Ուզում եմ իմ սեփական բրենդն ունենալ. Արևիկ Ալավերդյանը` երկրորդ անգամ մայրանալու և չիրականացած երազանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, որն ապրում է Փարիզում, երկրորդ անգամ է մայրացել: Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է դուստր ունենալու զգացողությունների, ինչպես նաեւ չիրականացած երազանքների եւ նպատակների մասին:

-Արեւի´կ, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ապրում եք Փարիզում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ: Երգարվեստ վերադառնալու մտադրություն ունե՞ք:

-Երգարվեստ վերադառնալու մտադրություն չունեմ, բայց ամեն անգամ մտածում եմ որեւիցե աշխատանքով հանդես գալ, բայց միշտ հետաձգվում է:

-Որքան ես գիտեմ` փորձում էիք Փարիզում մուտք գործել նորաձեւության աշխարհ: Ի՞նչ փուլում է գտնվում այն:

-Օ’յ, մուտք գործել նորաձեւության աշխարհ, դա շատ անհավանական եւ ճոխ է հնչում, ես պարզապես ցանկանում եմ ունենալ իմ փոքրիկ ցուցասրահը, որտեղ ցուցադրված կլինեն իմ հեղինակային հագուստները: Իրականում դա այդքան էլ հեշտ բան չէ, Հայաստանի հետ չհամեմատենք, քանի որ այսօր բոլորը Հայաստանում մոդելավորող են արթնանում: Ծանր ու թեթեւ եմ անում, քանի որ բացի այն, որ բավականին թանկ հաճույք է, նաեւ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ արդեն ունեմ երկու բալիկ: Բայց, այնուամենայնիվ, նպատակս դա է:

-Արեւի´կ, օրեր առաջ լույս աշխարհ է եկել Ձեր երկրորդ բալիկը: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով:

-Այո, օրեր առաջ լույս աշխարհ է եկավ իմ աղջիկը: Ինչպես Դավիթի ծննդյան ժամանակ, այս անգամ էլ անսահման երջանիկ եւ հուզված ենք ամուսնուս հետ միասին: Անչափ ուրախ ենք, որ մեր ընտանիքը համալրվեց եւս մեկ հրաշքով:

-Առաջին բալիկից հետո, ինչպե՞ս եք Ձեզ զգում այս նոր կարգավիճակում:

-Անկեղծ շատ ավելի լավ եւ ինքնավստահ եմ: Դավիթիս ժամանակ փորձ չունեի, վախենում էի, նեղսրտում, երբ ինչ-որ բան չէր ստացվում: Այս անգամ արդեն բավականին ինքնավստահ եմ, արդեն փորձառու մայրիկ եմ:

-Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ միայնակ եք խնամել Ձեր որդում, հիմա արդեն երեխաները երկուսն են, կրկին միայնակ ե՞ք խնամում նրանց, դվա՞ր չէ:

-Այո´, միայնակ եմ խնամում, բայց իհարկե օգնողներ կան, երբ հարկավոր է լինում անպայման դիմում եմ: Դժվար է իհարկե, բայց հաղթահարելի:

-Ինչպե՞ս եք անվանել Ձեր երկրորդ բալիկին:

-Աղջկաս անվանել ենք Կարինե, ի պատիվ ամուսնուս մայրիկի, ով ցավոք կյանքից հեռացել, երբ ամուսինս Դավիթից էլ շատ ավելի փոքր տարիքում է եղել:

-Ինչպե՞ս տեղի ունեցավ Դավիթի եւ նրա առաջին հանդիպում:

-Դավիթն իրականում շատ անհամբերությամբ էր սպասում, թե’ ինձ, թե’ քույրիկին: Ցավոք համավարակի պատճառով ինձ մոտ այցելություններն արգելված էին, բացի ամուսնուցս: Մեկ շաբաթ տղայիս չեմ տեսել, միայն տեսազանգով էինք շփվում: Նրան ցույց էի տալիս քույրիկին, շատ էր ուրախանում, իսկ արդեն, երբ եկանք տուն շատ դրական եւ ուրախ ընդունեց: Շատ սիրում է քույրիկին , անդադար համբուրում, չի խանդում, ինչից շատ էի վախենում:

-Արեւի´կ, քանի որ ապրում եք հայրենիքից հեռու, հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող իրադարձություններին:

-Այո, ես միշտ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայաստանյան անց ու դարձին:

-Իսկ հեռվից հետեւո՞ւմ եք մեր երգարվեստի ներկայացուցիչներին: Ի՞նչ տպավորություն ունեք:

-Երգարվեստին չեմ հետեւում, բայց կան տաղանդավոր երաժիշտներ, որոնց հետեւում եմ:

-Ի՞նչ երազանքներ ունեք չիրականացված, որ կցանկանայիք անպայման իրագործել:

-Երազանքներիցս մեկը հենց սեփական բրենդն ունենալն էր, որը չիրականացավ, բայց դեռ մտածում եմ այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ ինձ հետ միասին շատ աղջիկներ են սպասում:

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մեր աղջիկներին, ովքեր ապագա մայրիկներ են:

-Ապագա մայրիկներին խորհուրդ կտամ դժվարություններից չնեղսրտել, չվախենալ, երբեք չմտածեն, որ լավ մայր չեն, երբ հոգնում են, կամ ուժասպառ են չեն կարողանում երեխայի հետ զբաղվել, եւ միշտ հիշեն, որ դժվարությունները ժամանակավոր են: Ժամանակ տրամադրեք երեխային , եւ իհարկե ինքներդ Ձեզ, քանի որ, երբ երջանիկ է բալիկը, երջանիկ է նաեւ մայրիկը:

-Ի՞նչն է կարեւոր Ձեզ համար կյանքի այս փուլում:

-Ընտանիքս եւ այն ընտանիքը, որտեղ ծնել եւ մեծացել եմ: Ընտանիքից կարեւոր ոչինչ չկա ինձ համար:

-Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ նաեւ այս կորոնավիրուս համավարակին, դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կավարտվի սա:

-Ճիշտն ասած, չգիտեմ, թե երբ կավարտվի այս համաճարակը, բայց բոլորին խնդրում եմ` զգոն լինեն, ուշադիր: Հուսանք, որ այս սարսափելի շրջանը շուտով կավարտվի, եւ կմնա անցյալում:

-Ֆրանսիայում իրավիճակն ինչպիսի՞ն է, ի՞նչ համեմատություններ կարող եք անցկացնել:

-Այստեղ կամաց-կամաց կյանքը վերականգնվում է, բայց իհարկե հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս