Armenian text to speach

Իրանը մերժում է Բահրեյնի մեղադրանքները և պահանջում պատասխանատվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը կտրուկ արձագանքել է Բահրեյնի և Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրանքներին՝ դրանք անվանելով անհիմն և մոլորեցնող։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ապրիլի 14-ին ուղղված նամակում դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ջամալ Ֆարես Ալրովաիեին՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը։

Իրանը պնդում է, որ իրականում հենց Միացյալ Նահանգներն ու Իսրայելը 2026 թվականի փետրվարի 28-ին իրականացրել են անօրինական ռազմական հարձակում Իրանի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Թեհրանը նաև մեղադրում է Պարսից ծոցի որոշ երկրներին, այդ թվում՝ Բահրեյնին, որ նրանք իրենց տարածքն ու օդային տարածքը տրամադրել են այդ գործողությունների համար և դրանով դարձել են համակատարներ։

Նամակում նշվում է, որ այդ երկրներից են իրականացվել հարվածներ նաև քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների և այլ ենթակառուցվածքների։ Իրանը մասնավորապես հիշատակում է Մինաբ քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել են տասնյակ երեխաներ։

Իրանի կողմը հայտարարում է, որ ունի ապացույցներ, ըստ որոնց՝ օգտագործված զինատեսակները կապված են տարածաշրջանի որոշ երկրների զինանոցների հետ։ Այդ հանգամանքը, ըստ Թեհրանի, վկայում է, որ նրանք ոչ միայն աջակցել են, այլև անմիջականորեն մասնակցել են ագրեսիային։

Միաժամանակ Իրանը մերժում է ահաբեկչության հետ կապերի մասին մեղադրանքները՝ ընդգծելով, որ ինքն էլ ահաբեկչության զոհ է եղել և պայքարել է նման խմբավորումների դեմ, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» դեմ։

Թեհրանը նաև հայտարարում է, որ տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառը Իսրայելի գործողություններն են՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նամակում նշվում է, որ տարբեր «դիմադրության շարժումներ» ձևավորվել են որպես պատասխան՝ օկուպացիային և ագրեսիային։

Ի վերջո, Իրանը կոչ է անում Պարսից ծոցի երկրներին դադարեցնել նման գործողությունները և կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ զգուշացնելով, որ իրավունք է վերապահում պատասխանատվության ենթարկել բոլոր այն կողմերին, որոնք ներգրավված են իր դեմ իրականացված գործողություններում։

Անի Վարդանյան




Լրահոս