Ռաֆայել Երանոսյանը՝ «Արի՛, ամուսնանանք» նախագծի եւ դերասանների վատ վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը (Ռաֆոն) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է իր «Արի, ամուսնանանք» խորագրով ուղիղ եթերների արձագանքի, նոր նախագծերի մասին:

«Իրականում «Արի, ամուսնանանք» նախագիծը, որը ես այնքան էլ նախագիծ չեմ կոչում, հատուկ մտածված չի եղել, եւ քանի որ բոլորս տանն ենք, ես որոշեցի, որ այդպես կարելի է ժողովրդի հետ շփվել, նրանց կտրել առօրյա հոգսերից, հետո ընթացքում ավելի լրջացավ, եւ մարդիկ սկսեցին զանգահարել։ Ուղիղ եթերների շնորհիվ շատ մարդիկ միմյանց հետ ծանոթացել են, շփվում են, ու այդպես լավ բան եղավ: Ես այս լայվերից ինչ-որ ակնկալիքներ չունեմ, սա հատուկ մտածված մեգգա նախագիծ չէ, պարզապես փորձում եմ այս դժվարին ընթացքում իմ լայվերով կտրել մարդկանց առօրյա հոգսերից»,-նշում է դերասանը:

Դերասանը մեզ հետ զրույցում պատմում է, որ հաճախ մարդիկ իրեն գրում են, թե Ռաֆո ջան լայվի ժամանակ հավանել ենք աղջկա, ինչպես կարող ենք նրա հետը ծանոթանալ, որտեղից է եւ այլն։

Մեր այն հարցին, թե արդյոք եղել են զույգեր, որ ծանոթացել են իր նախագծի շրջանակում, նա պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ իմ լայվերի միջոցով, եթե մի զույգ ամուսնանա, որոշեն, որ պետք է ընտանիք կազմեն, ապա ես իրենց հարսանյաց արարողությունը լրիվ անվճար կվարեմ»:

Ռաֆոյի խոսքով` լայվերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս համավարակը չի նահանջել. «Հիմա կարող է «Արի, ամուսնանանք» նախագիծը փոխվի օրինակ` «Ինչ հետաքրքիր դեպքեր կպատմեք Ձեր ամուսնական կյանքից», այսինքն` այնքան, մինչեւ այս ամեն ինչը վերջանա, մենք էլ դուրս գանք գնանք ներկայացումներ խաղանք»:

Մեզ հետ զրույցի ընթացքում անդրադառնալով վերջերս հայտնիների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացված բողոքի ակցիային, նա ընդգծում է.

«Այնպես չէ, որ ես միշտ եղել եմ հանդիսավար, բայց այդ նույն խնդիրը վերաբերվում է նաեւ թատրոններին, թատրոններն էլ չեն գործում, եւ դերասանները մատնված են անգործության, այն ժամանակ, երբ դերասանը շատ խաղալով կարողանում էր վաստակել գումար` այսօր մնացել է աշխատավարձի հույսին: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, Կառավարությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի վարակը շուտ կանխվի, իսկ մարդը, երբ հասկանում է, որ գրպանի գումարը վերջանում է, երբ իր երեխային պետք է պահի, ինքը դուրս է գալիս բողոքի ակցիաներ է անում»:

Ռաֆայել Երանոսյանի փոխանցմամբ` թատրոններում պետական աշխատավարձը շատ ցածր է, օրինակ` ընդգծում է, որ իր աշխատավարձը Կամերային թատրոնում 63 հազար դրամ է, որով ապրել նա չի կարող:

«Օրինակ` իմ աշխատավարձը 63 հազար դրամ է, գնացի փորձի տաքսի նստեցի կամ վառելիքի գումար ծախսեցի, ընդմիջում արեցի, այդ գումարը վերջացավ, դրա համար ավելի լավ է ես նստեմ տանը։ Խոսքը միայն իմ մասին չէ, այլ շատ կոլեգաների, ու դեռ պարզ չէ, թե թատրոնները երբ բաց կլինեն, որպեսզի գոնե մի 300-ից 350 հազար դրամ գումար վաստակենք»,-նշում է նա:

Ըստ նրա` այս պահին Կամերային թատրոնի տնօրինությունը փորձում է ինչ-որ ելքեր գտնել, օնլայն ներկայացումներ անել, որպեսզի դերասանները գոնե ինչ-որ չափով գումար վաստակեն:

Ինչ վերաբերվում է նոր նախագծերին, Ռաֆայել Երանոսյանը նշում է.

«Այս ընթացքում ընկերներս անում են մի նոր նախագիծ, որը կոչվում է «Լա կասսա, դե պապալ», որը թողարկվելու է մեր «Դեպուտատի շոու»-ի յութուբյան էջով, եւ ես էլ անում եմ մի նոր նախագիծ, բայց դեռ գաղտնիքները շատ չեմ ուզում բացել, ինքը մեդլայթ շոու է լինելու, դեռ քննարկումների, խմորումների գործընթացի մեջ է, երեւի, թե շատ շուտով կլինի յութուբում, եւ մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն»:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս