ԾԵԾԻ ՄԱՍՈՎ ՆՈՐՄԱԼ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության գործողության իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, քանի որ քաղաքացուն ընդամենը ասում են՝ կատարի՛ր Պարետի որոշումները։ Այս մասին երեկ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու է ոստիկանությունը բռնություն գործադրում դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ, եւ արդյոք ՀՀ ոստիկանապետն այդ գործողությունն իրավաչափ է համարում։

 

Ոստիկանապետի խոսքով՝ այն քաղաքացին, ով համակեցության կանոններից, համընդանուր նորմերից եւ մյուս պահանջներից սկսած՝ փորձում է ընդվզել եւ ոստիկանին հրահրելով փորձել ներքաշել ինչ-որ բանի մեջ, ապա այս պարագայում ոստիկանության գործողությունը ճիշտ է։

«Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, անպայման ոստիկանության այդ ծառայողը կպատժվի։ Կարծում եմ՝ ոստիկանն ունի օրենքով ուժ կիարառելու լիազորություն, եւ այդ քաղաքացու մասին ճիշտ չի լինի բարձրաձայնեմ, հատկապես որ իր անձի հետ կապված որոշակի ինֆորմացիա ունեմ»,- ասաց ոստիկանապետը։

Նրա խոսքով՝ ովքեր կխախտեն օրենքը, ոստիկանները, որտեղ կգտնեն դրա պահանջը կա, եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, ապա պետք է ուժ կիրառեն։

«Կներեք, բայց մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում. երբ մենք ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիառելը դիտարկում են բռնություն»,- ասաց Արման Սարգսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ոստիկանության պետ Արման Սարգսյանն անդրադարձավ Գավառի դեպքերին, նաեւ այն դրվագին, երբ իր՝ Գավառում գտնվելու ժամանակ հիվանդանոցում վենդետա էր իրականացվել։ Նա նշեց, որ ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել տեղեկատվությունը։

«Ամբողջ հասարակությունը շուրջ մեկ օր լարված լսում էր, որ երկու մարդու մորթել են, բայց ընդամենը կոկորդ ծակելն ու չորս զոհ ունենալը, վերջում երկու զոհ, նույն բանը չէ։ Ես կարծում եմ՝ լրատվությունը մի փոքր պետք է լինի փաստերի վրա հիմնված եւ ապատեղեկատվություն չպարունակի»,- ասաց նա։

Արման Սարգսյանն ասաց, որ ինքը Գավառում հիվանդանոցի տարածքում չի եղել այդ դեպքի ժամանակ, այնինչ ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել։ Մեր այն հարցին, թե ինչու քավության նոխազ ընտրվեց Գեղարքունքի ոստիկանապետը, Արման Սարգսյանը պատասխանեց: «Գեղարքունքի ոստիկանապետը պետք է կանխատեսեր, որովհետեւ այդ տարածքի օպերատիվ իրավիճակի պատասխանատուն էր»։

Ինչեւէ, ՀՀ ոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե Սյունիքի մարզում ոստիկանների կողմից  քաղաքացիների ծեծի ենթարկելու դեպքերը կապված են արդյոք Սյունիքի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի գործելաոճի հետ, որ նա նախկին իշխանությունների ժամանակ աչքի է ընկել մարդկանց ծեծելով: Ի պատասխան Արման Սարգսյանը հայտնեց. «Սյունիքի մարզում հանցավորության բացահայտման շարժընթացում նկատվում է դրական տեղաշարժ»:

«Դուք Ազիզյանին էլ կապում եք ինձ հետ, որ մենք համակուրսեցիներ ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կուրսում եղել է 280 հոգի։ Առաջին կիսամյակից 280 հոգուց դուրս են մնացել 30 հոգի, հետո մենք ավարտել ենք մոտ 180 հոգով։ Բոլորը ծառայել են ոստիկանությունում»։

Մեր այն պնդմանը, որ Սյունիքի ոստիկանապետը միշտ աչքի է ընկել բռնություն գործադրելով, ոստիկանապետը ասաց. «Ինձ համար հիմք են հանդիսանում տրված իրավական գնահատականները։ Պարոն Ազիզյանի արարքներին՝ թե լավ, թե վատ, տրված են իրավական գնահատականներ։ Նրա նշանակումը եւ պաշտոնավարումը իրականացվում է օրենքի տառին համապատասխան։ Ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում՝ վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար։ Ոչ մեկի պարագայում ես ծեծի մասով նորմալ չեմ համարում»։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ոստիկանական համակարգում կորոնավիրուսով վարակվածների թվին:

Հարցին՝ քանի վարակված կա ոստիկանների շրջանում, Արման Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որքանո՞վ է թույլատրվում ասել… Մոտ 100, բայց էդ 100-ն իր հետեւից բերել է մեկուսացվածների թվի»:

Ոստիկանապետը նաեւ տեղեկացրեց, որ վարակվածների վիճակը կայուն է, նորմալ:

«Ունեցել ենք դեպքեր, որ վիճակը վատ է եղել, բայց հիմա ապաքինվել են»,- հավելեց ոստիկանապետը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԵՂԾ ՓՈՂԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին, ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի եւ տպիչի միջոցով պատրաստում եւ վաճառում է թղթադրամներ, հաջորդ օրը իրացման նպատակով տղայից ձեռք է բերել թվով 3 հատ 20 000 ՀՀ դրամ անվանական արժեքների թղթադրամներ: Նույն օրը իր բնակարանում կոսմետիկ պարագաներ օգտագործելով՝ այդ թղթադրամների վրա տնայնագործական պայմաններում կատարել է ձեւափոխումներ, կեղծել պաշտպանական նշանները՝ այդկերպ պատրաստելով կեղծ թղթադրամներ, որոնք 2020թ. հունվարի 7-ից 21-ն ընկած ժամանակահատվածում դնելով շրջանառության մեջ՝ իրացրել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր առեւտրի կետերում:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 4-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված մարդ կա: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է երիտասարդի ինքնությունը. նա Երեւանի բնակիչ է՝ ծնված 1990թ.: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

 

ՓՐԿԵԼ ԵՆ ԿՆՈՋԸ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չարենցի 18/4 հասցեի մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել 60-ամյա կնոջը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը կնոջը տեղափոխել է հիվանդանոց: Գետը կնոջը քշել է մոտ 15 մետր, այդ պահին նկատել է մի քաղաքացի, մի կերպ կարողացել է բռնել կնոջ ձեռքն ու զանգահարել փրկարարներին: Րոպեների ընթացքում փրկարարները անմիջապես նետվել են գետն ու դուրս բերել կնոջը:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. ապրիլի 4-ին ծնված փոքրիկը 2019 թվականի մարտի 18-19-նը ունեցել է բարձր ջերմություն, ինչի կապակցությամբ երեխայի ծնողները դիմել են «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերություն: Մանկահասակ երեխայի բժշկական հսկողությունը վարող բժիշկը՝ հիշյալ առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է շնչուղիների սուր վիրուսային վարակ, բրոնխիտ, ինչի կապակցությամբ նշանակել է բակտերիալ վարակի դեմ ուղղված բուժում: Բուժման ընթացքում փոքրիկի մոտ բրոնխիտն արդեն իսկ բակտերիալ թարախային թոքաբորբի զարգացումով բարդացած լինելու եւ տեւական ժամանակ 39,1 աստիճան ջերմություն արձանագրված լինելու պայմաններում բուժող բժիշկը խորհուրդ է տվել շարունակել իր կողմից նշանակված բուժումը, այնինչ, ըստ փորձագետի եզրակացության, դրական դինամիկայի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եղել երեխային անհապաղ ուղեգրել ստացիոնար բուժման կամ նշանակել թոքերի ռենտգեն հետազոտություն` թոքաբորբի առկայությունը բացահայտելու նպատակով, կատարել արյան ընդհանուր քննություն, ինչպես նաեւ հետագա սպեցիֆիկ ախտորոշման նպատակային հետազոտություններ: Մինչդեռ 2019թ. մարտի 26-ից մինչեւ նույն ամսվա 29-նն ընկած ժամանակահատվածում երեխայի բուժող բժիշկը փոքրիկին չի ուղեգրել մասնագիտացված կլինիկա եւ չի իրականացրել համարժեք հետազոտություններ ու բուժումներ: 2019թ. մարտի 31-ին երեխայի ծնողները դիմել են «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբույժին, որը հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է «լեյշմանիոզ» հիվանդություն եւ հայտնել, որ անհրաժեշտ է երեխային շտապ տեղափոխել մասնագիտացված՝ Երեւանի «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»: Նույն օրը, սակայն ուշացումով, փոքրիկին բուժող բժիշկն ուղեգրել է մասնագիտացված` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն, որտեղ երեխայի վիճակը վատթարացել է. նրա մոտ զարգացել է լյարդ-երիկամային, թոք-սրտային անբավարարություն, ասցիտ, հիդրոթորաքս, երկկողմանի օջախային թոքաբորբ, հարաճուն պոլիօրգանային անբավարարություն եւ օրգան-համակարգերում անվերադարձ փոփոխություններ, ինչի հետեւանքով երեխան 3 օր անց` 2019թ. ապրիլի 3-ին` ժամը 13:55-ին, մահացել է:

«Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

 




Լրահոս