ՖՈՏՈ․ Համացանց մտնելուց խուսափում եմ. Արփինե Բեկջանյանը՝ տարեդարձի անակնկալների եւ իր զբաղմունքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է 1990-ականներից հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը, ով օրեր առաջ հեռավոր Լոս Անջելելեսում նշել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին մեզ հետ զրույցում կիսվել է ծննդյան անակնկալների մասին, եւ թե ինչ գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում:

-Արփինե՛, մի քանի օր առաջ հայրենիքից հեռու նշեցիք Ձեր ծննդյան տարեդարձը: Կպատմե՞ք մեզ ինչպես նշեցիք այն այս համաճարակային պայմաններում:

-Տարեդարձս նշել ենք համաձայն կարանտինի` սահմանափակ, բայց շատ հաճելի մարդկանց շրջապատում:

-Ի՞նչ անակնկալներ էին Ձեզ սպասում:

-Ընկերներս, որոնք ապրում եմ Լաս Վեգասում, ծննդյանս օրը շատ բովանդակալից եւ անակնկալներով լի դարձրեցին, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից:

-Երկար տարիներ է ի՞նչ ապրում եք հայաբնակ Լոս Անջելեսում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ:

-Հայությունն այստեղ զբաղվում է այն ամենով, ինչով որ Հայաստանում հնարավոր է գուցե, կամ գուցե հնարավոր չէ պատկերացնել: Ինչ չէին անի Հայաստանում, այստեղ` հնարավոր է: Կյանքը զրոյից սկսելու նոր հնարավորություն եւ իրավիճակ է, իսկ կողքից էլ կարողանում ես մասամբ զբաղվել տարիների քո գործով, իհարկե կա նաեւ հակառակը: Իրականում այստեղ գործունեություն ծավալելու նպատակս մեծ էր, սակայն զուտ դրանով ապրել այս երկրում չես կարող, պարզապես անհնար է: Աշխատում եմ դիզայներական գրասենյակում` Ֆրոնտ-դեսկում, իհարկե նաեւ փորձում եմ ինձ այլ բնագավատներում եւս:

-Իսկ ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք այնտեղ ծավալում:

-Տարաբնույթ աշխատանքների հետ զուգահեռ երգում եմ: Երգն ուղղակի իմ հոգեւոր սնունդն է, իսկ հիմա գտնվում եմ ինձ համար անսովոր իրավիճակում:

-Արփինե՛, հետեւո՞ւմ եք արդյոք հեռվից հայկական երգարվեստի ներկայացուցիչներին: Հիասթափվում եք ավելի շատ, թե՞ հիանում:

-Հայկական երգարվեստին ընդհանրապես չեմ հետեւում, երբ Հայաստանում էի մասամբ էի միայն այդ շոու-բիզնես ասվածում: Առիթի դեպքում, պարզապես թեթեւ լսողի դերում եմ լինում:

-Մտադրություն չունե՞ք վերադառնալ հայրենիք:

-Վերադարձս անչափ ցանկալի է, սակայն որոշ թղթաբանական հարցեր հարթելու ընթացքի մեջ են, որն ավարտելուն պես փափագս կիրականանա: Աստծուց առաջ ընկնել չեմ ուզում, տեսնենք, թե ինչ կլինի:

-Արդյո՞ք հեշտ է Ձեզ համար ապրել հայրենիքից հեռու:

-Հայրենիքից հեռու արագ եւ հեշտ ինտեգրվում են կոսմոպոլիտ մարդիկ: Կարծում էի` ես այդպիսին եմ, սակայն հասկացա, որ՝ ոչ: Պարզապես, երբ կյանքդ սկսում ես զրոյից կառուցել եւ տոտիկ-տոտիկ գնում ես դեպի կայանալուն եւ հաստատվելուն օտարության մեջ, եւ ընկերներդ էլ քեզ սատար են` փորձում ես անջատել կարոտն ու վերադարձի ձգտումը, որովհետեւ այս պահին այդպես է պետք, կան որոշակի նպատակներ… Համացանցեր մտնելուց խուսափում եմ, զերծ եմ մնում շփումներից ինձ հարազատ եւ մտերիմ մարդկանց հետ, որովհետեւ տրամադրությունս փոխվում է դեպի բացասականը, սարսափելի տխրում եմ, եւ դրանով է պայմանավորված իմ պասիվությունը սոցցանցերում:

-Արփինե՛, հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխությունների եք ականատես եղել: Արդյո՞ք արդարացել են Ձեր սպասելիքները:

-Սպասելիքներիս արդարացումն էլ կիսով չափ է, բայց դրանք էլ լիարժեք չեմ դեռ  համարում: Բնական է արագությունն էլ պայմանական է , եւ համբերատար լինելն է կարեւորվում:

-Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուս համավարակի տարածումը կանխելու եւ միլիոնավոր մարդկային կյանքերը փրկելու համար: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է մարդկությունը պայքարել այս վիրուսի դեմ:

-Այս սարսափելի քաոսը կարծում եմ դեռ երկար կտեւի, այն կարծես թե ավարտ չունի: Կարծում եմ մարդկությունը պատրաստ չէր նման գլոբալ հեղաշրջման, իսկ կազմակերպիչներն էլ կարծում եմ լուրջ եւ տհաճ փոփոխությունների նպատակներ ունեն:

– Ո՞րն է այս քաոսից հաղթանակած դուրս գալու Ձեր բանաձեւը:

-Համաճարակը հաղթահարելու հիսուն տոկոսը կախված է հոգեբանական կայունությունից եւ հավասարակշռությունից: Իսկ մնացածը զգուշությունն են ու համբերությունը:

Զրուցեց Լիդա Եղիազարայնը




Լրահոս