Ավտովերանորոգման կետի մոտ վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի 23-ամյա բնակիչը։

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է Արարատի մարզի բնակչի մարմնին՝ ձախ գոտկային շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, որը ճանաչման է ներկայացվել 27-ամյա երիտասարդին: Վերջինս հայտարարել է, որ նշված դանակով է հարվածել եւ մարմնական վնասվածք պատճառել Արարատի մարզի բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս