Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր ակցիա են իրականացրել. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ՝ երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել, այդ թվում նաեւ հղի աշխատակիցը։ Ակցիայի ժամանակ ներկա էին նաեւ Երեւանի ավագանու անդամները, որոնք ծանոթացան խնդրին:
Ավելի ուշ ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ քաղաքապետարանում եւ, առհասարակ, ՀՈԱԿ-ի շուրջ տիրող իրավիճակին: Մանրիկյանը նկատեց, որ մշտապես են խոսակցություններ եղել այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը խառնվում է կադրային քաղաքականությանը, եւ հայտարարեց, թե վաղը Երեւանի ավագանու հերթական նիստին այդ հարցն անպայման բարձրաձայնվելու է:
-Երեկ «Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Դուք էնտեղ էիք, զրուցեցիք նրանց հետ, մի փոքր մանրամասներ կներկայացնե՞ք: Պարզեցի՞ք, ի վերջո, ինչն էր խնդիրը, պատճառը որն էր:
-Մենք երեկ առավոտյան տեղեկացանք, որ «Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել: Նրանք նշում էին, որ ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ:
-Քանի՞ աշխատակիցներ կային:
-Եթե չեմ սխալվում, 20 հոգի: Ֆիքսեցի մի բան, որ կային աշխատակիցներ, որոնք փորձաշրջան էին անցնում, որից հետո ՀՈԱԿ-ը չէր ցանկացել պայմանագիրը երկարարացնել: Կային աշխատակիցներ, որոնք փորձաշրջանի մեջ չէին: Նրանց դժգոհությունը մասամբ նոր տնօրենի հետ էր կապված, մասնավորապես բարձրաձայնում էին, որ իրենց հանդիպելիս չի բարեւում, ցտեսություն չի ասում, ինչ-որ կենցաղային հարցեր էին: Մենք խոստացանք, որ խորքային ուսումնասիրություն կանենք, կլսենք նաեւ հակառակ կողմին, որպեսզի ունենանք ճշգրիտ ինֆորմացիա: Քանի որ մի կողմի կարծիքը լսելով. ամեն մեկը ներկայացնում է իր շահը:
-Ազատման դիմումների մասին խոսեցի՞ք, կոնկրետ ինչի՞ հետ էին կապված ազատման ծանուցումները:
-Պատճառաբանում են նոր ղեկավարի հետ, չի ուզում շարունակել, աշխատել նրանց հետ: Կենցաղային մակարդակի խոսակցություններ էին: Բոլոր այն աշխատակիները, որոնք ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ, մենք պետք է վերցնենք նրանց աշխատանքային պայմանագրերը, ուսումնասիրելու ենք եւ տեսնենք՝ իրականությունը որն է, որպեսզի լինենք օբյեկտիվ: Ի վերջո, մենք կատարում ենք մեր վերահոսկողական ֆունկցիան, որից հետո կկատարենք մեր գործողությունները:
-Պարո՛ն Մանրիկյան, նաեւ նշվում էր քաղաքապետ Հայկ Մարության կնոջ անունը, իբրեւ թե ծանոթ, բարեկամ, խնամի ասվածը դեռ շարունակվում է, եւ իրենք ուզում են իրենց ծանոթներին աշխատանք տրամադրել: Փորձե՞լ եք հասկանալ կամ զրուցել Հայկ Մարությանի հետ, թե ինչու է մշտապես իր կնոջ անունը շրջանառվում: Ի՞նչն է խնդիրը:
-Անկեղծ ասած, այս խոսակցությունը վերաբերում է բոլոր քաղաքային կառավարման իշխանությանը, նույնիսկ կադրային: Վերջերս՝ ավագանու նիստի ընթացքում էլ է բարձրաձայնել քաղաքապետի կնոջ ներգրավվածությունը քաղաքային կառավարման մոդելի պրոցեսների մեջ: Ներկա պահին մի կողմը մեղադրում է, որ, օրինակ, Ձեր կինը մասնակցում է, եկել մեզ հետ է հանդիպել: Ես էս պահին գհահատական տալ չեմ կարող: Եթե նման բան չի եղել, ապա տիկին Իվա Մարությանը եւ քաղաքապետարանը պետք է հերքման պահանջով հանդես գան՝ որպես զրպարտություն: Իսկ եթե լռում են, հանդես չեն գալիս հերքման պահանջով, ուրեմն համապատասխանում է իրականությանը: Կասեմ այն, որ, այո, տիկին Մարությանը բազմաթիվ անգամներ եղել է Երեւանի քաղաքապետարանում: Ես անգամ գիտեմ, որ ամսիներ առաջ մասնագետներ էին հրավիրվել, եթե չեմ սխալվում, Ռուսաստանից, անվճար խորհրդակցություններ էին անցկացվում կանաչապատման հետ կապված հարցերի շուրջ: Եվ այդ շարժի մեջ տեսել ենք, որ կինը մասնակից է եղել: Այսինքն՝ քաղաքապետարանում նմանատիպ խոսակցությունները, այսպես ասած, օդից կախված կան: Բայց ես ինքս գնահատական եմ տալիս իրականության վրա, երբ ես ինքս կտեսնեմ իրականության մեջ, ինքս կգնահատեմ ու կբարձրաձայնեմ այդ ամենի մասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԱՊԱՆՈՒՄ ԴԵՌ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԿԱՆԿԱՊԱՆՈՒՄ ԴԵՌ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԿԱՆ
Մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը եւ հավաքներ անելու արգելքին՝ բավականին մեծ թվով մարդիկ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ: Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետեւանքով կատարված ձերբակալություններն էին:
ArmLur.am-ը եւս գրել էր, որ օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի համայքապետերի բնակարաններում, այդ թվում՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի բնակարաններում: Երեկ՝ ամբողջ օրը՝ մինչեւ ուշ գիշեր, քաջարանցիները հավաքված են եղել Ոստիկանության Կապանի բաժնի մոտ, մինչեւ ձերբակալված անձանց չտեղափոխեցին Երեւան:
ArmLur.am-ն այսօր զրուցել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այժմ քաղաքում:
-Պարո՛ն Փարսյան, ի՞նչ իրավիճակ է այժմ քաղաքում:
-Հիմա իրավիճակը հանգիստ է: Առավոտից որեւէ բողոքի ակցիա չի եղել, ոչ ոք չի հավաքվել: Ոչինչ չի շարունակվում, ամեն ինչ հանգիստ է, պարզապես ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ կան քաղաքում, շրջում են, ծանոթանում են իրավիճակին, աշխատանքներ են իրականացնում:
-Ձեր բնակարանում եւս խուզարկություն էր իրականացվել: Դուք ի՞նչ կապ ունեք դեպքերի հետ:
-Այո՛, իմ բնակարանում մոտ երեք շաբաթ առաջ խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը, նույն ժամին, ինչ մյուսների բնակարաններում:
-Իսկ ի՞նչ է հայտարարվել, ինչո՞ւ է Ձեր բնակարանում խուզարկություն իրականացվել:
-Քրեական գործի հետ է կապված: Դրա շրջանակներում ինչ-որ բաներ էին փնտրում այն բնակարանում, որտեղ հաշվառված է եղբայրս, սակայն նա արդեն տասը տարի է՝ այնտեղ չի բնակվում: Բնակվում եմ արդեն ես: Բայց ո՛չ ես, ո՛չ իմ եղբայրը որեւէ կապ չունենք քրեական գործերի հետ:
Հ.Գ. Տեղեկացանք, որ Կապան-Քաջարան ճանապարհին ամբողջ ավտոմեքենաները կանգնեցնում են եւ ստուգում: Բացի այդ, ոստիկանություն Կապան եւ Քաջարան քաղաքներում ոստիկանական խմբերով շրջում են թաղամասերում, տեղեկանում իրավիճակին: Ընդ որում, ոստիկանների մեծ մասը բերված են Երեւանից:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Մայիսի 25-ից Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը, ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության եւ վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն (մշտադիտարկում) է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում: այաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ: Աջափնյակ վարչական շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել: Մայիսի 25-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ Երեւանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում այաստանի Հանրապետության պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:
ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ
Մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինվորի սպանության վերաբերյալ: Դիմումատուները Հայաստանի երկու քաղաքացի Հայկ Մակուչյանը եւ այժմ արդեն հանգուցյալ Սամվել Մինասյանն են: Այս գործի հարցերով զբաղվում են պարոն Մինասյանի այրին եւ երեխաները: 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:
Հիշեցնենք, որ այս գործով ՀՀ կառավարության ներկայացուցիչը Գեւորգ Կոստանյանն է եղել։ Եվ այսօր պարզ կդառնա՝ նա որքանով է կարողացել ներկայացնել Հայաստանի շահերը Եվրադատարանում։