Աշխարհում չկա այդպիսի բժիշկ, փորձագետ, որ կարողանա ասել, թե երբ կավարտվի այս համաճարակը, բայց ամեն դեպքում շատ բան է կախված մեր ժողովրդից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթեթրի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Իսպիրյանը, անդրադառնալով` կորոնավիրուս համավարակի տարածմանն ու կանխարգելող միջոցառումներին:
«Ժողովուրդը շատ անտարբեր է, փողոցում տեսնում եմ մարդկանց դիմակները չեն կրում, ինչը ինձ շատ է հիասթափեցնում: Ես կոչ եմ անում բոլորին հետեւել պարետի բոլոր կանոներին, քանի որ միակ պայքարելու ձեւը կանոններին հետեւելն է: Մարդիկ հենց իրավապահներին տեսնում են, դիմակները դնում են, հենց անցնում են, հանում են: Ես չեմ հասկանում` ո՞ւմ են վատություն անում, եթե ոչ իրենց, բայց նաեւ վարչապետի սթափեցնող վերջին կոչերից հետո տարբերություն տեսնում եմ, սկսել են ինչ-որ չափով հետեւել կանոններին: Նաեւ բանկերի, կազմակերպությունների ղեկավարները պետք է հսկողություն սահմանեն, որպեսզի քաղաքացիները պահպանեն հեռավորությունը, կրեն դիմակներ, օրինակ ծառայեն, եւ այդ իմիջայլոց վերաբերմունքը ես նկատում եմ հատկապես երիտասարդների շրջանում, եւ խորհուրդ եմ տալիս բոլորին` չամաչեն կրել դիմակներ, մեկը մյուսին զգուշացնի, լինեն չափազանց զգույշ»,-նշում է նա:
Արթուր Իսպիրյանի կարծիքով` կառավարությունն ամեն հնարավոր բան անում է երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար, որին պետք է նպաստեն նաեւ մեր քաղաքացիները:
«Լսում եմ պատճառաբանություններ` դիմակների թանկ լինելու հետ կապված: Ես ինքս օգատգործում եմ ինքնաշեն պատրաստված դիմակներ, եւ շատ հեշտ է այն տնային պայմաններում պատրաստելը: Եվ գիտենք` մեր տան կանայք ինչքան օժտված են ձեռքի շնորհով, այնպես որ շատ հեշտությամբ կարող են պատրաստել»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 596-ով՝ հասնելով 11817-ի:
Լիդա Եղիազարյան