SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գևորգ Եփրեմյանը և 42-ամյա Վարդան Սեփոյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի և 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։
Մեղրաձորի ողբերգական դեպքից հետո թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 5 տղամարդիկ չեն հոսպիտաացվել, բուժօգնություն ստանալուց հետո իրենց համաձայնությամբ տուն են գնացել։ Այս մասին հայտնել են Հրազդանի բժշկական կենտրոնից։