«ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻ». ՇՊՌՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Շպռոտը օրեր առաջ հանրության դատին է ներկայացրել իր նոր «Ալո՛, դու ես» երգի տեսահոլովակը: Երգը ի սկզբանե պատկանում է Արմենչիկին, ում համաձայնությամբ նա երգին նոր շունչ ու երանգ է հաղորդել: «Ժողովուրդ» օրաթերթը Շպռոտի հետ խոսել է տեսահոլովակի ստեղծման եւ մտահղացման մասին:

 

-Շպռո՛տ, օրեր առաջ կայացավ Ձեր եւ ամերիկաբնակ երգիչ Արսենի նոր երգի` «Ալո՛, դու ես» տեսահոլովակի պրեմիերան: Կպատմե՞ք երգի ստեղծման մասին, ինչպե՞ս ընտրեցիք այս երգը:

-Ես եւ Արսենը որոշեցինք միասին դուետով հանդես գալ, իհարկե երգի ընտրությունը մի քիչ երկար տեւեց,  քանի որ ինձ համար ամենակարեւորը երգի ընտրությունն է. եթե երգի ընտրությունը սխալ լինի, ապա ամբողջ աշխատանքը ճիշտ չի գնա: Արսենն էլ բավականին ճաշակով մարդ էր, ու մենք միասին մի քանի ամիս որոշում էինք, թե որ երգի հիման վրա պետք է նկարահանենք տեսահոլովակ, որն է ավելի ճիշտը: Անընդհատ Արսենն ինձ ուղարկում էր երգեր, ես էի ասում՝ ոչ, հետո ես էի ուղարկում, նա էր ասում՝ ոչ, հետո մի անգամ նստած էինք ընկերներով, անընդհատ մտքիս այդ արտահայտությունն է գալիս՝ «Ալո, դու ես, հելո, դու ես», ու ասում եմ, այ մարդ, այս ինչ երգ է, ով է գրել, ով է երգում, եւ յութուբով փնտրելուց հետո գտա, որ Արմենչիկն է երգել երիտասարդ ժամանակ: Արմենչիկն է գրել երգի բառերն ու երաժշտությունը:

-Իսկ ինչպե՞ս  իր համաձայնությունը տվեց Արմենչիկը:

-Զանգեցի Արմենչիկին, ասեցի՝ Արմե՛ն ջան, որոշել ենք քո երգը թարմացնենք, նոր շնչով մատուցենք, քո թույլտվությունն ենք խնդրում՝ կարելի է երգել, ասաց, այո՛, իհարկե կարելի է երգել: Դա առաջին քայլն էր, որ արեցինք, ու սկսեցինք աշխատել Լազարոյի հետ, իր հետ եմ սիրում աշխատել ու շատ վստահում եմ: Ամենահետաքրքիր աշխատանքը կատարվեց հենց նրա հետ, տարբեր բիթեր, բասսեր, հարմոնիա, դա այդպես միայն թվում է, թե հեշտ է, իրականում ահռելի աշխատանք է: Մենք մտածում ենք մարդկանց մասին` բիթը չխանգարի, ծանր չլինի, մարդիկ լսելուց իրենց սրտի մեջ թեթեւ ուրախություն զգան, ականջահաճո լինի երգը, եւ քանի որ մենք շատ սիրում ենք կլառնետ իմ երգերի մեջ, որոշեցինք լավագույն կլառնետիստ Հրանտոյին հրավիրել, ով այդ ժամանակ, մեր բախտը բերեց, Նահանգներում էր, եւ շատ սիրուն է նվագել, ոճը շատ լավն է: Այդպես կամաց-կամաց ստեղծվեց երգը, ու աշխատանքի ընթացքում հասկացանք, որ լավ է ստացվում:

-Ձեր կերպարն այս անգամ էլ, ինչպես մնացած տեսահոլովակներում, շատ վառ էր: Ինչպե՞ս եք ընտրում, թե ինչ ոճով պետք է հանդես գաք տեսահոլովակում, ո՞վ է զբաղում այդ ամենով:

– Իրականում ես ինչ Միացյալ Նահանգներում եմ, իմ ոճով  զբաղվում եմ միայն ես, ես եմ իմ ոճաբանը, իսկ Երեւանում տարբեր ոճաբանների հետ եմ աշխատել: Ինչ տեսնում եք տեսահոլովակի մեջ, յուրաքանչյուր դետալ իմ աշխատանքն է, չկա մեկը, որ կոնկրետ զբաղվի, բացի ինձանից, ես ինձ այդ հարցում շատ եմ վստահում:

-Տեսահոլովակի եւ Ձեր «բաց» կերպարի մասին ի՞նչ արձագանքներ եք լսել:

-Կերպարները ես եմ ընտրում, կարող է Միքելանջելոյի աշխատանքից կամ Վան Գոգի աշխատանքներից ոգոշնչվելով՝ միքսեմ, պատկերացնեմ ինձ այդ նկարի մեջ, ուրիշ մարդկանց, ընդհանրապես նկարներն ինձ ոգեշնչում են, որ ես նրանց տամ պատմություն, անհայտ արտիստներին հատկապես: Այն, ինչը որ իմ աչքը կտրեց, ես կարող եմ նրան տալ վիդեո պատմություն: Հրանտոյի անունը տեսահոլովակում «քումֆլու է», որը նշանակում է գրիպ, որը դուրս է գալիս պաշտպանելու մեզ վիրուսից, բարձերի չելենջը, որը ինստագրամում շատ հայտնի էր, մենք բարձից շորեր հագանք, զուգարանի թուղթ, որը, անկեղծ ասած, վախենում էի օգտագործել, մտածում էի՝ էսթետիկ չի դիտվի, բայց քանի որ թեմայի մեջ էր, որոշեցինք օգտագործել: Տեսահոլովակի օպերատորը Վահան Մարգարյանն է՝ շատ տաղանդավոր երիտասարդ: Բնակարանը այդ դժվարին ժամանակում անվճար տրամադրել է Դոմինիկը:

-Օրեր առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին  ռեստորանային համալիրների գործունեությունը սահմանափակ պահելու համար: Հետեւու՞մ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին, ի՞նչ կարծիք ունեք:

-Այո, հետեւում եմ, եւ տեսնում, որ ոչ միայն արտիստների կողմից դժգոհություն կա: Կարծում եմ՝ շատ բնական է, մարդիկ հոգնել են այս վիճակից: Այստեղ էլ մարդիկ բողոքի ցույցեր են անում, կան նաեւ մարդիկ, որ չեն հավատում, ռեստորանները փակ են: Եթե Հայաստանում հույս կա, որ կբացվի, ապա այստեղ այդ հույսն էլ չկա: Ես հասկանում եմ մարդկանց վրդովմունքը, բայց նաեւ հասկանում եմ պետական այրերի զգուշությունը, ես իրականում չգիտեն՝ հիմա դա կա, թե չկա, այստեղ պետությունը բոլորին վճարում է: Համբերություն եմ մաղթում մեր ժողովրդին, ես պատկերացնում եմ՝ առանց աշխատանք ինչքան դժվար է: Ես հիմա չեմ աշխատում եւ պետությունից գումար եմ ստանում, նույնիսկ եթե չկարողանամ տան վարձը վճարել, պետությունն այն բախշում է մեկ տարվա վրա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

«ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ». ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

«Մարտի 14-ից մինչ օրս տանն եմ, չեմ աշխատում, մարդկանց հետ շփվում եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով ու պաշտպանիչ դիմակ կրելով, գիտակցելով, որ չկրելու դեպքում կարող ենք վնասել ոչ միայն մեր առողջությունը, այլ նաեւ դիմացինի, եւ իմ ընտանիքի բոլոր անդամները հետեւում են պարետի ցուցումներին, հաստակպես, որ տանն ունեմ փոքրիկ բալիկ»,- ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ անդրադառնալով դիմակների պարտադիր կրելուն եւ համավարակի օրեցօր տարածմանը:

 

Երգչուհու կարծիքով` ինչ որոշում, որ կայացնում է կառավարությունը, հանուն մեր վաղվա լավ օրվա համար է, որպեսզի շուտ ավարտվի այս քաոսը:

Անդրադրառնալով վերջերս կառավարության դիմաց հայտնիների բողոքի ակցիային՝ երգչուհին նշեց. «Ես ինքս օրավարձով աշխատող եմ, իհարկե կողքից դա հեշտ է թվում,բայց իրականում այդպես չէ: Ես տեսակով դժգոհող մարդ չեմ եւ ինչ մտածում եմ, պարզ եւ դիպուկ ասում եմ, պարզապես պետք է մի քիչ էլ սպասել՝ հույս ունենալով, որ այս ամեն ինչը շուտով կավարտվի: Իհարկե, ես էլ եմ ուզում՝ ռեստորանները բացվեն, չէ՞ որ մարդիկ ռեստորաններում, անկախ աշխատանքի բնույթից, գումար են վաստակում: Եվ հիմա էլ տեսնում եմ՝ շատ ռեստորաններ, կլուբներ արդեն վաղուց աշխատում են, ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ պետք է սպասենք»:

Սոնա Շահգելդյանի խոսքով` նա արդեն երկար տարիներ աշխատում է երկու փակ ռեստորանում, բայցեւ կարծում է՝ դեռ վաղ է մտածել աշխատանքի դուրս գալու մասին:

«Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, իհարկե բոլորն էլ ցանկանում են աշխատել կարիքները հոգալու համար»,-ընդգծեց նա:

Մեզ հետ զրույցի վերջում նաեւ շնորհավորել է  հայ ժողովրդին մայիսի 28-ի կապակցությամբ. «Այսօր նաեւ իմ մորեղբորս ծննդյան օրն է, եւ ինձ համար կրկնակի տոն է»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԵՍԱՍԵՐ Է

Իտլաական «Բրեշիա»-ի նախագահ Մասիմո Չելինոն խոսել է թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Բալոտելին եսասեր է: Նա չի մտածում թիմի մասին եւ պետք է հեռանա ակումբից: Եթե «Բրեշիան» դուրս մնա Իտալիայի առաջնությունից, նրա պայմանագիրը մեխանիկաբար կլուծարվի: Մենք հավատում էինք, որ նա կարող է ակումբում դրական փոփոխություններ կատարել, սակայն ես շատ հիասթափված եմ»,-ասել է Չելինոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելին հրաժարվում է մասնակցել «Բրեշիայի» մարզումներին: Նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»: Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս:

 

 

ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Դաղստանի բնակիչները կարծում են, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ապագայում կարող է ստանձնել հանրապետության ղեկավարի պաշտոնը: «Խաբիբը սկզբունքային մարդ է, ինչը շատ կարեւոր է երկրի ղեկավար դառնալու համար: Դաղստանցիներին հենց նրա պես առաջնորդ է հարկավոր: Խաբիբին ճանաչում է ամբողջ աշխարհը, եւ նա մեր հանրապետության հպարտությունն է»,- «ծպջօչՈՐՖ» Տելեգրամի հարթակում գրել են դաղստանցիները:  Ավելի վաղ 31-ամյա Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ մտադիր է 2020 թվականին ավարտել կարիերան:

 

 

ՌԵՓԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

Կանադայում սպանել են 21-ամյա ռեփեր Houdini-ին: Միջադեպը տեղի է ունեցել Տորոնտոյում: Երաժիշտը 15-ամյա դեռահասի հետ անցել է հյուրանոցի կողքով, երբ ոչ հեռու կայանած Volkswagen Tiguan ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել: Դրանից կրակ են բացել, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն արտիստն ու նրա ընկերը, այլեւ 27-ամյա մի կին: Houdini-ի մահացել է, մյուս տուժածներն այս պահին հիվանդանոցում են գտնվում: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել, ինչպես նաեւ չի մեկնաբանել վարկածը, թե ռեփերի 15-ամյա ծանոթը պատասխան կրակ է բացել: Houdini-ի փաստաբան Յագ Վիրկը հայտարարել է, որ իր համար ծանր է լինել այդքան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտի մահվան վկան: Նա քաղաքային իշխանություններին կոչ է արել լուրջ վերաբերել զենքի կիրառմամբ բռնության գործադրմանը:

 

 




Լրահոս