Արդեն մի քանի օր է ինչ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Ամիրյանն ահազանգում է այն մասին, որ Ֆիրդուս փողոցում գտնվող Երեւանի կոլորիտային եւ պատմամշակութայի արժեք ունեցող սեւ տուֆից շենքում քանդման աշխատանքներ են իրականացվում: Ըստ Տիգրան Ամիրյանի` մի խումբ մարդիկ փորձել են կոտրել աղյուսաշեն կարմիր տան տանիքը, ինչպես նաեւ փայտե հիմնասյուն հանդիսացող կարկասը:
«Երբ մոտեցանք, որ նկարահանենք շինությունը ներսից, աշխատողների այդ խումբն ամեն կերպ փորձեց խանագարել` վանակարկելով, թե «Խախուտ է, կքանդվի, Ձեր վրա»: Սկզբից նրանք ներկայացան որպես հարեւաններ, ովքեր մտահոգվելով շենքի մասին, փորձում էին մաքրել տարածքը աղբից, հետ մի քանի րոպե զրույցից հետո այդ խմբի առաջնորդը պատմեց, որ լինելով կառուցապատողի աշխատաողներ, գործուղվել են տարածք, շենքից մնացած ճակատը քանդելու: Երբ հարցրեցինք, թե ինչ իրավունքով են քանդում եւ ինչու չկա թույլտվությունը Երևեւանի քաղաքապետարանի կայքում, երիտասարդը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե դեռ չեն թվայնացրել, ամեն դեպքում մեր հանձնարարությունը համաձայնեցված է քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հետ»,-մասնավորապես գրել էր նա:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք շինթույլտվություն տրվել է, որպեսզի Երեւանի կոլորիտային հազվադեպ պահպանված շենքերից մեկը եւս ոչնչացվի, թե ոչ:
Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանել է. «Այդ հատվածում քաղաքապետարանը որեւէ շինթույլտվություն չի տվել»:
Եվ այսպես, մի գիշերում կարող են անհետանալ հին Երեւանի կոլորիտ հանդիսացող շինությունները, որոնք պետք է Մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը պահեին ամուր ձեռքերում:
Լիդա Եղիազարյան