ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Հաղթանակ» կամրջի վրա

 

Երեկ քաղաքացին ինքնասպանության փորձ էր անում։ «Հաղթանակ» կամրջի վրա ժամեր շարունակ հավաքվել էին ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ։ Բարեբախտաբար, նրանց հաջողվել է կանխել ինքնասպանությունը:

 

 

ՆՊԱՍՏ

ՀԱՐՑ. Գործատուն աշխատողի հիվանդության նպաստը աշխատողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավել է հաշվարկել եւ վճարել: Ուզում եմ իմանալ՝ արդյոք տվյալ դեպքում գործատուն պետք է կատարի նպաստի հետպահում եւ ինչ կարգով:

Ինեսա Հարությունյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ժամանակավոր  անաշխատունակության  եւ  մայրության  նպաստների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  27-րդ  հոդվածի 2-րդ  մասի  համաձայն՝  ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:

Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում՝  հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ Հայաստանում որոնք են օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները: Խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:

Սիրանույշ Հովակիմյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:

Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել`

անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն), կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ եւ այլն (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն), այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր, վճարման անդորրագիր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճանաչման եւ խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձեւաչափ, որի մեջ ներառվում է բուհի հավատագրման, կրթական ծրագրի որակի, տեւողության եւ կրթության ձեւի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի եւ դրա ակադեմիական եւ մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն:




Լրահոս