«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից: Բանն այն է, որ իրավիճակը չի սահմանափակվելու միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ աշխատանքից ազատմամբ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նոր պետ Օնիկ Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու համակարգում: Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել եւ պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, եւ չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, եւ ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենեւին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, եւ նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից: Ինչպես հայտնի է, Արտակ Դավթյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել էր մայիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր հետու, այն դեպքում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանության վերին օղակներն էլ այդպիսի միջոցառումներ չանելու կոչեր էին հնչեցնում: Եվ, ահա, պարզվում է, որ այդ հարսանեկան արարողության հյուրերի թվում եղել է հենց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը: Ավելին, հարսանիքի ժամանակ վայրի խոզի միս է եղել, որն էլ մատակարարվել է հենց Հարությունյանի կողմից: Ինչեւէ, Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Օնիկ Գասպարյանը Զինված ուժերի կարեւորագույն նշանակություն ունեցող օղակներում եւս կարող է իր մարդկանց նշանակել՝ սակայն ոչ թե շեշտը դնելով մտերմության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա: Ամեն դեպքում, փոփոխությունները գլխավոր շտաբում սկսված են:
Քաղաքական ամառը թեժանում է նաեւ խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված եւ երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին արդեն զգուշացված է, որ պատրաստ լինեն թե՛ այդ նիստին, թե՛ այն հանգամանքին, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու, եւ պատգամավորները, այսպես ասած, ամբողջ օրն անցկացնելու են խորհրդարանում: Նախ՝ այս օրերին դեռ շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, իսկ արդեն հունիսի 16-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է լինելու, եւ բյուջեի կատարողականը քննարկվելու է նաեւ այդ ժամանակ: Եվ չնայած սա վերջին հերթական նստաշրջանն է լինելու, սակայն արտահերթերի պակաս չի լինի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ եւ, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, նոր նախագծերի ընդունման անհրաժեշտությամբ, կիսատ մնացած հարցերի քննարկմամբ: Դեռ ավելին, կախված Վենետիկի հանձնաժողովի պատասխանից՝ չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունների կողմից եւս լուծվի մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ գնալը, հակառակ դեպքում այդ հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին: Այնպես որ, առաջիկայում թեժ օրեր են սպասվում:
ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից: Արդեն հայտնի է, որ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Երեկ խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետեւյալ կերպ. թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, եւ հարմար ավտոմեքենա չեն գտել մինչեւ այժմ, որ տան պաշտոնյային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի կողմից համապատասխան որոշումը կայացվել է վերջերս`հունիսի 5-ին, եւ այդ գումարը հատկացվել է քաղաքի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով: Եւ, որպես վերաբաշխման հիմնավորում, քաղաքապետը ներկայացրել է, թե հաշվի են առել Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գրությունները: Իսկ ի՞նչ գրությունների մասին է խոսքը. ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեղեկացանք, որ վերաբաշխում է կատարվել բազմաթիվ ոլորտներում՝ հանգստի, սպորտի ծառայություններ, զբոսաշրջություն, կոմունալ ծառայություններ եւ այլն: Ստացվում է` մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան 2019թ. հոկտեմբերի 1-ից հանվել է աճուրդի, մեկնարկային գինը 7 մլն դրամ է, սակայն մինչեւ այժմ գնորդ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով: Բանն այն է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչեւ 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Բացի այս, փոփոխությամբ ավելացվում է նաեւ Հայաստանի ներդրումը՝ 5.8 մլն դոլարից մինչեւ 7.9 մլն դոլար։ Ի դեպ, լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղված են տնտեսական աճի եւ ծրագրի մշակման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունը ստորագրվել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից: Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: