Դատարանը մերժեց Ռուբեն Հայրապետյանի որդուն կալանավորելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան և առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը, նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք:

Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար» համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով Հ.Շ.-ին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելուն ուղղված մյուսների գործողությունները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ.Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում Հ.Շ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս