Հարց քաղաքացիներից՝ ավտոմեքենան շահագործվել է որպես տաքսի, եղել է ՃՏՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Խնդրում եմ ասեք, ի՞նչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Արման Ավետիսյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ):
Այս պարագայում ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը: Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

Ֆինանսական համակարգի հաշտարար

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձեւի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս