Այսօր Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը կքննարկի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։ Հանձնաժողովում քննարկելուց հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովի լիագումար նիստում։
«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 24 պետության համար:
1966 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այսուհետ` Դաշնագիր), որը բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:
Դաշնագիրը կոչված է ապահովելու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը, որը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը, որոնք բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:
Դաշնագրի նպատակներին հասնելու եւ դրա դրույթները կիրարկելու համար Արձանագրությունը Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) հնարավորություն է ընձեռել իրականացնելու սույն Արձանագրությամբ նախատեսված որոշակի գործառույթներ, մասնավորապես` Արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու, հաղորդագրության վերաբերյալ իր կարծիքներն առաջարկությունների հետ միասին փոխանցելու, Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական եւ մշակութային որեւէ իրավունքի կոպիտ եւ պարբերաբար խախտման մասին Կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում Կողմ պետությանը տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ համագործակցելու կոչ անելու եւ այդ նպատակով համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու եւ այլն:
Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլնի կստանձնի պարտավորություններ ընդունելու անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ) Դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, պատշաճ ուշադրություն դարձնելու իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոմիտե ներկայացնելու գրավոր պատասխան, այդ թվում` տեղեկություններ` Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացումը:
Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը: Վավերացնելով Արձանագրությունը` Հայաստանը կստանձնի պարտավորություն ընդունել անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ) «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ:
Վավերացման կամ միանալու վերաբերյալ տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 5-ին:
Նաիրա Հովհաննիսյան