ԼԻԴՈՒՇԻԿՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Լիդուշիկի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ առաջին անգամ հեռուստասերիալում նկարահանվելու մասին:

-Լիդուշի՛կ, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չեք: Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:

-Չէի ասի, որ ակտիվ չեմ, պարզապես զբաղվածությունս հիմա շատ է, քանի որ ես այժմ իմ գործի հետ մեկտեղ ուսանող եմ, սովորում եմ Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում: 2019-ին ունեցել եմ նոր տեսահոլովակ, երկու մենահամերգ Գյումրիում եւ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ համերգային հրավերով եղել եմ Փարիզում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում:

-Տեսահոլովակի պրեմիերա, միգուցե նոր զուգերգ սպասվո՞ւմ է:

– Նոր տեսահոլովակներ ծրագրված ունեինք, որոնք պետք է  արդեն նկարահանված լինեին, սակայն կորոնավիրուսի հետ կապված՝ մի քանի ամսով բոլորիս ծրագրերը հետ ընկան: Իսկ նոր զուգերգ, ոչ, չի սպասվում

-Դուք նկարահանվում եք նաեւ «Խաբկանք» հեռուստասերիալում: Ինչպե՞ս եղավ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

-Այս տարի՝ Ամանորին, մեկնել էի ԱՄՆ մեկ ամսով: Երբ այնտեղ եմ լինում, բնականաբար աշխատում եմ հանդիպել իմ բոլոր ընկերների ու ծանոթների հետ, եւ այդ հանդիպումներից մեկն էլ իմ շատ սիրելի Անուշիկ Պետրոսյանի հետ էր, ով հանդիսանում է սերիալի սցենարիստը: Նա առաջարկեց ինձ նկարահանվել սերիալում, ներկայացրեց իմ կերպարը, եւ այն ինձ շատ դուր եկավ: Այնուհետեւ, երբ արդեն Հայաստանում էի, մեզ հետ կապվեց USArmeniaTV-ի տնօրենը եւ ավելի հստակ ներկայացրեց սերիալում իմ դերը:

-Նախկինում երբեւէ նման փորձ ունեցե՞լ եք:

-Ես ֆիլմում նկարահանվելու փորձ արդեն ունեի, ի դեպ, ուզում եմ նշել, որ այդ ֆիլմի սցենարիստը նույնպես եղել է Անուշիկ Պետրոսյանը, որտեղից էլ նրան սկսեցի ճանաչել, սակայն սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձը սա է:

-Որեւէ մտավախություն չունե՞ք, որ սերիալային աշխարհը կարող է Ձեզ շեղել այն հիմքից, որը դեռ փոքր հասակից եք դրել:

-Ոչ, չի կարող: Ես դա վստահ կարող եմ ասել: Ես երգչուհի եմ ու չեմ ցանկանա, որ ինձ որպես դերասանուհի ճանաչեն:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր կերպարի մասին, որը մարմնավորում եք:

-Մի փոքր բացեմ փակագծերը հանդիսատեսի համար ու ասեմ, որ իմ կերպարը մարմնավորում է հենց ինձ՝ ուրախ, աշխույժ երգչուհու կերպար:

-Այլ ֆիլմերում կամ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:

-Ո՛չ, չունեմ դեռեւս:

-Լիդուշի՛կ, Ձեր լավագույն երգերը մանկական երգերն են, որով եւ Ձեզ այսօր ճանաչում եւ սիրում են, «փոքրերի աշխարհից» տեղափոխվելով մեծերի աշխարհ՝ ի՞նչ նոր բացահայտումներ արեցիք Ձեզ համար, որ մինչ այդ չէիք նկատել:

-Բացահայտումն այն է, որ ինչքան էլ լինեմ մեծերի աշխարհում, բոլորի համար ես մնում եմ նույն Լիդուշիկը:

-Բոլոր տարիների երգիչ-երգչուհիները խոսում են շոու-բիզնես մուտք գործելու իրենց դժվարին ճանապարհի, թիկունքից հարվածողների մասին: Դուք ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

-Առհասարակ, եթե մարդը որեւէ նպատակ ունի ու ձգտում է հասնել իր նպատակին իր ուժերով, ճանապարհին ունենում է մեծ դժվարություններ: Լինում են հեշտ ճանպարհ գտած մարդիկ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ եւ ամեն կերպ փակել քո ճանապարհը, եւ նման մարդիկ հիմնականում թիկունքից են հարվածում: Նրանք եղել են, կան ու, կարծում եմ, կլինեն, քանի դեռ ես շարունակում եմ քայլել իմ ճանապարհով:

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության բանաձեւը:

-Պարզությունն ու անկեղծությունը:

-Կորոնավիրուս համաճարակի պատճառով մարդիկ այսօր կյանք ու մահվան դեմ պայքարում են: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կհաղթահարենք:

-Կորոնավիրուսի հաղթահարման տարբերակը մեկուսանալն ու սահմանափակումներն էին, որոնք իրենց արդյունքը չտվեցին մեր երկրում: Հաղթահարելու այլ եղանակ չկա, ամեն մարդ ինքը պիտի լինի զգույշ եւ բարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը:

-Սահմանափակումների թուլացման հետ վարկաված քաղաքացիների թիվը կտրուկ ավելացավ: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր արդյոք սահմանափակումների թուլացումը:

-Սահմանափակումները կիրառելու երկու ամիսներին պետք էր ավելի խիստ լինել, մարդիկ շարունակում էին հավաքույթներ, շփումներ փողոցներում, բակերում: Իսկ հիմա սահմանափակումները պետք է հանվեին, քանի որ մարդիկ ապրելու համար պետք է աշխատանքի գնան: Պարզապես պետք է ամեն մարդ գիտակցի, որ ժամանակ անցկացնելու կամ զվարճանալու համար պետք չէ տանից դուրս գալ եւ վտանգել ուրիշների կյանքը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՄ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Եթե համաշխարհային մամուլից ենք նայում, ապա կեսը գրում են՝ ճիշտ է, մյուս կեսը գրում են՝ սուտ է, ու չգիտենք, թե ում հավատանք, ուստի ես ապավինում եմ Բարձրյալին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանը, պաշտպանիչ դիմակների պարտադիր կրելուն ու կանխատեսումներին:

 

«Դե հիմա, մա՛րդ արարած, արի ու հասկացի, թե որն է ճիշտ, որն է սուտ: Ես Նաստրադամուսը չեմ, որ ինչ-որ կանխատեսումներ անեմ, սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»,-նշել է դերասանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտաշես Ալեքսանյանը անդրադարձել է նաեւ ստեղծագործական գործունեությանը, որն, ըստ մեր զրուցակցի, այս շրջանում գտնվում է պասիվ փուլում:

«Դեկտեմբեր ամսից գործազուրկ եմ, ու չգիտեմ, թե այս ամենն ինչքան կարող է շարունակվել: Փակ են թատրոնները, ռեստորանները, հեռուստատեսություններում նկարահանումներ չկան ու այսպես շարունակ»,- ընդգծել է Արտաշես Ալեքսանյանը:

Նշենք, որ մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք եւ 75 առողջացած:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական «Միլան»: Արքայական ակումբը համաձայնել է Յովիչին 1 տարով վարձակալության հանձնել «Միլանին»: Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Արսենալը»: 22-ամյա Լուկա Յովիչն անցած ամռանը 60 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մադրիդ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից», սակայն չամրապնդվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հիմնական կազմում:

 

ԼՈՒՐՋ ՉԷ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքը լուրջ չէ: 38-ամյա հարձակվողը մի քանի օրից կկարողանա վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում:  Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 25-ին տեղի ունեցած մարզման ընթացքում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ:

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ամեն գնով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»: Յուվենտուս վերադառնալու համար 27-ամյա կիսապաշտպանը պատրաստ է հրաժարվել բարձր աշխատավարձից: Ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ Միլանի «Ինտերը»: Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին: «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո:

 

ԱՄԵՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾԸ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ համարում է իրեն լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ:

«Ես չգիտեմ մի ֆուտբոլիստի, որն ավելի լավն է, քան ես: Ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել եւ չի կարողանում խաղադաշտում անել այն, ինչ ես եմ անում: Վստահ եմ, որ ես ամենակատարելագործված ֆուտբոլիստն եմ ու լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոնալդուն արդեն վերսկսել է մարզումները «Յուվենտուսի» մարզաբազայում:

 




Լրահոս