ՍԴ-Ի ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու եւ հանրաքվեի սխեմայից հրաժարվելու հարցի շուրջ խոսել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ:

-Տիկի՛ն Ջուլհակյան, արդեն որոշում կա, որ Ազգային Ժողովը պետք է որոշի Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հարցը: Բայց պետք է նաեւ քննարկում ունենանք ընդդիմության հետ: Արդյոք իրենք համաձա՞յն են խորհրդարանի միջոցով այդ հարցը լուծել:

-Մենք չենք ասել, որ կա վերջնական որոշում, մենք ասել ենք, որ կոնսուլտացիներ են վարում, եւ խորհրդատվական կարծիք ենք հայցել մեր միջազգային գործընկերներից Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հնարավորությունների ուղղությամբ: Հիմա, այո, մեկ տարբերակ է քննարկվում: Քննարկման արդյունքում պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով ենք շարժվում  կամ ճիշտ նախանշած ճանապարհով շարժվում ենք, թե ոչ:

Ինչ  վերաբերում է խորհրդարանական գործընկներին, ապա նրանց հետ շուտով կսկսեն քննարկումները: Ես  չեմ կարծում, որ նրանք պետք է ընդդիմանան խորհրդարանի միջոցով հարցը լուծելուն: Նաեւ պետք է նշեմ, որ առ այսօր ՍԴ-ի ճգնաժամի լուծմանն ուղղված մեր ջանքերի հարցում խորհրդարանական ընդդիմությունը կա՛մ կրավորական կեցվածք է ընդունել, կա՛մ ընդդիմացել: Գուցե բնական է, քանի որ ընդդիմությունը չի համարում, որ պարտավոր է այդ հարցը լուծել, կամ քաղաքական պատասխանատվություն չի ցանկանում ստանձնել: Եվ այս պայմաններում, կարծում եմ, մեր ձայնը եւ մեր հանձնառությունն այս հարցը լուծելուն բոլորովին բավարար է:

-Եթե կար այս տարբերակը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալ եւ հարցը լուծել խորհրդարանում, ապա ինչո՞ւ գնացիք հանրաքվեի տարբերակին: Ընդդիմությունն ասում է, որ պետք է շարունակել հանրաքվեի ձեւաչափով հարցին լուծում տալ: Դուք այդ կարծիքը կիսո՞ւմ եք:

-Ես չգիտեմ՝ ընդդիմության կոնկրետ որ հատվածին նկատի ունեք, որովհետեւ տաբեր հատվածների կողմից տարբեր կարծիքներ են հնչեցվում: Եթե նկատի ունեք Դավիթ Հարությունյանի կարծիքը, եթե չեմ սխալվում, նույն Դավիթ Հարությունյանը ժամանակին հանրաքվեն էր քննադատում, հետեւաբար ես կարծում եմ,  որ պետք է նրանից հարցնել, թե որն է նման հակասական կարծիքներ հայտնելու պատճառը: Կարծում եմ, որ ցանկացած տարբերակի դեպքում, միեւնույնն է, անձը կամ այն քաղաքական ուժը, որը շահագրգռված չէ ՍԴ-ի ճգնաժամի լուծման, բնական է, որ ցանկացած տարբերակի նկատամբ ունենալու է հակափաստարկներ կամ դրանք ներկայացնելու է որպես հակափաստարկներ եւ ընդդիմանալու է, որովհետեւ խնդիրը, բնականաբար, չի ցանկանում լուծված տեսնել: Ինչ վերաբերում է  խորհրդարանական ընդդիմությանը, ապա նշեմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերներն այն ժամանակ, երբ մենք հայտարարեցինք, որ հանրաքվեով ենք հարցը ցանկանում լուծել, նրանք ասացին, որ ինչու եք զուր փող վատնում, եւ ավելի լավ կլինի դա լուծել խորհրդարանի միջոցով: Իհարկե, ես վստահ եմ, որ եթե մենք ասեինք, որ հարցն ուզում ենք լուծել խորհրդարանի միջոցով, իրենք հակառակն էին ասելու: Այսինքն՝ ցանկացած տարբերակի դեպքում, միեւնույնն է, հակափաստարկներ կամ հակառակ կարծիքներ են հնչեցվելու: Ինչեւէ, քանի որ նրանք արդեն իսկ հանդես են եկել նման տեսակետով, ապա ես կարծում եմ, որ պետք է հետեւողական լինեն եւ պաշտպանեն խորհրդարանի միջոցով ՍԴ-ի ճգնաժամը լուծելու այս տարբերակը:

-Գաղտնիք չէ, որ Հրայր Թովմասյանի՝ ո՛չ լեգիտիմ, ո՛չ իշխանամետ լինելու, նրա հեռանալու հարցն էր քննարկվում: Մի փոքր  կմանրամասե՞ք, Հրայր Թովմասյանը շարրունակելո՞ւ է լինել որպես դատավոր: Իշխանությունը կհանդուրժի՞ նրան տեսնել որպես դատավոր:

-Մենք ի սկզբանե ասել ենք, որ անձերի խնդիր չենք լուծում, այլ Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարց ենք լուծում եւ Սահմանադրական դատարանի հեղինակության բարձարցման հարց ենք լուծում: Եվ պարոն Թովմասյանի հարցը միայն մեկ դրվագով է դրված եղել, երբ մենք ունեինք հիմնավոր կասկած, որ վերջինս էական կարգապահական խախտում է թույլ տվել, եւ, ըստ ՍԴ մասին օրենքի, Ազգային ժողովը կարող է դիմել Սահմանադրական դատարանին եւ միջնորդել, որ վերջինս ենթարկի իր ադամին կարգապահական պատասխանատվության նրան դատավորի պաշտոնից զրկելու միջոցով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՐԵՆՔՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Կարապետյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում: Ինչպես հայտնի է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2020թ. հունվարի 21-ի սահմանադրական օրենքով նախատեսվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից անցում քաղաքացիական ծառայության, որը պետք է իրականացվի Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքին համապատասխան 2020թ.  հուլիսի 31-ից հետո: Սակայն ներկայացված նախագծով պատգամավորները փաստում են, որ այդ օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված չէ, իսկ առանց դրա ընդունման հնարավոր չէ պատշաճ կարգով կազմակերպել նախատեսվող անցումը, եւ անհրաժեշտություն է առաջացել փոխելու օրենքով սահմանված ժամկետները: Եվ, ահա, այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ԱԺ-ի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար եւ վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի համար: 2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար եւ 21.200 վճարովի տեղ: Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար: Պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով՝ 24 տեղ: Դոկտորանտուրայի համար պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ:

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԿԱՑՆՈՎ ՄՈՐԹԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Մեղադրյալի աթոռին Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչներ են՝ որդի եւ հայր: 1983թ. ծնված Արթուր Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում՝ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իր վարած «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելու ժամանակ, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակներում տեղաշարժման թերթիկի առկայությունը  ստուգելու նպատակով կանգնեցվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Պետրոսյանի, Արսեն Բաղդասարյանի, Հրայր Հարությունյանի կողմից: Ավտոմեքենայի ուղեւոր, Արթուր Արզումանյանի եղբայր Էդգար Արզումանյանի անձը հաստատող, ինչպես նաեւ տեղաշարժի համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերի բացակայության պատճառով վերջինս հրավիրվել  է ոստիկանության բաժին, սակայն Արթուր Արզումանյանը եղբոր հետ նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի եւ  ժամանել Տավուշ գյուղում գտնվող իրենց առանձնատուն:

Ոստիկանության ծառայողները Էդգար Արզումանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու նպատակով հետապնդել եւ ժամանել են նույն տան բակ, սակայն Արթուր Արզումանյանը հոր՝ Հրաչիկ Արզումանյանի հետ, խմբի կազմում հայհոյելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, նրանց նկատմամբ հնչեցրել են բռնություն գործադրելու իրական սպառնալիքներ, այն է՝ Արթուրը  կացինը ձեռքին  փորձել է  մոտենալ եւ այդ ընթացքում սպառնացել է  վնասել, մորթել ոստիկաններին, ինչի հետեւանքով նրանց հաջողվել է ժամանակավոր խոչընդոտել ոստիկանության աշխատակիցների ծառայությունը: 1958թ. ծնված  Հրաչիկ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, կյանքի եւ առողջության  համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ ձեռքերով կրծքավանդակի շրջանում  հրել է իշխանության  ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:  Արթուր եւ Հրաչիկ Արզումանյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու  մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս