ՔԻՉ Է ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես հայտարարել է. «Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք: Փտածության, կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը եւ դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների եւ ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում: Եկեղեցին չի կարող անտարբեր լինել այս վատառողջ երեւույթների նկատմամբ»: ՀԱՐՑ. Ի՞նչ եք մտածում այս ելույթի մասին, արդյո՞ք համամիտ եք:ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանուր առմամբ, հավանել եմ վեհափառի ելույթը, որովհետեւ դա ոչ միայն տոնական ելույթ էր, ողջույնի խոսք, այլեւ անդրադարձ մեր հասարակության համար կարեւոր խնդիրներին: Սակայն, իմ կարծիքով, այդ ելույթում երկու բան բացակայում էր. առաջինը   եկեղեցիները վերամիավորելու եւ հայկական միասնական ուղղագրությունը վերականգնելու խնդիրն է, իսկ մյուսը  միասնական բառամթերքի ստեղծմանը նպաստելու ուղղությամբ  քայլը: Սպասում էի, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դրանց մասին կակնարկեր: Բայց, ընդհանուր առմամբ,  հետաքրքրական էր եւ ուշագրավ: ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ. Ես մասնակցել եմ սփյուռքի համաժողովի  բացման արարողությանը եւ լսել եմ բոլոր ելույթներն անխտիր: Շատ շիտակ եմ համարում Արամ Ա-ի խոսքը: Նա երբեք անտարբեր չի եղել, երբեք կրավորական վերաբերմունք ցույց չի տվել թե՛ մշակութային, թե՛ գրական եւ թե՛ մյուս հարցերի շուրջ: Ես կարծում եմ, որ կաթողիկոսի խոսքը մի քիչ ավելի շեշտված էր անկեղծությամբ: Դա մտահոգ խոսք էր, եւ նա ոչ թե 20-ամյակի առավելություններն ու բացթողումներն է շեշտում, այլ իր խոսքում մտահոգություն ուներ, թե ինչ պիտի անենք մեր երկրում առկա խնդիրները լուծելու համար: Թող մեկը մատը դնի քարտեզի վրա եւ ցույց տա մի պետություն, որտեղ չկա արտագաղթ, կոռուպցիա եւ այլն: Այս ամենի դեմ մենք պետք է պայքարենք միասնության, համախմբվածության միջոցով: Եւ չպետք է անտեսենք մեր ձեռքբերումները, որից ամենամեծը մեր բանակի գոյությունն է: Փառք մեր բանակին, փառք մեր զինվորներին: Գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ




Լրահոս