ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկում է փոփոխություն անել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանել «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների բացառությամբ Երեւան քաղաքի» բառերը:

 

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նկատում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածը սահմանում է տեղական տուրքերի տեսակները: Նույն հոդվածի 1¬ին մասի 14¬րդ կետով սահմանվում է հետեւյալը` «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների «բացառությամբ Երեւան քաղաքի», նշված բացառությունների հետեւանքով համայնքները զրկված են տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու իրենց վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական ռեսուրսները համայնքի կարիքների համար, ինչպիսի առավելություն տրված է Երեւան քաղաքին:

Եվ, ահա, նա առաջարկում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածի 14¬րդ կետի. «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանել «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների բացառությամբ Երեւան քաղաքի» բառերը, եւ  համայնքները կկարողանան օգտագործել իրենց տարածքում տեղակայված արտաքին գովազդից  գոյացած գումարները, ինչպես նաեւ տարբերակված մոտեցումը կբացառվի, որն առկա է ներկայիս օրենքի կետի պարագայում:

Ընդ որում, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9¬րդ հոդվածի 14¬րդ կետի փոփոխման  դեպքում համայնքների վարչական տարածքում արտաքին գովազդից ստացված եկամուտները մուտքագրվում են համայնքային բյուջե: Պատգամավորը նախագիծը ներկայացրել է մայիսի 26-ին, եւ այն դեռ պետք է քննարկման անցնի հանձնաժողովներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՏՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

COVID-19 թեթեւ դեպքերի՝ տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին  տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու եւ նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

 

Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի եւ խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի եւ խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում): Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաեւ սամանափակել պացիենտի խնամողների թիվը եւ այցելուներ չընդունել:

Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով:

Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր եւ չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաեւ պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:

Ձեռնոցները, դիմակները եւ տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ նախքան այն որպես թափոն հեռացնելը: Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ եւ հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն, կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:

Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (սպասք, ուտելիք, ըմպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն, դիպչել ատամի խոզանակին, ծխախոտին):

Պետք է հաճախակի մաքրել եւ ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը եւ սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի եւ ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով սովորական կենցաղային լվացքի փոշիով 60-90C ջերմաստիճանի պայմաններում եւ լավ չորացնել: Մակերեսները մաքրելիս եւ աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ եւ պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով եւ ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով:

Ն. Ժ.

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Տավուշցի վարորդները եւ նրանք, ովքեր երթեւեկում են Տավուշի մարզով ձգվող ավտոճանապարհներով, դժգոհում են, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի երթեւկելի մասում հաճախ են հայտնվում առանց հսկողության պահվող կովերի նախիրներ, ձիերի երամակներ: Դրանք, ճանապարհին հայտնվելով, վթարային իրավիճակ են ստեղծումլ: Այդ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն ոչ ոք միջոցներ չի ձեռնարկում խնդիրը լուծելու համար: Վարորդները դժգոհում են նաեւ Հովք գյուղի սկզբնամասում, միջպետական ավտոճանապարհին կախված ճառի Ճյուղերից: Դրանք ամեն պահ կարող են ընկնել ավտոմեքենաների վրա: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող խոշոր բեռնատարները ծառերի ճյուղերին չդիպչելու համար ստիպված երթեւեկում  են ճանապարհի մեջտեղով՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

 

ՏԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԳՏՆԵԼՈՎ՝ ՀՐԿԻԶԵԼ Է

Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված  Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մուտքի փայտյա դուռը ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր տան հարեւանությամբ, Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի 29 հասցեում գտնվող Սարգիս Համբարձումյանին պատկանող առաձնատան երկրորդ հարկ, որտեղ տան տարբեր սենյակներում փնտրել է գումար եւ թանկարժեք իրեր, սակայն ոչինչ չգտնելով՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով տունը հրկիզել  է՝ Սարգիս Համբարձումյանին պատճառելով  1մ իլիոն 300 հազար դրամի գույքային վնաս: Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

ՄԵԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Տավուշի մարզի հեռավոր փոքր գյուղերից Հայաստանի անկախության տարիներին մեծ արտագաղթ է եղել, այդ պատճառով նվազել է այդ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը: Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի ութամյա դպրոցում 1970-ական թվականների կեսերին սովորում էր 330 աշակերտ, բարեկամավանցի 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները սովորում էին հարեւան Կոթիի, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում: Ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 17 աշակերտ: Այս տարի այդ կրթօջախն  ավարտում է  մեկ շրջանավարտ՝ Սյուզաննա Ղարաքեշիշյանը: Այս տարի մեկ շրջանավարտ ունի նաեւ Բերդի տարածաշրջանի Չինչինի միջնակարգ դպրոցը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս