ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հունիսի 03-ին հարցապնդմամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Հարցապնդմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստանում կամ ավելի են խորանում։
Այսպես, հարցերը վերաբերում են՝
1. Սահմանամերձ և սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասությանը.
2. Կրթության որակի բարձրացմանն ու արդիականացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցմանը.
3. Արմաթ ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորմանը.
4. Այբի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելուն.
5. Կրթական հաստատությունների ղեկավարների փոփոխությանը.
6. Ուսուցիչների վերապատրաստմանը.
7. Ներառական կրթությանը.
8. Հեռավար դասապրոցեսի իրականացման հացերին.
9. Կրթական հաստատությունների կառավարման խորհուրդների կուսակցականացմանը.
10. Սոցիալապես անապահով երեխաների դասագրքերի տրամադրման խնդրին.
11. Կրթություն չստացող երեխաներին.
12. Հայրենադարձ աշակերտների և ուսանողների ինտեգրմանը.
13. Մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդին.
14. Գրագողությանը.
15. Կրթամշակութային հաստատությունների անհամաչափ բաշխմանը մայրաքաղաքի ու մարզերի միջև.
16. Ազգային կինոկենտրոնի գործունեության արդյունավետության հարցին.
17. Հուշարձանների պատշաճ վերանորոգմանը.
18. Հեռուստաեթերը ցածրորակ լեզվական արտադրանքից ու ագրեսիվ ենթատեքստ պարունակող նյութերից զերծ պահելու խնդրին.
19. Նախարարության և ենթակա գերատեսչությունների աշխատանքի ներդաշնակությանը.
20. Մեկ նախարարության կազմում մի քանի մասշտաբային ոլորտների մեկտեղման արդյունքներին։
«Տեղեկացնենք նաև, որ համաձայն ԱԺ կանոնակարգի 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Հարցապնդման պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում», գրել է Մարուքյանը: