Տասը տարի անց կատարվեց ամուսնուս երազանքը․ Լայանան՝ շոու-բիզնես վերադառնալու եւ ընտանեկան կյանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Լայանայի հետ զրուցել է շոու-բիզնես վերադառնալու, ընտանեկան կյանքի, կյանքում հաճախակի կոտրվելու եւ ոչ միայն:

-Լայանա, Ձեր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուց հետո նվիրվել եք ընտանիքին, երեխայի խնամքին: Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես:

-Այո, բալիկիս ծնունդից հետո ամբողջովին նվիրվել եմ իրեն: Այնպես ստացվեց, որ այս կարանտինը սկսվեց, երեխայի քառասունքից դուրս գալուց հետո մնացել ենք տանը: Կարծում եմ, որ Ռոբերտը բախտավոր բալիկ է, որովհետեւ այլ ժամանակ աշխատանքի կլինեի, չնայած, որ մինչ աշխատանքի գնալը խնամել եմ ե′ւ Էլինային, ե′ւ Ռոբերտին:

-Ի՞նչ նորությունների սպասի հանդիսատեսը: Նոր դուետ, տեսահոլովակ սպասվո՞ւմ է:

-Նորությունների մասով դեռ ոչինչ ասել չեմ կարող այս ժամանակահատվածում, ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու, այնպիսի շրջանում ենք, որ ես ոչինչ չեմ պլանավորում այս տարվա վերաբերյալ, միգուցե, եթե բալիկներս չլինեին հնարավոր է ինչ-որ բաներ մտածեի, եւ հիմա առօրյաս շատ հագեցած է: Այնպես է ստացվել, որ ես նոյեմբերի 30-ին եղել եմ աշխատանքի, իսկ դեկտեմբերի 6-ին բալիկս ծնվել է, երբ երեխաս 18 օրական էր արդեն Ամանորն էր, եւ մասնակցել եմ որոշակի միջոցառումների, չեմ բացակայել, բայց տեսահոլովակ վաղուց չեմ նկարահանել: Կարծում եմ, դրա ժամանակն էլ է անցել, եւ արդեն չգիտեմ, թե ինչի շրջանն է, պարզապես պետք է ավելի բենդային նոր գործեր ստեղծել:

-Մեր վերջին հարցազրույցում դժգոհություն էիք հայտնել, որ Հայաստանում համերգներ չեն կազմակերպվում, որի հետեւանքով արտիստները չեն կարողանում բեմում իրենց ճիշտ դրսեւորել: Ձեր կարծիքով ո՞րն է այս խնդրի պատճառը:

-Այդ խնդիրը էստրադային երգիչ, երգչուհիների համար միշտ կա, կարծում եմ նաեւ դասականների համար էլ, թեպետ նրանք օպերային թատրոններում երգելով պահում են բեմի հետ իրենց կոնտակատը, բայց մենք բացի ժամանցային վայրերի եւ ակումբներից ուրիշ տեղ գրեթե չեն երգում, եւ կարիք ունենք բեմի, հանդիսատեսի հետ շփման: Կարծում եմ կորոնավիրուսը խախտեց աշխարհի բոլորը պլաներն ու ծրագրերը, եւ այս պահին կարծում եմ շատ մարդիկ սպասում են այս վիճակից դուրս գալուն, որից հետո կհասկանանք, թե ինչ ենք անելու հետո, եւ այս համաճարակի շնորհիվ բավականին մեծ արժեքներն են փոխվել ֆինանսական, տնտեսական, մտածելակերպն է փոխվել, թե ինչի վրա գումար ծախսել, որ ավելի օգտակար եւ ավելի կայուն լինի:

Մարդկանց մտածողությունը փոխվել է այս ամենից հետո, սա մարդկանց փոխելու եւ մի փոքր մտածելու տեղ է տվելւ, այդ իսկ պատճառով ինձ այսպես ասած անջատել եւ նվիրել եմ երեխաներիս խնամքին եւ վայելում եմ նրանց ներկայությունը: Համերգներ կազմակերպվում են կարեւոր «դատաներին»` Մարտի 8, Ապրիլի 7 եւ այլն, բայց ես տեսնում եմ նաեւ, որ մի քանի արտիստ համատեղ համերգով են հանդես գալիս, բայց ես նկատի ունեմ ավելի հավաքակսն համերգներ, որպեսզի հանդիսատեսը լսի երգեր եւ վայելի: Չգիտեմ, թե խնդիրն ինչումն է կայանում, գլուխ չեմ էլ ցավացնում, գիտեք` ինչո՞ւ, որովհետեւ «Գոհար»-ի շնորհիվ 2004-ից մինչեւ 2015 թվականը եղել եմ աշխարհի լավագույն բեմերում, այնպիսի բեմերում եմ հանդես եկել, որ ես ինքս հագեցած եմ, չնայած արտիստը միշտ պետք է ստեղծագործի:

-Լայանա, Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին պատիվ եք ունեցել շփվելու Երվանդ Ղազանչյանի հետ, իսկ կոնսերվատորիայում` Ռաիսա Մկրտչյանի հետ, ի՞նչ դասեր քաղել նրանցից:

-Անցած տարի հրաժեշտ տվեցինք Երվանդ Ղազանչյանին, ես այդ ժամանակ հղի էի, առանց չափազանցության մի տեւական ժամանակ ուշքի չեմ եկել, շատ եմ լաց եղել: Ես իրեն շատ եմ սիրել: Նա ինձ համար, ե′ւ ուսուցիչ, ե′ւ պապիկ, ե′ւ լավ մարդ էր, եւ հիմա հաճախ եմ հիշում իր խորհուրդները: Կարծում եմ, որ իմ մարդ տեսակի եւ կենասագրության մեջ իր ուրույն տեղն ունի նա: Ինձ համար նա հավերժ ապրում է: Նրա մահն շատ մեծ կորուստ ու ցավ էր ինձ համար: Իսկ Ռաիսա Մկրտչյանը հիանալի, անմիջական մարդ է: Ինձ համար հպարտանալու առիթ է, որ ես Կոնսերվատորիայում եւ տանը պարապել եմ նրա հետ: Նրանց հետ շփումը ինձ վրա միմիայն դրական է անդրադարձել:

-Լինելով շառ զգացմունքային մարդ` ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:

-Առաջ ինձ կոտրում էր բեմի, միջոցառումների հետ կապված ամեն ինչը: Կյանքում եղել են դեպքեր, որ կոտրվել եմ, բայց սխալների վրա ես սովորում: Ավելի հաճախ հարվածում են մարդիկ, ու պարտադիր չէ, որ հենց ինձ ուղղված լինի դա: Ես ինքս շատ զգացմունքային եմ, մանավանդ, երբ ունես երեխաներ. ինձ կկոտրի երեխաներիս հետ կապված ցանկացած բան:

-Երեխաների դաստիարակության մեջ ինչի՞ն եք առաջնահերթությունը տալիս:

-Կան ծնողներ, որ շատ խիստ են, առաջին բալիկի ժամանակ մի փոքր ազատ ենք թողել, «չէ» բառ չի եղել, իսկ հիմա ամեն ինչում խիստ եմ:

-Ինչպիսի՞ մայր եք ըստ Ձեզ:

-Ես ինձ համարում եմ զգացմունքային մայր եւ մարդ: Ես ուզում եմ ամեն ինչ անել իմ երեխաների համար, ես չեմ կարող իմ երեխաներին թողնել օրերով գնալ օրինակ` հանգստի, այդ առումով ինձ համարում եմ նվիրյալ մայրիկ:

-Իսկ ինչպիսի՞ հայր է Ձեր ամուսինը:

-Ամուսինս շատ խիստ գրաֆիկով այս շրջանում աշխատում է, նվիրյալ հայր եւ ամուսին է: Մենք, երբ դեռ նոր էինք հանդիպում, ասում էր` պետք է տղա ունենամ, անունը դնեմ Ռոբերտ, պապիկիս անունը:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը:




Լրահոս