ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ 26-ամյա երիտասարդը, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում՝ որպես էլեկտրիկ-մոնտյոր, հանդիսանալով խմբի ղեկավար, պարտավոր լինելով պատշաճ կերպով իրականացնել ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացումը, աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել տեխնիկական խախտումներ:
Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքների կատարմանը ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող անձանց, որոնց անվտանգության ապահովման նկատմամբ չի իրականացրել պատշաճ հսկողություն: Արդյունքում, նրանցից մեկը՝ Թումանյան քաղաքի 56-ամյա բնակիչը, 2018թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վերոնշյալ ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացման ժամանակ հոսանքահարվել ու մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: