Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կարվեն: Այս փոփոխությամբ գույքահարկը կավելանա: Կառավարության մեկնաբանության մեջ նշվում է, որ  նախագծի նպատակը, կադաստրային արժեքների հիման վրա, անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը եւ դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Հիմնավորման համաձայն՝ գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջակներում ուսումնասիրվել եւ վերլուծվել են հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի եւ սանդղակների մինչեւ հինգ տարբերակներ։ Համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաեւ, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի եւ դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի եւ դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը:

Առաջարկվում է նաեւ սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաեւ նոր դրույքաչափեր: Նախատեսվում է վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների մասով՝ մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0?05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։

Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ.-ին՝ 50 տոկոսը, 2023 թ.-ին՝ 75 տոկոսը, եւ նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թ.-ից: Նախագծի ընդունման եւ կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ՝ ապահովելով պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը։ Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում քննարկման ժամանակ նկատեց. «Սա կարեւորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատեւ եւ մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը, այո, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ քննադատությունները շատ էր, շատ էր խոսվում, որ համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք: Մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում: Այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում մի շարք կարեւոր, հեղափոխական նշանակության փոփոխություններ», – նշեց նա:

Վարչապետը նշել է, որ այժմ մարդիկ տներ են կառուցում՝ առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու: «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես, ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների եւ պարտականությունների միջեւ ճիշտ բալանս տեղի ունենա»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՏՐԱՄԱԴՐԵՆ

Կառավարությունն ընդունել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ ԲԳՎ-ների տրամադրման միջոցով: «Մասնավորապես նախատեսվում է 2 միլիարդ 169 միլիոն 750 հազար դրամն ուղղել Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների 185 ընտանիքների  բնակապահովման հարցի լուծմանը»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, այսինքն՝ մենք ապահովում ենք, որ ժամանակավոր կացարանները բնակարան ձեռք բերելու պահին ազատվե՞ն, եւ դրական պատասխան է ստացել: «Այնպես չլինի, որ տնակների պատմությանը հանդիպենք, երբ ընտանիքը բնակարան է ստանում, բայց նախընտրում է իր տիրապետության տակ պահել նաեւ ժամանակավոր կացարանը»,-ասել է վարչապետը:

 

 

ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ

Որոշում է կայացվել վերաբաշխում կատարել բյուջեի միջոցառումներում եւ 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին՝ յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ եւ ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:  Որոշման մեջ նշվում է, որ այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճառ, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաեւ օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Սամվել Ավանեսյանին Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին:

 

 

ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հայտնի է, որ Ազգային ժողովի շենք մտնելիս իրականացվում է ջերմաչափում, ապա պաշտպանիչ դիմակ չունենալու դեպքում նաեւ տրամադրվում է այն: Սակայն ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երեկ արդեն այլ որոշում էր կայացվել: Նախ՝ Ազգային ժողովի շենք մուտք գործելն է խստացվել, ոչ միայն լրագրողների վկայականներն են ստուգում, այլեւ առաջարկում այն անպայման փակցնել, բացի այդ, երեկ արդեն ջերմաչափում բժիշկներն էին իրականացնում: Եվ մեկ այլ փոփոխություն եւս. այլեւս դիմակ չեն տրամադրում: Դիմակ չունենալու պարագայում շենք չես կարողանա մուտք գործել:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: ArmLur.am-ը տեղեկացել է, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Երեւանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների եւ դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ու դրանց պիտանելիությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար էր տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ: Անգամ ԱԱԾ-ն քննություն էր սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ հանձանժողովը աշխատանքային խմբի ղեկավարը վեցամսյա ժամկետում պետք է վարչապետի աշխատակազմին ներկայացնի դրանց հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների՝ էքսկուրսիաների, հավաքների եւ ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում: Ուստի, ինչպես նշել է նախարարը, տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, Առողջապահության նախարարության բոլոր ցուցումները եւ պարետատան սահմանած կանոնները պահելու մասին:

 

 




Լրահոս