Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում
են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ
դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ
արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու,
դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։
Զգուշության և զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին և ստուգայցերին հաջորդում են
գործունեության կասեցումներն այն տնտեսավարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։
Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ,
ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման
ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել
խիստ միջոցներ։

ՀՀ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման.
այլապես այս դեպքում ևս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Միաժամանակ, հիշեցնում ենք՝
պարետի սահմանած կանոններին կարելի է ծանոթանալ https://www.gov.am/files/docs/4086.pdf
հղումով։




Լրահոս