ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԱԶԴԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառ է , եւ արդեն ժամանակն է, որ զգեստապահարանները լցնենք ամառային թեթեւ եւ գունեղ հագուստներով, չնայած որ այս համաճարակային պայմաններում այնքան էլ հեշտ չէ տանից դուրս գալ եւ ցուցադրել մեր հագուստները, բայց «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ մեր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ նորաձեւության վրա համավարակի ազդեցության եւ «Գարուն-ամառ-2020» հավաքածուի վերջին միտումների մասին:

 

-Արայի՛կ, կորոնավիրուս համավարակը որքանո՞վ է ազդել 2020 թվականի նորաձեւության վրա:

-Ինչպես բոլոր բնագավառները, այնպես էլ նորաձեւության աշխարհը մեծ ճգնաժամ է ապրում: Հետաձգվել են բոլոր ցուցադրությունները՝ 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուները, սակայն նորաձեւության մասնագետները փորձում են ինչ-որ կերպ ներկայացնել այդ ամեն ինչը: Իմ կարծիքով՝ օնլայն հարթակով ցուցադրությունները կլինեն, սակայն կա մի տենդենց, որն ավելի առաջ է գնում` ֆոտոսեսիաների միջոցով ներկայացնել հագուստները, ավելի պատմության, կինոպատմության  տեսահոլովակի միջոցով, եւ դրա հետ մեկտեղ նորաձեւության տները վախենում են  անել ամբողջ տարվա պատրաստվելիք արտադրությունը, այլ անում են կապսուլային  փոքր հավաքածուներ՝  փորձելով հասկանալ, թե հետագայում ինչ է սպասվում նրանց:

-Ի՞նչ է թելադրում այսօրվա նորաձեւությունը:

-Մինչ համաճարակի սկսվելը այս տարվա տենդենցներն արդեն հայտնի էին, ու բոլորն անդրադարձել էին պրինտերով, գունավոր զարդանախշերով թիշերթերին, երկար թափանցիկ  վերնաշապիկները, տոպերն են շատ նորաձեւ, կարծես անխնամ վիճակում լինեն, այդպիսի տոպերն են ավելի նորաձեւ: Ավելի նորաձեւ են դասական բլուզները, ավելի կարճ տեսքով, որոնք զարդարված են մարգարիտներով, նուրբ, ոչ աչքի ընկնող քարերով:

-Այսօր ինչպիսի՞ գործվածքներից հագուստն է համարվում նորաձեւ:

-Նորաձեւ են համարվում բարակ ցանցերը, որոնք իրենց վրա կրում են քարիկներ, նուրբ գործվածքներ, իհարկե հնարավոր լինելու դեպքում կրել այդ աստիճանի բարակ ցանցերը, թելային գործվածքները, բայց ավելի շաքարաթելի հիմքի հիման վրա գործվածքները: Նորաձեւ են շիֆոնները, նուրբ բամբակյա գործվածքները:

-Կարճաթեւ բլուզների, տոպերի, վերնաշապիկների ո՞ր ձեւն է համարվում նորաոճ:

-Տաբատներն ավելի շատ լեգիզներն են նորաձեւ, կաշվե տեսքով, փայլուն, լատեքսի կտորից, որոնք համալրվում են նույն որակի պիջակներով:

-Իսկ տաբատների, կիստաբատների մասով ի՞նչ կասեք: Ի՞նչ մոդելներ են ընդգրկված հավաքածուում:

-Նորաձեւ են լայն թեւերով եւ փողքերով, երկար երեկոյան հագուստները, իսկ կիսաշրջազգեստներից նորաձեւության տենդենցները պահանջում են, եւ մնացել են դեռ նախորդ սեզոնից պլիսները, թավիշի, լատեքսի, փայլուն կաշվի եւ փարչայի գործվածքներով համալրված կիսաշրջազգեստները:

-Ո՞ր գույներն են այս տարի ավելի ակտուալ:

-Գույների առումով ակտուալ են  մանուշակագույնի, դեղինի, լիմոնի, լայմի երանգները, նորաձեւ են կապույտ, բաց կապույտը, որոնք համալրված են դեղին, բեժ, շագանակագույն պրինտերով, մանր ծաղիկներով, որոնք խորհրդանշում են գարունն ու ամբողջ ամառվա սեզոնին ակտուալ են,բայց նուրբ երանգներով, ոչ աչքի ընկնող:

-Հետեւո՞ւմ եք արդյոք մեր աղջիկների ու կանանց կերպարներին, արդյոք համընթաց քայլո՞ւմ են աշխարհի նորաձեւության հետ:

-Իրականում չեմ կարող ասել, թե հայ աղջիկները հետեւում են, թե չէ, քանի որ երկու-երեք ամսից ավել է՝ բոլորը տանը փակված են, սակայն կա մի տենդենց, որ ինստագրամից եւ ֆեյբուքից կարողանում ես հասկանալ, որ բոլորն ունեն ցանկություն հագնվելու, դուրս գալու, ցուցադրվելու, քանի որ անում էին հումորային փոքրիկ ռոլիկներ, որտեղ բոլորն ինչ-որ ձեւ համադրում էին իրենց հագուստները, լուսանկարվում: Շատ նորաձեւ էր տարբեր գործվածքներից տարբեր ճանապարհներով ստացված մասկաները, որը մեծ բում առաջացրեց հենց մեր հայ աղջիկների շրջանում, քանի որ, չգիտես ինչու, ուզում էին կրել զարդարված դիմակներ:

-Ի՞նչ խորհուրդներ կտաք մեր կանանց ու աղջիկներին:

-Խորհուրդս նույնն է. ինչքան էլ լինի համաճարակ, թող փորձեն հագնվել ավելի վառ գույներ, այն, ինչ-որ իրենք սիրում են, թող երբեք չազդի դա տրամադրության վրա, այլ, հակառակը, հագուստով թող բարձրանա տրամադրությունը: Վստահ եմ, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, հագնվելու են նորաձեւ եւ հետեւելու են թրենդներին:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԻՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԿՈՉԵԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆՈՎ»

«Այս տարիների ընթացքում մեր երկրում երկու առաջարկ է եղել՝ Շառլ Ազնավուրի հետ կապված՝ մեկը, որ ՀՀ պետական օրհներգը փոխարինվի Ազնավուրի «Pour toi Armeni» երգով, եւ մի առաջարկ էլ կա, որ «Զվարթնոցը» վերանվանվի Շառլ Ազնավուրի անունով: Ես ազնավուրապաշտ մարդ  եմ, ինձանից շատ թող ոչ մեկը Ազնավուրին չսիրի, բայց, իմ կարծիքով, «Զվարթնոցը» պետք չէ վերանվանել Շառլ Ազնավուրի անունով»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտնել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու շուրջ ծավալվող քննադատություններին:

 

«Շառլ Ազնավուրի անունով կան հրապարակներ, փողոցներ, դա ուրիշ հարց է, իսկ «Զվարթոնցը» պատմական, մեր հին պատմություն կրող մի ծառ է, որի մեջ կա հայկական շունչ, արմատ, ինչ-որ մի բան, որն անձամբ ես զգում եմ, եւ չեմ հասկանում, թե ինչու համար պետք է փոխեն Շառլ Ազնավուրի անունով: Եթե մեծանուն հայերի իմաստով ենք նայում, շատ անվանի հայեր կան, ինչո՞ւ հենց Ազնավուրը: Ամենակարեւորը, «Զվարթնոց» անվան հետ պատմություն կա, որը դարերի խորքից է գալիս, 6-7-րդ դարերի շունչ ունի իր մեջ: Ազնավուրի անունով կարող եմ մեր բնակարանը կոչել, խնդիրն ամենեւին անունը չէ, պարզապես փոխելով «Զվարթնոց» բառը՝ մենք մի պատմական կապ կորցնելու ենք, իսկ դա շատ վատ բան է, մանավանդ, երբ ապրում ենք մի դարում, երբ բացառիկ գլոբալիզացիա է, երբ բոլոր ժողովուրդները սկսել են կորցնել իրենց դեմքը, որտեղ արժեքները դառնում են բոլորինը, չկա էլ ֆրանսիական, հայկական, բոլորս այսպես ենք, բոլորս այնպես ենք, եւ հենց այս պարագայում մենք պետք է կառչենք մեր պատմությունից, մեկ բառն անգամ կարող է կարեւոր լինել»,-ընդգծում է Հայկ Պետրոսյանը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ Ազնավուրն իսկապես մեծ հայ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, եւ  «Ազնավուր» հիմնադրամը «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առաջարկությամբ դիմել էին ՀՀ կառավարությանը, որն էլ այս կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար դիմել է ՀՀ հանրային խորհուրդին:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

3 ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Անցած հանգստյան օրերին կայացան 2019-20 մրցաշրջանի 18-րդ տուրի 3 հանդիպում: Մարզային դերբիում «Լոռին» հաղթեց «Շիրակին» (2:1), գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ փոխչեմպիոն «Փյունիկին» (3:0), իսկ «Նոան»՝ «Ալաշկերտին» (1:0): Տուրի վերջին հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 25-ին: «Արարատն» ընդունելու է «Ուրարտուին»: Այս տուրում պետք է կայանար նաեւ «Երեւան»-«Գանձասաար-Կապան» խաղը, սակայն «Երեւանը» դուրս է եկել մրցաշարից, եւ նրա հաշվին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: 18-րդ տուրը Բարձարգույն խմբի առաջնության առաջին հատվածի վերջին տուրն է: Դրանից հետո առաջին 6 տեղերը գրաված թիմերը, 2 շրջանով խաղալով, որոշելու են մրցանակակիրներին: Մնացած 3 թիմերը նույնպես 2 շրջանով են խաղալու, սակայն մարզական նպատակներ իրենց առջեւ չունեն: Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի առաջնությունում դադար էր հայտարարվել մարտի սկզբին: Վերջին խաղերը կայացել էին մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին:

 




Լրահոս