ԱԱԾ-Ն ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Դավիթաշենի կալանավորված անձանցից ոչ բոլորն են ԱԱԾ-ում ցուցմունք տվել:

 

Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել: Գործն այն աստիճան լուրջ էր, որ քննության ընթացքում ԱԱԾ-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չէր տվել դուրս գալ անգամ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանին, նրա տեղակալ Արայիկ Ղազարյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ի եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորը, ինչպես նաեւ հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ի՞նչն էր այդ հատուկ օպերացիայի պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում գողություն կատարելու կասկածանքով: Եվ, ահա, իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել, ու ոստիկաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով՝ ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ, պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ: Թե ինչ ծագում ունի այս թմրանյութը, ինչ հանգամանքներում է հայտնվել ոստիկանության շենքում` ոչնչանալու կամ հատուկ պահման վայրում լինելու փոխարեն, դեռ քննությունը կպարզի: Մեզ հայտնի էր դարձել, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր ընդհուպ ոստիկապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների:

Այս կալանավորումներից անցել է շուրջ 2 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե քրեական գործը ինչ փուլում եմ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ գործով անցնող պաշտոնատար անձինք առաջիկայում ազատ արձակվեն: Տեղեկությունը պարզելու համար զրուցեցինք քրեական գործով անցնող անձանց պաշտպան Գարիկ Գալիկյանի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ իրենք բողոք են ներկայացրել են ՀՀ վերաքննիչ դատարան, որը մերժել է. «Վարույթ իրականացնող մարմինը կալանքի երկարացման միջնորդություն պետք է ներկայացնի դատարան, կամ ազատ արձակի անձանց: Ես կարծում եմ, որ կալանքի միջնորդություն, այնուամենայնիվ, վարույթ իրականացնող մարմինը ներկայացնելու է դատարան, իսկ թե դատարանը ինչ որոշում կկայացնի, ես նման կանխատեսում չեմ կարող անել»: Մեր այն հարցին, թե կալանավորված ոստիկաններն ընդունում են իրենց մեղադրանքն արդյոք, Գալիկյանը նշել է, որ քանի որ 4 ոստիկաններից ընդամենը 2 հոգու պաշտպանյալն է, եւ իրենք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 118 կողմ ձայն: Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված, ինչպես նաեւ մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին: Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը եւս մեկ տարով երկարաձգվեն՝ բացառելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում: Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնը, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արեւածաղկի յուղը, մարգարինը եւ այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը եւ այլն:

Սա թույլ կտա Հայաստանի տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, ՀՀ էկոնոիկայի նախարարության նախնական հաշվարկներով, խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Խորհրդարանը վավերացրեց նաեւ մեկ այլ արձանագրություն, որով նույնկերպ՝ եւս մեկ տարով երկարաձգվում է Ղրղզստանին տրված արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը:

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

Տավուշից Հայրենական պատերազմի վետերանները անհանգստացած են, որ մայիսի 9-ից բավական ժամանակ է անցել, սակայն իրենք չեն ստացել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանից ուղարկված հոբելյանական մեդալները եւ 30 հազար 500 դրամը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր վետերանին տրվելիք 300 հազար դրամ պարգեւավճարը: Վետերանների տարիքը մեծ է, նրանք 90-ն անց են,  առողջական վատ վիճակում են, նրանց ոմանք  կարող են չապրել մինչեւ գումարների վճարման օրը: Հեռախոսազրույց ունեցանք Հայրենական մեծ պատերազմի վետերանների  միավորման նախագահ Սիմոն Եսայանի հետ: Նա ասաց, որ Ռուսաստանից ուղարկված մեդալները եւ գումարները իր մոտ են գտնվում, ինքը դրանք բաժանում է Երեւան քաղաքում բնակվող Հայրենական պատերազմի վետերաններին, որից հետո ինքը Հայաստանում ՌԴ դեսպանատնից ավտոմեքենա կխնդրի, որպեսզի մեկնի մարզեր, մեդալները եւ գումարները հանձնի վետերաններին: Ս. Եսայանը հայտնեց, որ մարզեր մեկնելուց առաջ ինքը նախօրոք կտեղեկացնի տվյալ մարզի վետերանների միության նախագահին:  Նա հայտնեց, որ նախատեսում է մինչեւ հունիսի 10-ն  ավարտել մեդալների եւ գումարների բաժանումը: Վետերանների միավորման նախագահը նաեւ  տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված 300 հազարական  դրամ պարգեւավճարը վետերաններին կտրվի հունիս  ամսվա կենսաթոշակի հետ:

 

 

ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ԵՐԹՈՒՂԻՆ

Իջեւանում  դադարել է գործել միկրոավտոբուսային երթուղին, որը  քաղաքի կենտրոնը կապում է Իջեւանի վերին հատվածի՝ Բլբուլյան թաղամասի հետ: Այդ  երթուղին սպասարկում է «Իջեւանի ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ն: Այդ ընկերության սեփականատեր Վահե Վարդապետյանը հայտնեց, որ երթուղու ուղեւորները չեն պահպանում  կորոնավիրուսի դեմ անվտանգության կանոնները, մեքենայի ընթացքի ժամանակ հանում են բժշկական դիմակները, այդ պատճառով ընկերությունը մի անգամ տուգանքի է ենթարկվել 100 հազար դրամի չափով:  Երթուղու վարորդները  վարելու ընթացքում  չեն կարողանում հետեւել, որ ուղեւորները չհանեն դիմակները:  «Իջեւանի ԲՈՒԱՏ»-ը նաեւ ախտահանիչ նյութերի պակաս ունի, որպեսզի կարողանա մեքենաներում ախտահանում իրականացնել: Վ. Վարդապետյանն ասաց, որ այդ երթուղու  ուղեւորների քանակը քիչ է, ստացված հասույթը բավարարում է մեքենաների՝ գազով լիցքավորելուն: Վ. Վարդապետյանը հայտնեց, որ չեն ուզում վտանգի ենթարկել իջեւանցիների  առողջությունը,  կսպասեն Հայաստանում արտակարգ  դրության ավարտին, որից հետո  կվերսկսեն ուղեւորների փոխադրումները: Ներկայումս Իջեւանի կենտրոնից  Բլբուլյան թաղամաս մարդկանց  փոխադրումները կատարվում են սեփական ավտոմեքենաների եւ տաքսիների միջոցով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս