ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նոր կորոնավիրուսի ախտահարումների թիվը մայիսի 26-ին անցել է 5 միլիոն 600 հազարը, մահացել է շուրջ 350 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 380 հազար հիվանդ: Մեծ թվով երկրներ թուլացնում են կարանտինի ռեժիմը, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ կապակցությամբ աշխարհին դիմում է զգոնության կոչով՝ առ այն, որ սահմանափակումների անխոհեմ չեղարկումը գրեթե անխուսափելիորեն կառաջացնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք:

 

«Մենք չենք կարող ենթադրել, թե միայն այն պատճառով, որ վարակի տարածման տեմպը հիմա իջնում է, ուրեմն այդպես էլ կշարունակվի, եւ մենք կունենանք երկրորդ ալիքին նախապատրաստվելու մի քանի ամիս: Մենք կարող ենք երկրորդ ալիքը հենց այս փուլում տեսնել», – ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը: Եվրոպայում փորձում են աստիճանաբար վերականգնել բնականոն կյանքի նորմերը: Համավարակի տարածումը հիմնականում հսկողության տակ է, բայց, Ռայանի փոխանցմամբ, Հարավային Ամերիկայում, Հարավային Ասիայում եւ Աֆրիկայում կորոնավիրուսի ավերիչ արշավը դեռ նոր է հզորանում:

Ամերիկայում, որտեղ զոհերի թիվը մոտենում է 100 հազարի, եւ վարակի պատճառով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից, բոլոր 50 նահանգներն արդեն թուլացնում են բիզնեսի եւ սոցիալական ակտիվության սահմանափակումները: Մինչդեռ, ըստ Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների, նահանգների գրեթե կեսից ստացվող տվյալները թույլ են տալիս ասել, որ այնտեղ հիմա ոչ թե հիվանդության առանձին դեպքեր են, այլ հենց էպիդեմիա է:Կարանտինի խստացումների չհաշվարկված չեղարկումներից բխող երկրորդ ալիքի վտանգի մասին է խոսել նաեւ ԱՀԿ ավագ համաճարակաբան Մարիա Վան Կերկոֆը. «Բոլոր երկրները պետք է զգոն լինեն, պետք է պատրաստ լինեն անցկացնել արագ թեստեր, նույնիսկ, ինչպես Մայք Ռայանը նշեց, այն երկրները, որոնք հաջողության են հասել եւ զսպել են վարակը: Պետք է նախապատրաստվեն նույնիսկ այն երկրները, որտեղ ախտահարումների թիվը նվազում է»: Նոր վակցինայի փորձարկման առաջին փուլը կամփոփվի հուլիսին, մինչդեռ մոլորակի առաջատար լաբորատորիաները շարունակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքը: Novavax ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը կլինիկական փորձարկումներն  Ավստրալիայում է անցկացնում: Ծրագրին արդեն միացել են կամավորներ, նախնական արդյունքները, ենթադրաբար, կամփոփվեն այս տարվա հուլիսին: «Այս փորձը շատ արագ կընթանա, ամեն ինչ պատրաստ է, պատրաստ ենք անցկացնել անալիզները: Հենց տեսնենք արդյունքը, անմիջապես կանցնենք երկրորդ փուլին: Կտեսնենք՝ արդյոք վակցինան կկանխի SARS COVID 2 տեսակի հիվանդության հետ առնչվող այս հիվանդությունը», – ասել է Novavax ընկերության գիտնականների խմբի ղեկավար, դոկտոր Գրեգորի Գլենը: Ադյուվանտների նշանակությունը ոչ թե տկարացած իմունային համակարգի առողջացումն է, այլ առողջ օրգանիզմում իմունային արձագանքի կարգավորումը:

Եվրամիությունն արդեն մոտ 9,5 միլիարդ եվրո է հանգանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծելու համար. հաղորդել է Եվրահանձնաժողովի նախագահը: «Սա հրաշալի արդյունք է», – գրել է Ուրսուլա ֆեն դեր Լեյենը Թվիթերի իր էջում՝ հավելելով. «Մենք հասանք համերաշխության»: Դրամահավաքը սկսել էր մոտ երեք շաբաթ առաջ Եվրամիության ջանքերով: Հանգանակությանը մասնակցել են տասնյակ երկրների կառավարություններ, բարեգործական հիմնադրամներ ու գործարարներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե իր նպատակն է ոչ միայն նպաստել դեղամիջոցների մշակմանը, այլեւ երաշխավորել, որ դրանք հասանելի դառնան բոլորին:

Ն. Պ.

 




Լրահոս