Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:
«Մեր շատ սիրելի փոքրիկներ, այսօր ամենապայծառ տոներից մեկն է: Շնորհավորում ենք ձեզ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Բոլորիդ ցանկանում ենք առողջ, անհոգ և երջանիկ մանկություն, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր պայծառ դեմքերին: Վայելե՛ք ձեր մանկությունը և եղե՛ք անհոգ»,- ասվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:
«Չիպոլինո»-ի դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Դիրիժորներն են Հարություն Արզումանյանը, Կարեն Լավչյանը, բեմադրող բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը, բալետային խմբի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: «Չիպոլինո»-ի պրեմիերան առաջին անգամ կայացել է 1974 թվականին՝ Կիևում: Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել այն բեմադրելու: