«ՄԱՐՏԻ 1»-Ի 10 ԶՈՐՔԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին Երեւանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Արմլուր» լրատվականը հետաքրքրվել էր հետեւյալ հարցով. թեեւ «Մարտի 1»-ի գործը վերաբացված է, սակայն մինչեւ այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները՝ ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին, գո՞հ է արդյոք գործի քննության ընթացքից: Ի վերջո, կարեւոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրե՞լը, թե՞ սպանողներին գտնելը, ի՞նչ են նրան զեկուցել, ինչու՞ չի հաջողվում գործի քննությունն առաջ տանել:

 

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, «Մարտի 1»-ի գործը շատ մանրամասներով բացահայտված է, մասնավորապես, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ դրանից հետո, սակայն 10 տարի թաքցրած իրականությունը 2 տարում հեշտ չէ բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ գործը քննող քննչական խմբի ղեկավարը, որը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, ըստ մեղադրանքի՝ կրակված պարկուճները տարածքում փոխել է: «Դա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան, եւ մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել: Հիմա քննչական խմբի ղեկավարը հետախուզման մեջ է: Թող գա, պատմի, թե ինչ է արել պարկուճները: Գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները: Քննությունը պետք է շարունակվի, եւ պետք է մենք ջանքեր գործադրենք էդ հետախուզվող անձին ձերբակալելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Դա հեշտ չի, բայց մենք պետք է գնանք էդ ճանապարհով»,- հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են եւ ինչ շրջանակ է կազմակերպել սպանությունները: «Այո՛, պետք է գնալ մինչեւ վերջ, եւ նաեւ էն անհատներին, ովքեր էդ կրակոցը իրականացրել են, պետք է բացահայտել»,- նշել է Փաշինյանը։ Վարչապետը նաեւ նշել է. «Պարզ է, թե ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորել եւ մտցրել ժողովրդի մեջ»: «Էսօր քրեական գործերը հարուցված են, մի մասը ուղարկված է դատարան: Այ որ հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ՝ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա: Կարեւոր է եւ՛ կազմակերպիչների, եւ՛ իրականացնողների բացահայտումը»: Ըստ Փաշինյանի. «Ամենակարեւոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, պետք է կռահել, որ ինքը հո ի՞ր նախաձեռնությամբ դա չի արել: Եվ մինչեւ վերեւ արվել է: ՀՀ նախագահի օգնականը ճնշումներ է գործադրել փաստահավաք խմբի նկատմամբ, եւ դա արվել է իրականությունը թաքցնելու համար։ «10 տարի թաքցրած իրականութունը եւ էս ապացույցների կեղծած, թաքցրած եւ այլն, շատ հեշտ չի 2 տարում բացահայտել: Կարող է ապացույցներ լինեն՝ հավերժ կորած: Եթե հիմա պարզվի՝ կրակած պարկուճները տարել են, լցրել ձուլարանում, մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ էդ ինչա նշանակում»,- եզրափակեց նա։ Դատելով ՀՀ վարչապետի հայտարարությունից՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը երբ Հայաստան վերադառնա, ամեն ինչ պատմի, 10 զոհերի սպանությունը կբացահայտվի: Նկատենք, որ Հարությունյանը բազմիցս պնդել է` իրեն առաջադրված մեղադրանքը  շինծու  է: Բացի այդ, ե՛ւ ՀՀ նախագահի նախկին օգնական Գեւորգ Կոստանյանը, ե՛ւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մշտապես հայտարարել են, որ պատրաստ են  գալ Հայաստան եւ  հրապարակային  պատասխանել իրավապահների հարցերին: Սակայն իրավապահները չեն ընդառաջում նրանց այդ հայտարարությանը: Նկատենք, որ «Մարտի 1»-ի ոչ բոլոր զոհերն են հրազենային վիավորումներից մահացել: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում քննչական խմբին, դատախազությանը` բացահայտելու սպանության հանգամանքները եւ մեղավորներին: Հիշեցնենք, որ 10-ը զոհերից 3-ը սպանվել են «Չերյոմուխա» տեսակի զենքով, որը հրազեն չէ, ինչը նշանակում է, որ պարկուճի հետ ոչ մի կապ չունեն այս զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը: Զոհերից մեկը՝ ի դեպ ոստիկանության կապիտանը, զոհվել է նռնակի պայթյունից, եւ այստեղ էլ փոխված պարկուճները չեն խոչընդոտում սպանության հանգամանքները բացահայտելու հարցում: Զոհերից մեկն էլ մահացել է գանգոսկրի կոտրվածքներից, որը եւս պարկուճների հետ կապ չունի: Այսինքն` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը առնվազն մոլորեցրել է երկրի ղեկավարին` նրան զեկուցելով, թե Վահագն Հարությունյանի փոխած պարկուճների հետեւանքով հնարավոր չէ բացահայտել 10 սպանությունները: Ինչո՞ւ. որովհետեւ առնվազն 5 զոհերը հրազենային վնասվածքներ չունեն, հետեւաբար ի՞նչն է խանգարում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին` բացահայտելու: Իսկ մյուս 5 մահերը հրազենային վնասվածքի հետեւանքներ են, որոնցից 2-ի գնդակները չեն հայտնաբերվել, որովհետեւ եղել են միջանցիկ վնասվածքներ: Գնդակը հիմա գոյություն չունի, այսինքն՝ այս դեպքում նույնականացման առարկա չկա, որը պետք է նույնականացվի ինչ-որ բանի հետ: Իսկ ինչ վերաբերում է մյուս 3 զոհերին, ապա միայն նրանք են մահացել հրազենային վնասվածքներից, եւ 3-ի գնդակները հայտնաբերվել են մարմինների մեջ: Այսինքն` 3 գնդակ կա: Այսպիսով, ի՞նչ կապ ունի պարկուճը, եւ ի՞նչով կարող է դրա առկայությունը կամ բացակայությունը օգնել կոնկրետ սպանությունների բացահայտմանը: Նկատենք, որ եթե սպանությունները հրազենային գնդակային վնասվածքների հետեւանքով են տեղի ունեցել, զենքի հետ նույնականացվում է ոչ թե պարկուճը, այլ գնդակը: Այսինքն՝ գնդակը վերցվում է, բոլոր այն զենքերը, որոնք այդ ժամանակ կարող էին այդտեղ լինել, բոլոր այդ զենքերից կատարվում են փորձնական կրակոցներ, եւ այդ փորձնական կրակոցներից հետո այդ կրակված գնդակների վրայի հետքերը համեմատվում են մարդու մարմնից հանված գնդակի հետքի հետ, եւ պարզվում է, թե գնդակը զենքերից որ մեկից է արձակված եղել: Նշանակում է` դարձյալ պարկուճների փոխված լինելը որեւէ կերպ չի կարող խանգարել սպանությունների բացահայտմանը: Ի՞նչ է ստացվում: ՀՀ իրավապահ համակարգը` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրականությունը չեն ներկայացրել: Նրանք իրենց մասնագիտական անկարողությունը փորձում են հետախուզվող նախկին պաշտոնյաներիի վրա բարդել` այդպես երկրի ղեկավարի մոտ համոզում առաջացնելով, թե «Մարտի 1»-ի 10 անմեղ զոհերի սպանությունների բացահայտումն անհնար է: Իրականում, եթե կա պրոֆեսիոնալիզմ, հնարավոր է, սական ակնհայտ է, որ չկա կամք: Ինչո՞ւ. այս հարցը շատ պատասխաններ ունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ

ArmLur.am-ին Կոտայքի մարզում կնոջ կողմից ամուսնուն դանակահարելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե ամուսնուն դանակահարած կինը ինչ ցուցմունք է տվել իրավապահներին:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամուսնուն դանակահարած կինը պատմել է, որ 6 տարի է, ինչ ամուսիններ են, ու ամուսինը իրեն օր ու արեւ չի տվել, մշտապես տանջել է: Ըստ կնոջ. «Ամսի 19-ին զանգահարեց ասեց՝ արի խոսենք, միանանք, որոշեցի հանդիպել ու խոսել հետը, կրկին սկսեցինք վիճել, սկսեց քաշքշել ինձ, փախա, էլի բռնեց, քաշքշեց ու ես դանակով խփեցի»: Նկատենք, որ իրավապահները նրան հարցրել են, թե դանակը որտեղից նրան: Կինը պատասխանել է, որ վախեցել է հանդիպել նրա հետ, իր հ ետ դանակ է վերցրել, եթե վիճի, կարողանա պաշտպանվել նրանից: Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին եւ որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

Մայիսի 19-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: ArmLur.am-ին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. զինվորի վրա կրակել է իր ծառայակից ընկերը, որն իրավապահներին բացատրել է, որ սպանելու մտադրություն չի ունեցել: Ըստ զինվորի պատմածի՝ ինքն ու Հենրիկ Արամյանը կատակ են արել միմյանց հետ, ինքը վստահ է եղել, որ զենքի մեջ փափուշտ չկա, եւ զենքը պահել է ընկերոջ վրա ու կրակել, ինչի հետեւանքով Հենրիկ Արամյանը մահացել է: Ինչ կպարզի քննությունը՝ սպասենք զարգացումներին: Նշենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի թալանի գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, որը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է: Հիշեցնենք, որ 2019թ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Պատգամավորի մեքենայի վրա երկրորդ հարձակումն էր արձանագրվել: Երկրոդ անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ, կոտրել էին պատգամավորի մեքենայի ապակիները: Պատգամավորը դեպքերը մտահոգիչ էր համարել. «Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ: ԱԺ-ի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են»: Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված: Ավելին, Պողոսյանը նշել էր, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն այսպիսի: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում: Սա շարքային խուլիգանություն չէ, սա ԱԺ պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է: Եվ, ահա, պատգամավորի մեքենայի գործով Armlur.am լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել, որ այս գործով ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Մուրադյանը, որը իրավապահներին խոսոտավանել էր, որ ինքն է կոտրել պատգամավորի ավտոմեքենայի ապակին եւ այնտեղից գողացել պատգամավորի պայուսակը: Մեզ հայտնի դարձավ, որ Հարություն Մուրադյանը կալանքի տակ է, եւ, ահա, ՀՀ քննչական կոմիտեն պատգամավորի մեքենայի հարձակման գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան:

 

 




Լրահոս