Ինչպե՞ս են Արթուր Իսպիրյանի պատճառով գորիլաները փախել կենդանաբանական այգուց, եւ ովքե՞ր են եղել իրեն օգնած խորհրդավոր տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արթուր Իսպիրյանն է: Նա պատմել է մի քանի ուշագրավ պատմություն: Դրանցից մեկը պատահել է 1989-ին Երեւանում, երբ երգիչը նոր էր մեքենա վարել սովորել եւ վթարի էր ենթարկվել. «Գիշեր էր, անձրեւ էր գալիս, հանկարծ մեքենաս շրջվեց ու գլխի վրա կանգնեց: Մեքենայիս դարակից Աստվածաշունչն ընկավ կրծքիս, վզիս խաչն էլ աջ աչքիս վրա: Հետո հայտնվեց 5-7 տղամարդ, մեքենաս ուղղեցին, կանգնեցրին անիվների վրա: Եվ երբ ուզում էի շնորհակալություն հայտնել, չեք հավատա, բայց չքվեցին, եւ ես իրենց այլեւս չտեսա…»:

Ի դեպ, պարոն Իսպիրյանն իրեն հավատացյալ է համարում, եւ ասում է, որ բազմիցս իր մաշկի վրա զգացել է Աստծո զորությունը.«Երբ Լոս Անջելեսում էի ապրում, հերթական անգամ այցելեցի այգիներից մեկը, բարձրացա բլուրը, փայտով բարձրացա, որովհետեւ ճանապարհը բավական դժվար էր: Ու երբ փայտով փորում էի հողը, այնտեղից Աստվածաշունչ գտա, բավական մաշված, հին: Երեւի մեկը պահել, թաղել էր այդտեղ: Սա շատ խորհրդանշական դեպք էր ինձ համար»,-ասաց երգիչը:

Մյուս դեպքը ավելի շատ արկածային է, պատահել է 1990-ականների սկզբին, կրկին Լոս Անջելեսում, երբ երգչի մայրն ու քրոջ դուստրն այցելել են իրեն, եւ բոլորով որոշել են այցելել կենդանաբանական այգի. «Զբոսնում էինք այգում եւ հասանք գորիլաների վանդակի մոտ: Դա մի հսկա տարածք էր, անդունդի մոտ: Վանդակներից ներքեւ անդունդը տեսանելի չէր: Գորիլաները նստած էին բլուրին:

Մի պարան կար կապված վանդակներին, ես առանց գիտակցելու ոտքով հրեցի պարանը, եւ այն ընկավ ներքեւ: Հետո արդեն տեսա, որ այդ հսկա գորիլաները կամաց-կամաց գնում են ձորի մեջ եւ նրանցից 4-5-ը դուրս եկավ վանդակից ու հարձակվեց ժողովրդի վրա: Մեկը վազելով գնաց ընձուղտի վանդակ, ընձուղտը վազում էր, մարդիկ խուճապի էին մատնվել… Վախեցած եկա տուն` հիշելով, որ մեկը նկարահանում էր անում, եւ մտածելով, որ գուցե հանձներ տեսանյութը ոստիկանությանը…Հեռուստացույցը միացրեցի, լրատվական ծրագրով տեսա, որ ուղղաթիռներով այդ կապիկներին են փնտրում: Ի դեպ, դրանցից երկուսին Փասադենայի անտառներից էին գտել»,- հիշեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս