ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը մայիսի 14-ին որոշում էր կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը երկայացնել մինչեւ մայիսի 14-ը: Այս որոշման պատճառով էլ հնարավոր չեղավ կազմակերպել հանրաքվեն, որը պետք է տեղի ունենար դեռ ապրիլին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ, այն է՝ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- նախագիծը ներկայացնելիս նշեց Հովակիմյանը:

Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա: Վահագն Հովակիմյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարեւոր է, քան հանրաքվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 21-ին գրել էր, որ Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որեւէ ձեւով խորհրդարանում լուծելու տարբերակը, եւ այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթն առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ էր ներկայացրել: Գրել էինք, որ  Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որեւէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: Չնայած դրան՝ կար դրույթ, որով էլ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ, ահա, այժմ առաջին հերթին նախագիծ բերվեց խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում քվեարկության միջոցով:

Նշենք, որ ի սկզբանե՝ մինչեւ հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը եւս  քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ, ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել

Հավելենք նաեւ, որ այշմ իշխանությունները մեկ այլ տարբերակ են քննարկում: Եվ, ըստ այդմ, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Այս տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչեւ թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի:

Այսինքն՝ վեթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, եւ առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, հետո եւս երկուսը, եւ այդպես շարունակ: Այսպիսով, իշխանությունները հնարավորություն են ունենում «գահընկեց» անել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից, նրան թողնել որպես ՍԴ շարքային անդամ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՔԱՐՈՎ ԾԵԾԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ Է

Նախօրեին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերել են մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին՝ գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ զրկել կյանքից: Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Մայիսի 24-ին ձերբակալված եւ հաջորդ օրն ազատ արձակված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի եղբորը՝ Լեւոն Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լ. Համբարձումյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում: Գործով անցնող անձանցից մեկին երեկ տարել են դատարան, իսկ գործով անցնող մյուս անձինք  եղել են քննչական կոմիտեում, որոնց մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը եւ հավաքներ անելու արգելքին՝  բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ: Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետեւանքով կատարված ձերբակալություններն էին:

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտնեց, որ  սոցիալական ցանցում իրեն վիրավորելու համար դատարանը աննախադեպ որոշում է կայացրել: Ըստ իրավապաշտպանի՝ ոմն Աստղիկ Տեր Սահակյան, որը Եվրոպական կառույցի աշխատող է եղել, կեղտոտ գրառում է կատարել Մարինա Պողոսյանի ելույթներից մեկի տակ. «Գրել էր՝ գող, ավազակ, սրիկա, քցող, այս կարգի վիրավորանքներ էր հարցրել: Ես կին եմ, ՀՀ քաղաքացի եմ, հանրային մարդ, եւ փորձում էր ինչ-որ կերպ իմ մասնագիտական գործունեությունը խաթարել, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնել: Ճիշտ ասած, մենք իրեն դիմեցինք նամակով, որ գրառումը հեռացնի, սակայն նա ավելի վատ շարունակեց: Մենք դիմեցինք Առաջին ատյանի դատարան, պատիվ, արժանապատվության մասով եւ խղճալով այդ կնոջը՝ ֆինանսական պահանջ ներկայացրեցինք եւ երկու միլիոն չուզեցինք այլ 500 հազար դրամ պահանջեցինք: Այստեղ խնդիրը գումարը չէր, այլ որ այս դեպքը մարդկանց համար լինի զսպաշապիկ: Մարդիկ հասկանան, որ բանավեճի մեջ կարող են մտնել, բայց ոչ մարդուն վիրավորեն, անվանեն գող ավազակ, քցող կամ նման այլ բաներ», – նշեց նա:

Եվ, ահա, այս գործը մակագրվեց դատավոր Գայանե Մազմանյանին, որի հետ երբեւէ չէր հարաբերվել, քանի որ քաղհայցերով դատարանում շատ քիչ են լինում: Արդյունքում, դատավոր Մազմանյանը աննախադեպ որոշում է կայացնում: «Ի պատիվ Գայանե Մազմանյանի եւ ի պատիվ մեզ՝ մեր հայցը բավարարվեց, եւ որովհետեւ սա նախադեպ էր, մշտապես լրատվամիջոցի դեմ են հայցով մտել, բայց ոչ քոմմենթի դեմ: Տիկին Աստղիկ Տեր Սահակյանը հրապարակային ներողություն խնդրեց, որ ղալաթ էր արել: Այս որոշումը չի բողոքարկվել, սա նախադեպ ստեղծեց: Սա շատ կարեւոր է, նման գրառումը կարող է հանցածին լինել, եւ մենք պետք է կուլտուրա ձեւավորենք. եթե մեկը գրում է, ու դու այդ ամենի հետ համաձայն չես, ասա, քննադատի, բայց մի վիրավորի. սա է խոսքի ազատությունը: Պետք է խոստավանեմ՝ ես միշտ սուր թեմաներից եմ խոսում, այս որոշումից հետո 70-ից 80 տոկոս այդ գրառումները վերացան: Խստացվում է. եթե այսուհետ սոցիալական ցանցերում քաղաքացուն վիրավորում են, նա կարող է դիմել դատարան, պատիվ արժանապատվության հայցով եւ հաղթել դատարանում: Հուսանք՝ այս որոշումները շատերի համար դաս կլինեն», – նշեց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս