Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթի անցկացման վերաբերյալ: Դրանց մասակցելու համար դիմումների եւ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է հունիսի 5-ին:
Եվ, ահա, տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում։
Բացի այդ, առաջիկա չորս օրվա ընթացքում, ըստ մրցույթի անցկացման կարգի, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության եւ կարգով սահմանված պահանջներին, որից անմիջապես հետո՝ նշված ժամանակահատվածում, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում կհրապարակվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), որոնց հայտերը բավարարվել են, եւ որոնք կարող են մասնակցել բաց մրցույթներին: Հիշեցնենք նաեւ, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020 թվականի հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը:
Այստեղ նշենք, որ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմին:
Հիշեցնենք, որ ապրիլին խորհրդարանն ամբողջությամբ ընդունել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը: Նշենք, որ այն քրեաիրավական միջոց չէ, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ: Ըստ կառավարության ներկայացրած փաթեթի` Գլխավոր դատախազությունում նախատեսվում է կազմավորել առանձին վարչություն, որը կզբաղվի առերեւույթ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրմամբ:
Փաթեթով հստակեցվում է այդ ստորաբաժանման աշխատակիցների վարձատրության չափերը: Առաջարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը սահմանել 10, ըստ այդմ՝ աշխատավարձը կլինի շուրջ 661 հազար դրամ` հարկերը ներառյալ: Նույն վարչության պետի տեղակալի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9.50, աշխատավարձը կկազմի շուրջ 628 հազար դրամ` հարկերը ներառյալ:
Վարչության ավագ դատախազի աշխատավարձի գործակիցը` 9.25, աշխատավարձը` շուրջ 611 հազար, իսկ դատախազի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9, որի համաձայն՝ աշխատավարձը կլինի 595 հազար դրամ (Հաշվարկն իրականացվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, ըստ որի՝ պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձով, այն 66120 դրամ է):
Մյուս փոփոխությունն այն է, որ առաջարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման դրույթի շրջանակներում սահմանել նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը:
Տեղեկացնենք, որ նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել. գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար: Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը: Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից եւ արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գնդապետ Մհեր Հայրիյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական: Ազատուհի Սիմոնյանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով: Լիլիթ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարների ազատման եւ նշանակման որոշումներ է կայացրել: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտապի պետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Արգիշտի Քյարամյանը: Գնդապետ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Վահե Ղազարյանը: «Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- նշել է վարչապետը:
ԱՌՈՂՋ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել: «Ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք, բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»:
ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. Մարատ Բադալյանին աշխատանքից ազատել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից:
ՀԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շան-Գրիլա» խաղատունը չի գործում արդեն մի քանի ամիս կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ու այնտեղի աշխատողները այդ ժամանակահատվածում զրկվել են աշխատավարձից: Ու, ըստ մեր տեղեկությունների, վերջերս խաղատան տնօրինությունը այնտեղի աշխատակիցներին բոլորին բաժանել է 100 դոլար ու հայտարարել, որ այն ոչ թե աշխատավարձ է, այլ խաղատան գործելուց անմիջապես հետո այն պետք է վերադարձնել: Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ դեռեւս մարտից չաշախատող խաղատան աշխատակիցներն այդքան վնաս են կրել, աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո պարտավոր են այդ գումարը հետ վերադարձնել: Armlur.am լրատվականն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, որը հայտարարեց. «Ես որեւէ տեղեկատվություն բնականաբար չունեմ, «Շանգրի Լան» հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է»:
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ
Այս տարվա ապրիլին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 412 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է թոքաբորբի 802 դեպք՝ չճշտված հարուցիչով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում թոքաբորբի չճշտված հարուցիչով դեպքերը այս տարվա չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավականին նվազել են: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում եթե նախորդ տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է թոքաբորբի 4866 դեպք՝ չճշտված հարուցիչով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի քանակը կազմել է 3831՝ 1035-ով պակաս: Մեր հանրապետությունում թոքաբորբի արձանագրված 3831 դեպքերից միայն 1766-ը արձանագրվել է կանանց մոտ: Պաշտոնական տվյալներով՝ չճշտված հարուցիչով թոքաբորբի 1629 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 490՝ 0-2, իսկ 575-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Նշենք, որ այս տարվա չորս ամիսներին գյուղերում արձանագրվել է թոքաբորբի չճշտված հարուցիչով 1061 դեպք: