Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի, ստացվում է՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման պարագայում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արեւիկ Պետրոսյանը: Սակայն նոր տարբերակի իրագործման պարագայում ոչ բոլոր դատավորներն են, այսպես ասած, տուն ուղարկվելու: «Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել», – նշել էր Ռուբինյանը: Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչեւ թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի: Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, եւ առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, հետո եւս երկուսը, եւ այդպես շարունակ: Այսպիսով, իշխանությունները հնարավորություն են ունենում «գահընկեց» անել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից` նրան թողնել որպես ՍԴ շարքային անդամ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում այս հարցով բուռն քննարկումներ են, ոչ բոլորն են կողմ այս տարբերակին եւ արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Մենք տեղեկացանք, որ, ամեն դեպքում, սա նախնական տարբերակներից մեկն է, եւ չի բացառվում, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալուց հետո փոփոխություններ լինեն նաեւ լուծման այս տարբերակում: Ամեն դեպքում, մենք հայտնել էինք, որ երկու փուլ է լինելու՝ հարցը խորհրդարանում լուծելու համար: Որոշումներից մեկով պետք է հետ կանչվի հանրաքվեի նախագիծը, ապա արդեն քվեարկության դրվի նոր նախագիծ, որը կլուծի ՍԴ հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Բանն այն է, որ Թամրազյանի ու Անափիոսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված եղել, եւ այժմ լուրեր կան, որ Թամրազյանի դեմ դավեր է նյութում նախկին գործընկերը: Խոսվում է այն մասին, որ Թամրազյանն է կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով որոշում է կայացվել Արեւիկ Անափիոսյանին ազատել աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Արեւիկ Անափիոսյանից, որը մեզ հետ զրույցում ժխտեց՝ հավաստիացնելով, թե նման բան չկա, իսկ Թամրազյանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ եղելության մասին տեղեկանում է մամուլից: Հավելենք նաեւ, որ երեկ եւ նախորդ օրը փոխնախարար Թամրազյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` ըստ մամուլի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» անելու համար: Սակայն Թամրազյանը մանրամասներ չէր հաղորդել՝ ասելով, թե պարզապես զրույց է եղել, այլ ոչ թե հարցաքննություն ԱԱԾ-ում: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ, որին ներկա են լինելու Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը:
Իրավապահ համակարգում Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնի է, 2021 թվականին պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, որը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին: Ըստ այդմ, մեկ տարի անց ունենալու ենք երեք քննչական մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը, ու Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում ներքին քննարկումներ են, թե ինչպես է դասավորվելու քննչական մարմինների խճանկարը: Մասնագետները դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու այդ մարմնի ստեղծումից հետո: Ու այս ընթացքում արդեն քրեական գործերի վերադասավորումներ են տեղի ունենում: Հատուկ քննչական ծառայությունից կոնկրետ գործեր են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտե, քանի որ հստակ է, որ ՀՔԾ-ում պետք է մնան միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը: Եվ որքան էլ նշվում է, թե նոր կառույցի ստեղծումը հարթ է ընթանալու, սակայն համակարգում արդեն խժդժություններ են, եւ աշխատակիցները չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց, ովքեր են գնալու, ովքեր՝ մնալու: Արդյոք քննիչները նույնպե՞ս վեթթինգի կենթարկվեն:
Կհիշեք՝ անցյալ տարի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսի 2-ին նախարարն ու գործարարը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով անցյալ տարի պետք է մեկնարկեին «Նազարեթ եւ Սոնա Սրմաքեշ Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Իսկ օգոստոսի 10-ին տեղի էր ունեցել հիմնարկեքի արարողությունը, եւ նոր ծննդատան առաջին քարն են դրել: Բայց, արի ու տես, առաջին քարը դնելուց հետո անցել է մոտ 10 ամիս, սակայն ծննդատան հետ կապված որեւէ գործողություն այդպես էլ չի արվել: Եւ ամենակարեւորը՝ որեւէ մեկը չգիտի, թե այս գործընթացը որ փուլում է: Օրինակ՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Անցյալ տարի եղել է հիմնարկեքի արարողությունը, դրանից հետո որեւէ նորություն, որեւէ տեղաշարժ ես չգիտեմ»: Թե ինչու տեղաշարժ չկա, Ասլանյանը դժվարացավ նշել եւ խորհուրդ տվեց դիմել Առողջապահության նախարարություն, ապա նշեց, որ այդ տարածքում այս պահին որեւէ գործողություն չի կատարվում: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չմեկնաբանեց, բայց հորդորեց հիմնադրամից ճշտել: Նշենք, որ հիմնադրամի հետ կապված որեւէ տվյալ, հեռախոսահամար համացանցում առկա չէ: Ստացվում է, որ շվեյցարահայ գործարարի՝ ծննդատուն կառուցելու խոստումը օդում է մնացել: Հայտնի չէ՝ Սրմաքեշը տեր կկանգնի իր խոստմանը, թե ոչ: