոդուկտներ արդեն իսկ ստեղծել է Չինաստանը, Ճապոնիան, Ֆեյսբուք սոցիալական ցանցը եւ տարբեր կորպորացիաներ ու պետություններ։

Այս թեմայով մենք կապվեցինք Հայաստանում կրիպտոարժույթի առուվաճառքով զբաղվող արաջատար Tetchange ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանի հետ, ով նշեց, որ Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն սպասվող տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծել երկիր մտնող ֆինանսների լրացուցիչ հոսքեր, լուծել արտարժույթի պահուստների ապահովման լրացուցիչ հնարավորություններ, ինչպես նաեւ  դարձնել մեր երկիրը կրիպտոտուրիզմի կենտրոն, քանզի, ըստ Դանիելյանի, աշխարհում նշմարվում է բացառապես կրիպտոարժույթներով առեւտուր ու վճարումներ կատարել ցանկացող զբոսաշրջիկների կտրուկ աճ։

Tetchange-ի հիմնադիրը նշեց նաեւ, որ հասունացել է Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտը կարգավորող օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ պատրաստ են այս հարցով մասնակցել մասնագիտական քննարկումների:

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է բուժհաստատություններին՝ խնդրելով իրեն տրամադրել բոլոր բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների ցանկը: Բանն այն է, որ առաջիկայում մի քանի մասնագետների մասով կարող է դեֆիցիտ լինել, եւ այս հարցումները նպատակ ունեն բացահայտելու եւ հասկանալու առկա իրավիճակը: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Նա հաստատեց այն տեղեկությունները, թե առաջիկայում կարող է դեֆիցիտ լինել: «Այո՛, հնարավոր է՝ լինի դեֆիցիտ, եւ մենք ակնկալում ենք կադրերի նոր համալրում: Նախարարությունը հավաքագրում է տվյալներ»,-հայտնեց նա:

Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է տեղեկություն, թե որ բուժհաստատությունում ինչ մասնագետների կարիք կա: Եվ սա էլ է նույն հանգամանքի պատճառը. բուժհաստատություններում մասնագետների անհրաժեշտություն կա:

 

 

ԵՐԿՈՒ ԴԵՊՔ

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակման հաստատված երկու դեպք, աշխատակիցները անցնում են համապատասխան բուժում, գտնվում են  բժիշկների հսկողության ներքո եւ ունեն ապաքինման բնականոն ընթացք»,- այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այնտեղից հայտնեցին, որ երկու աշխատակից էլ ինքնամեկուսացված են: Այս անձանց հետ շփման շրջանակը պարզվել է, բոլորն անցել են թեստավորում, թեստի պատասխանները բացասական են, եւ այդ աշխատակիցներն արդեն  վերադարձել են աշխատանքի:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ամենօրյա ռեժիմով իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես, ամենօրյա ռեժիմով ախտահանվում ենպետական եկամուտների կոմիտեի վարչական բոլոր շենքերը, ծառայողական ավտոմեքենաները, աշխատակիցներին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ նյութեր: ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց ջերմությունը»,- հայտնեցին պետական եկամուտների կոմիտեից:

 




Լրահոս